ԱԺ-ն քննարկում է Ելիզավետա Դանիելյանի՝ ՍԴ անդամ դառնալու հարցը

ԱԺ-ն քննարկում է Ելիզավետա Դանիելյանի՝ ՍԴ անդամ դառնալու հարցը
Ազգային ժողովում այսօր քննարկում են Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը: Նշենք, որ ՍԴ անդամի թեկնածու Էմիլ Բաբայանն նախորդ անգամ խորհրդարանը չընտրեց, նրա դեմ քվեարկած ձայներն ավելի շատ էին։ Հիմա նոր թեկնածու կա, ով առաջադրվել է Դատավորների ընդհանուր ժողով կողմից՝ Ելիզավետա Դանիելյանը։ ՍԴ դատավորի թեկնածուին ներկայացնելու համար ամբիոնին մոտեցավ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խուդկարյանը:



Վերջինս նախ ներկայացրեց դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ անդամի թափուր տեղի համար թեկնածուի ընտրության կարգը․ «Հայաստանի Սահմանադրության 213-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են հաջորդաբար՝ Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և կառավարությունը: Վկայակոչված սահմանադրական դրույթին համապատասխան, նկատի ունենալով, որ Սահմանադրական դատարանի դատավորի ակնկալվող թափուր տեղի համար, ըստ հաջորդաբար առաջադրման սկզբունքի, հերթական առաջադրումը պետք է իրականացվի դատավորների ընդհանուր ժողովի կողմից, ապրիլի 19-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է Սահմանադրական դատարանի նախագահի գրությունը, որով տեղեկացվել է, որ 2018թ. հունիսի 16-ին պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով դադարելու են Սահմանադրական դատարանի դատավոր Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունները:



Նշված գրությունը հիմք ընդունելով՝ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատարը ձեռնամուխ է եղել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության գործընթացը կազմակերպելուն: Մայիսի 18-ին հրավիրվել է դատավորների ընդհանուր ժողով, որին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի բոլոր դատավորները, ովքեր էլեկտրոնային եղանակով ծանուցվել են գալիք ժողովի և դրա օրակարգի վերաբերյալ»:



Խուդկարյանը տեղեկացրեց նաև, որ միաժամանակ առաջարկվել է ընտրություններին ինքնաառաջադրված կամ այլ դատավորների կողմից առաջադրված դատավորների առկայության դեպքում ներկայացնել իրենց թեկնածությունները: «Ստացվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի կողմից ներկայացված գրությունը նույն պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունն առաջադրելու և Վարչական դատարանի նախագահի և նույն դատարանի 5 դատավորների ներկայացրած գրությունը նույն դատարանի դատավոր Արման Դիլանյանի թեկնածությունն առաջադրելու համար: Երկու թեկնածուներն էլ իրենց կենսագրական տվյալներով, անձնական հատկանիշներով և մասնագիտական որակներով համապատասխանում են սահմանված պահանջներին: Մայիսի 18-ին հրավիրված դատավորների ժողովում նոր թեկնածուներ չեն առաջադրվել: Դատավորների ընդհանուր ժողովին մասնակցել է 175 դատավոր: Դատավորների ընդհանուր ժողովը մինչ քվեարկությունը թեկնածուներից յուրաքանչյուրին ելույթով հանդես գալու հնարավորություն է ընձեռել: Քվեարկության արդյունքներով Ելիզավետա Դանիելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 88, Արման Դիլանյանի թեկնածությանը՝ 87 դատավոր»,- ասաց նա՝ նշելով, որ Դատավորների ընդհանուր ժողովը քվեարկության հաջորդ օրն Ազգային ժողովին Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:



Այնուհետև խոսքը փոխանցվեց թեկնածուին։ ՍԴ անդամի թեկնածու Ելիզավետա Դանիելյանն ասաց, որ իր համար մեծ պատիվ է խորհրդարանի ամբիոնից հանդես գալ որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու և շնորհակալություն հայտնեց իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար: «Այս ընտրոքւթյունն ինձ հնարավորություն է տալիս շարունակել իմ ներդրումն ունենալ Հայաստանի արդարադատության, տվյալ դեպքում՝ սահմանադրական արդարադատության իրականացման բարդ և պատասխանատու գործում, նպաստել Սահմանադրության գերակայությանը, շարունակել ծառայել մեր ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Դանիելյանը: Այս պահին ընթանում է ՍԴ անդամի թեկնածուի և պատգամավորների միջև հարցուպատասխանը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**