Կառավարությունն ու ԱԺ-ն հաշտվեցին, «քավորն» էլ Արարատ Միրզոյանն էր

Կառավարությունն ու ԱԺ-ն հաշտվեցին, «քավորն» էլ Արարատ Միրզոյանն էր
Ընտրական օրենսգրքի մշակման շուրջ կառավարության եւ Ազգային ժողովի միջեւ լարված հարաբերությունները երեկ լիցքաթափվեցին։ Հաշտեցնողի առաքելությունը ստանձնեց կառավարությանն առընթեր Ընտրական օրենսգրքի մշակման հանձնաժողովի նախագահ, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով ՀՀԿ-ի ահազանգով ներկայացել էր քննարկման, որ մեղմի հանձնաժողովի քարտուղար, իրենց լիազոր ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի նախորդ քննարկմանը թողած տպավորությունը։



Հիշեցնենք, որ նախորդ քննարկմանը Իոաննիսյանն Ազգային ժողովի ԸՕ նախագծի աշխատանքային խմբի ներկայացուցիչներին մոտավորապես հասկացրել էր, թե այս քննարկումները կոպեկ չարժեն, քանի որ կառավարությունն արդեն ունի իր հայեցակարգը եւ իր նախագիծն է ներկայացնելու, որը «բազառի առարկա» չի կարող դառնալ։ Պատգամավորներն այդ հայտարարությունն ընդունել էին որպես ծաղր իրենց նկատմամբ, որից հետո հանդես եկան կոշտ հայտարարությամբ՝ ընդհուպ աշխատանքային խմբի աշխատանքները դադարեցնելու մտադրությամբ։ Իսկ սա նշանակում է, որ կստեղծվեր մի նախագիծ, որը, հակառակ Վենետիկի հանձնաժողովի պահանջին, կոնսենսուսային չէր լինի՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով։



Օրինակ՝ ԱԺ ՀՀԿ մեծամասնությունը մեսիջ է հղել, որ նման պայմաններում չի ընդունի ԸՕ նախագիծը, այն ավելորդ կձգձգվի։ ՀՀԿ-ականները նաեւ պահանջել են այլ բանախոսներ ուղարկել ԱԺ՝ փաստարկելով, թե Իոաննիսյանի հետ կարծես լեզու չեն գտնում։ Ներկայանալով քննարկմանը՝ **Արարատ Միրզոյանը** սրբագրեց գործընկերոջ հայտարարությունը՝ ասելով, որ քննարկումների լավագույն ելքը մեկ՝ կոնսենսուսային նախագծի ներկայացումն է․ «Իդեալական տարբերակում, այո, պետք է լինի մեկ նախագիծ։ Այնպես չէ, որ կառավարությունն ունի դիրքորոշում եւ փորձում է պարտադրել մյուս քաղաքական ուժերին, պետք է միասին լավագույն լուծումը գտնենք, որից կշահեն բոլորը»։



Արարատ Միրզոյանը հայտարարեց նաեւ, թե իր համար էական չէ` նախագիծն ԱԺ քննարկմանը կներկայացնի խորհրդարա՞նը, թե՞ կառավարությունը: «Ինձ համար էական է, որ լինի լայն համաձայնություն եւ լավ նախագիծ: Ով կլինի դրա հեղինակը՝ կարեւոր չէ իրականում»։ Եվ նա հույս ունի, որ կունենան այդ կոնսենսուսը։ Քննարկմանը ներկա էր նաեւ Դանիել Իոաննիսյանը, ում ակնհայտորեն ստիպել էին փոխել վարքագիծը․ նա ավելի բարյացակամ էր տրամադրված գործընկերների նկատմամբ, թեպետ ավելի բուռն բովանդակային քննարկում էր ընթանում, քան նախորդ հանդիպմանը։ Նա նախորդ քննարկմանը ներկայացրել էր կառավարության առաջարկները, երեկ դրանք շարունակվեցին ընդհատված կետից։



Առանցքային առաջարկն ԱԺ կոալիցիա կազմելու համար կուսակցությունների թվի սահմանափակումը վերացնելու մասին էր: Գործող կարգով թույլատրվում է կոալիցիա կազմել 3 ուժի հետ։ Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Ընտրական օրենսգիրքը պետք է երաշխավորի կայուն մեծամասնության ձեւավորումը: Իսկ նոր Սահմանադրության պահանջով ընդունված նոր ԸՕ 97-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ԱԺ ընտրություններից հետո «վեց օրվա ընթացքում ընտրական արգելապատնեշները հաղթահարած ցանկացած կուսակցություն (կուսակցությունների դաշինք) կարող է քաղաքական կոալիցիա կազմել ընտրական արգելապատնեշները հաղթահարած այլ, առավելագույնը երկու կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը ստանալու համար, եւ նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ»: **Իոաննիսյանն** առաջարկեց հանել թե՛ քաղաքական ուժերի, թե՛ ժամկետների վերաբերյալ սահմանափակումները։



