Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական ա տվել, ուրեմն գիտի՝ ինչի համար ա տվել

Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական ա տվել, ուրեմն գիտի՝ ինչի համար ա տվել
ՀՀ ԶՈՒ գխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից Վիգեն Սարգսյանի հրամանով ազատված գեներալ Հայկազ Բաղմանյանին հունիսի 14-ին հանդիպեցինք Մոսկվայում՝ Հաղթանակի թանգարանում, ԽՍՀՄ մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը։ Պաշտոնաթող գեներալը, ում անվան հետ բազմաթիվ սկանդալային պատմություններ են կապվում, հոժարակամ պատասխանեց մեր հարցերին։



**- Ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հեղափոխությանը։**



Ժողովուրդը ո՞նց ա վերաբերվում, ի՞նչ ա նշանակում՝ ես ոնց եմ վերաբերվում, եթե ժողովուրդն ա հեղափոխություն արել, ուրեմն՝ դրական։



**- Վերջերս ազատվեցիք պաշտոնից, մամուլում բազմիցս գրվել է Ձեր մասնակցությամբ կոռուպցիոն գործարքների մասին, Նիկոլ Փաշինյանն էլ հիմա հակակոռուպցիոն արշավ է սկսել։ Դուք որեւէ մտավախություն ունե՞ք։**



Ես որեւէ մտավախություն չունեմ, էդ մասին 1994-95 թվականից գրում են, եթե կան փաստեր, թող ներկայացնեն համապատասխան մարմիններ, թող զբաղվեն։



**- ԱԱԾ-ն զբաղվում է հիմա, հնարավո՞ր է Ձեզ էլ հասնեն։**



Թող զբաղվի, իմ հետ կապված ես տեղյակ չեմ, մի գրամ չեմ կասկածում, որ կարող է…



**- Ձեր կողմից երբեւէ հերքվե՞լ են այդ հրապարակումները՝ չարաշահումների, վառելիքի յուրացման եւ այլնի մասին։**



Իհարկե, հերքվել են։ Վառելիքն էդ ի՞նչ ա, բա՞ն էր, որ վերցրեցիր դրեցիր գրպանդ։ Կամ՝ ո՞վ իրավունք ունի բանակի վառելիքին ձեռք տա։



**- Փաստերը, թերեւս, նրանք են, որ Դուք հսկայական ֆինանսական կարողություն ունեք։**



Իսկ ո՞վ ասեց, որ ունենք, մենակ դուք եք ասում։



**- Դե, գազալցակայաններ (ավելի ճիշտ՝ բենզալցակայան, դա վրիպում էր մեր կողմից) ունեք, շքեղ մեքենաներ…**



Գազալցակայաններ չունեմ, շքեղ մեքենաներ ունեմ… մեքենաներ չէ՝ մեքենա։



**- Porsche Panamera՝ օրինակ։**



Porsche Panamera-ն՝ էդ Ձեր ասած 150 հազար դոլարանոց, ընդամենը արժի 30 հազար դոլար, այսինքն՝ 10 մլն դրամ։ Էդ ով որ ասում ա 150 հազար դոլար, թող գա 130 հազարով տամ իրան, 80 հազարն էլ մուծի բյուջե։



**- Լավ, ներկայիս բանակի ղեկավարությանն ինչպե՞ս եք վերաբերվում՝ նախարարին, գլխավոր շտաբի պետ…**



Դրական, բոլորին էլ ճանաչում եմ, շատ լավ գիտեմ, դրական։



**- Ձեր անվան հետ բազմաթիվ բիզնեսներ են կապվում՝ խեցգետնի արտահանում եւ այլն, ՊՆ-ում տենդերների հարցերում էլ է Ձեր անունը շրջանառվում**։



Էդ կապելը հիմա ո՞ւմ հետ չեն կապում որ, Ձեր հետ էլ են կապում, մյուսի հետ էլ են կապում, համապատասխան մարմիններ կան, վաղուց զբաղվել են, հիմա էլ զբաղվել են։



