Ռեկտորները պետք է պատրաստ լինեն նման իրավիճակների․ Աննա Հակոբյան

Ռեկտորները պետք է պատրաստ լինեն նման իրավիճակների․ Աննա Հակոբյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության հրավերով այսօր այցելեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Նրան հարց ուղղեցինք, թե ինչպե՞ս է գնահատում ԵՊՀ-ում ծավալված վերջին իրադարձությունները, երբ «ԵՊՀ Ռեստարատ» նախաձեռնության անդամները համալսարանում բողոքի ակցիաներ էին իրականացնում, ռեկտորին փակել էին իր սենյակում՝ պահանջելով նրա հրաժարականը։Առաջին տիկինը, պատասխանելով մեր հարցին, ասաց, որ ուսանողների կողմից նման դրսևորումները նորմալ են, իսկ ռեկտորները պետք է պատրաստ լինեն նման պահանջներին․



«Բնականաբար, սա էն դեպքն է, որ չեմ կարող բացասական պատասխան տալ, որովհետև ուսանողները այն սերուցքն են, որ վաղվա քաղաքացի ու քաղաքական դաշտի հիմքն են լինելու, մտավորականությունն են դառնալու մեր երկրի, և եթե մեր ուսանողները ճնշված լինեն և չկարողանան իրենց խոսքը, իրենց բողոքը արտահայտել, լուրջ խնդիր կլինի մեր երկրի և մեր անվտանգության համար, եթե կուզեք։ Ամբողջ աշխարհում ուսանողները ամենաակտիվն են, ամենաբունտայինն են, այսպես ասած, և նրանց ղեկավարները՝ ռեկտորները, պետք է պատրաստ լինեն նման իրավիճակների, պետք է պատրաստ լինեն և ֆիզիկապես, և հոգեպես։ Ես ցավում եմ, որ Արամ Սիմոնյանը առողջական խնդիրներ ունեցավ, հուսամ նա շուտ կկազդուրվի, բայց նրանք պետք է պատրաստ լինեն, որ ուսանողները միշտ պետք է պայքարեն իրենց իրավունքների համար, և ռեկտորատն էլ պետք է պատրաստ լինի այնպես աշխատել, որ մաքսիմալ գոհացնի ուսանողներին»,- մեր հարցին ի պատասխան ասաց Աննա Հակոբյանը։