Սակայն ԱԺ աշխատանքային խմբի ՀՀԿ-ական ներկայացուցիչ **Դավիթ Հարությունյանը** հակադարձեց, թե այս մոտեցումը հանգեցնելու է անկայունության: Քանի որ եթե ինչ-որ կուսակցություն ստացել է մի քիչ ավելի պակաս քվե, որպեսզի միայնակ մեծամասնություն ձեւավորի, մյուս տրոհված փոքրիկ ուժերը, որոնք մեծ հեղինակություն չունեն, ստանում են 5% կամ, ինչպես առաջարկվում է՝ 4%, արդյունքում գումարվում են ընդդեմ մեծի եւ կոալիցիոն իշխանություն ձեւավորում: «Բայց ինչքանով նրանց ձեւավորած իշխանությունը կլինի կայուն, նման քայլով անկայուն քաղաքական համակարգի նախադրյալներ ենք ստեղծում,- ասաց Հարությունյանը՝ ասվածը նկարագրելով օրինակով։- Դիցուք, 13 կուսակցություններ 4 խմբակցությունում կարող են միավորվել եւ դառնալ մեծամասնություն, բայց դա կայուն չի դիտվի, եւ մի փոքր ուժի դուրս գալն ամբողջ այդ համակարգը փլուզելու է: Իսկ դրա հավանականությունը մեծ է»:



ՀՅԴ-ական **Արմեն Ռուստամյանը** միացավ կառավարության առաջարկին՝ նա նույնպես կողմ էր սահմանափակումների վերացմանը: Սակայն այս անգամ **Արփինե Հովհաննիսյանը** փորձեց բացատրել, որ անգամ արդարության տեսակետից առաջարկն ընդունելի չէ։ «Նույնիսկ արդարության տեսակետից հիմնավոր չէ, որ 45 տոկոս ձայն ստացած ուժը դառնա ընդդիմություն, սակայն 4-5-ը միավորվեն, դառնան իշխանություն, միանգամայն հնարավոր վիճակ եմ ներկայացնում»,- ասաց նա: Արտահերթ ընտրություններին «50+1» հավաքելու ակնկալիքների մասին հայտարարած «Ծառուկյան դաշինքում» առավել հակված են ՀՀԿ-ի մոտեցմանը։ **Սերգեյ Բագրատյանի** համար երկու տարբերակն էլ քննարկելի է: «Բայց չպետք է արգելափակել արհեստականորեն, որեւէ սահմանափակում արդարացված չէ ազատ կամարտահայտման դեպքում, որ 45%-անոց ուժին չի կարող երեք 15 տոկոսը հաղթահարել: Իհարկե, քննարկման առիթ կա մեծամասնության կայունության առումով»։ Սակայն նրա թիմակից **Նաիրա Զոհրաբյանի** համոզմամբ, սահմանափակման վերացման փաստը երկիրը, խորհրդարանը կտանեն պերմանենտ ցնցումների:



«Բոլորը ծրագիր են ներկայացնում` ինչպես են կառավարելու: Այն ուժը, որ ստանում է առավելագույն քվե, նշանակում է, որ նրան են քվեով վստահում: Մինչդեռ ժամանակին, երբ ՀՀԿ-ի իշխանությունը նախաձեռնում էր այս փոփոխությունը, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը դժգոհում էր, թե տեսականորեն եւս իշխանափոխության հնարավորությունը վերացվում է։ Այս տարբերակով անհասկանալի աջաբսանդալ կարող է դառնալ եւ երկիրը տանել անկայունության»,- ասաց նա: «Ելք» խմբակցության պատգամավոր **Ալեն Սիմոնյանն** էլ նկատեց, թե ոչ մեկի համար իշխանությունը պահելու խնդիր չպետք է չլինի։ «Այս ամեն ինչն անում ենք, որ «ՔՊ»-ն չմնա հավերժ իշխանություն, նպատակը ժողովրդավարացումն է: Եթե 15%-ները միավորվեն ու 45-ին գցեն, թող անեն: Եթե մեկ տարի հետո ընտրություն պետք է լինի, թող անեն»,- ասաց նա: Կառավարության հանձնաժողովը մտադիր է կանանց քվոտան մեծացնել՝ դարձնելով 30 տոկոս՝ 20-ի փոխարեն:



Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչները երկուշաբթի կառավարությունում կհանդիպեն դիտորդական առաքելություններ իրականացրած ՀԿ-ների, արտախորհրդարանական կուսակցությունների հետ։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**