**- Ապրիլյան պատերազմի ժամանակ այդ ամենը ջրի երես ելավ, երբ տեսանք, որ տանկերում վառելիք չկա, զինվորներին նորմալ զենք չեն մատակարարել…**



Բայց ո՞վ ա ասել, որ տանկերում վառելիք չկար։ Նիկոլ Փաշինյանն էնտեղ ա եղել, թող ասի՝ տանկերում վառելիք եղե՞լ ա, թե՞ չէ։ Տենց բան ո՞նց կարելի ա ասել։



**- Բայց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում էր, որ վառարանային վառելիք է ներկրվել…**



Կարեն Կարապետյանին հարց տվեք, ինձ մի տվեք դրա մասին, որովհետեւ ես գիտեմ, որ 100 տոկոս եղել ա։



**- Դուք Սերժ Սարգսյանի մտերիմներից եք, նրա հրաժարականն ինչպե՞ս ընդունեցիք։**



Դրական։ Սերժ Սարգսյանն իմ մտերիմ ընկերն ա, այսինքն՝ ի՞նչ պիտի լինի, դրանից մտերիմ լինո՞ւմ ա։



**- Ժողովրդի պահանջն արդարացի՞ էր, որ պետք է Սերժ Սարգսյանը հեռանա։**



Սերժ Սարգսյանն էն մարդն ա, որ եթե նա հրաժարական ա տվել, ուրեմն գիտի՝ ինչի համար ա տվել։



**- Ուրեմն սխալնե՞ր է թույլ տվել, հեռանալիս ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի։**



Դե, էդ արդեն կարելի ա իրան հարցնել։ Բայց եթե ինքը հրաժարական ա տվել, ուրեմն նորմալ երեւույթ ա, ի՞նչ կա։ Ինչի՞ եք մտածում, որ մարդ 100 տարի պիտի լինի նախագահ կամ վարչապետ։



**- Նրանից դժգոհ էր ժողովուրդը, ասում էին՝ երկրում արդարություն չկա, կոռուպցիոն չարաշահումներ կան, արդարադատությունը չի գործում, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է։ Դուք տեսնում եք՝ Մոսկվայում ինչ մեծ հայ համայնք կա, նրանց մեծ մասն արտագաղթել է Հայաստանից։**



Դուք ինչ ա, մտածում եք՝ մենակ ինքն ա, հա՞, նախագա՞ն պիտի դրա համար պատասխան տա։ Դրա համար համապատասխան նախարարություններ կան, վարչություններ կան, բոլորն էլ պիտի պատասխան տան։ Բայց ինչի՞ եք դուք ամեն անգամ սաղ ասում՝ Սերժ Սարգսյան, Սերժ Սարգսյան, ղեկավարը մեղավո՞ր ա, որ ներքին օղակներում ինչ-որ մեկը կարա, ասենք, լավ մարդ չլինի։



**- Բայց Սերժ Սարգսյանը փորձառու քաղաքական գործիչ էր, նա չէ՞ր տեսնում, թե ովքեր են իր շրջապատում։**



Սերժ Սարգսյանը հո չի՞ աշխատել ամբողջ 10-15 հազար ծառայողների հետ։



**- Դրա համար հատուկ ծառայություններ կան՝ ԱԱԾ, վերահսկողական ծառայություն…**



Ում որ գտել են, կամ ի հայտ ա եկել, պատժել են։



**- Ձեր խիղճը հանգի՞ստ է, պարոն Բաղմանյան, Դուք որեւէ սխալ թույլ չե՞ք տվել, այնպիսի սխալ, որը կարող է ժողովրդի ցասումն առաջացնել**։



Ոչ, ոչ, իմ խիղճը հանգիստ ա, միանշանակ՝ հանգիստ ա։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**