Արդյոք Բաքվին պետք է, որ Ղարաբաղը վերադառնա Ադրբեջանի կազմ՝ հայացք Բաքվից

Արդյոք Բաքվին պետք է, որ Ղարաբաղը վերադառնա Ադրբեջանի կազմ՝ հայացք Բաքվից
Հայտնի ադրբեջանցի լրագրող եւ հասարակական գործիչ Շահին Ռազաեւը վերջրես հրապարակել է բավական ուշագրավ հոդված «Ինչ կլինի, եթե Ղարաբաղը վերադառնա» վերնագրով, որը ներկայացնում ենք թարգմանաբար, առանց կրճատումների եւ սրբագրումների:



«Ինչ կլինի, եթե Ղարաբաղը վերադառնա Ադրբեջանի կազմ: Փորձենք պատկերացնել թե ինչպես է դա հնարավոր: Ու կթռչեն հոտած ձվերն ու պոմիդորները տողերի հեղինակի վրա հակամարտող երկու կողմերից էլ: Ադրբեջանցի ընթերցողը կասի՝ ինչպես թե եթե վերադառնա: Բայց արդյոք այն երբեւէ հեռացել է: Ոչ մեկ դա չի ճանաչել՝ նույնիսկ Հայաստանը: Հայ ընթերցողն էլ կասի երեւի՝ հեղինակը հաստատ ֆանտաստիկա սիրում է, քանի որ Արցախի ժողովուրդն իր ճակատագիրը արդեն որոշել է: Հարգելի ընթերցողներ, պահպանեք ձեր ձվերն ու պոմիդորները: Կարիք չկա դրանք սպառելու միայն վերնագրի համար, քանի ողջ տեքստը եթե կարդաք, ապա ձվերի եւ պոմիդորների քանակության կարիքը հաստատ կզգաք: Եվ այսպես, ուսումնասիրենք այն սցենարը, որը թեկուզեւ հայ ընթերցողի համար ֆանտաստիկ է, ադրբեջանցու համար՝ դավաճանական, երբ Լեռնային Ղարաբաղը եւ հարակից շրջանները վերադառնում են Ադրբեջանի կազմ: Ադրբեջանում, երբեւէ եթե նման սոցհարցում անցկացվի, ապա բնակչության մեծ մասն այդ վերադարձը տեսնում է ռազմական ճանապարհով: Այո, դա ռեւանշիզմ է: Նույնպիսի ռեւանշիստական մարմաջ, ինչպիսին ուներ Գերմանիան Վերսալից հետո: Վերսալյան համաձայնագիրը չէր լուծել բոլոր խնդիրները Եվրոպայում, այնպես, ինչպես բիշքեքյան եւ կազիմիրյան համաձայնագրերը չեն լուծել Ղարաբաղի խնդիրը եւ պարզապես հեռվացրել են դրա լուծումը: Այլ է հարցը, թե որքանով է իրատեսական Ղարաբաղի՝ ռազմական ճանապարհով վերադարձը: Միայն հիմարը կարող է սեփական սխալների վրա սովորել՝ իմաստունը սովորում է միայն իր հարեւանի սխալների, կոնկրետ դեպքում՝ Վրաստանի սխալների վրա, որը նույնպես ունի համանման տարածքային խնդիրներ եւ փորձել է արդեն դրանք լուծել ռազմական ճանապարհով: Որեւէ դրոշի ծածանում Ստեփանակերտի վրա, իմ կարծիքով, չի լուծի հակամարտությունը, ինչպես չի լուծել հակամարտությունը Ադրբեջանի յոթ շրջանների նվաճումը: Տարածքային նվաճումների մեթոդիկան որպես ձեւ հակառակորդի վրա ճնշում բանեցնելու վաղուց արդեն մնացել է 19-րդ դարում: Ուստիեւ ժամանակ չկորցնենք եւ փորձենք միայն պատկերացնել, թե ինչպես է հնարավոր վերադարձնել Ղարաբաղը խաղաղ ճանապարհով: Ադրբեջանի իշխանությունները առաջարկում են Լեռնային Ղարաբաղին ամենալայն ինքնավարությունը Ադրբեջանի կազմում: Թե ինչ է նշանակում այդ ամենալայն ինքնավարությունը, դեռեւս չի պարզաբանվել, սակայն բանակցային բրիֆինգներում մոտավոր հնչել են, ասենք ինչպես Թաթարստանն է կամ Թրիեստը կամ Ալանդյան կղզիները: Այս երեք մոդելներից ամենալայն ինքնավարությունը Ալանդյան կղզիներինն է: Այն քննարկվել է անցյալ դարի իննսունականներին: Պատկերացնենք, որ կողմերը պայմանավորվել են եւ Ադրբեջանի կազմում Ալանդյան ինքնավարության մոդելի համաձայն Լեռնային Ղարաբաղին տրվել է ինքնավարություն: Այդ դեպքում



Ա. Ղարաբաղը կունենա վետո-ի իրավունք Ադրբեջանի կողմից կնքած ցանկացած միջազգային պայմանագրի հանդեպ: Ասենք օրինակ, եթե վաղ Ադրբեջանը ցանկանա ինչ որ միություն կնքել Անկարայի հետ: Առանց Ղարաբաղի համաձայնության նա դա անել չի կարողանալո՞ւ:



Բ. Հայոց լեզուն դառնալու է երկրորդ պետական լեզու: Ցանակացած էթնիկ հայ իրավունք կունենա Ադրբեջանի պետական հիմնարկություններին դիմել հայերեն լեզվով եւ պահանջել, որ իր դիմումին պատասխանեն հենց հայերեն լեզվով: Ադրբեջանում դրան արդյոք պատրաստ են:



Գ. Բաքվի կենտրոնում, ամենագեղեցիկ շինություններից մեկում, որը հնարավոր է, որ Բաքվի հայ ճարտարապետների ստեղծագործությունը լինի, բացվելու է ԼՂՀ ներկայացուցչությունը իր գերբով եւ դրոշով: Ադրբեջանի Միլլի Մեջլիսում էլ լինելու է հատուկ քվոտա ԼՂՀ հայկական բնակչության համար: Իշխանությունները չգիտես թե ինչու այս հնարավորությունների մասին լռում են:



Խոսենք գերբի, դրոշի եւ չակերտների մասին: Անձամբ իմ համար այդ ամենը նորմալ է: Եթե նույնիսկ ֆուտբոլային ակումբն ունի իր գերբը, դրոշն ու օրհներգը, ապա ինչու առանձին ռեգիոնը չպետք է ունենա դա, այն էլ եթե ինքնավար է: Թող Նախիջեւանի Հանրապետությունն էլ ունենա իր առանձին գերբը դրոշն ու օրհներգը»,- գրում է հեղինակը նկատելով, որ նույնիսկ եթե հաշտության համաձայնագիր կնքվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա, ապա արդյոք Բաքվում, Գյանջայում եւ մյուս քաղաքներում Ադրբեջանի պատրաստ են հետ ընդունելու տասնյակ հազարավոր հայ փախստականներին այն դեպքում, երբ ինքնավար հանրապետության ճանաչումը շատերի համար արդեն խնդիր է: Ադրբեջանական իշխանությունները չեն խոսում նաեւ այս խնդիրների մասին: Հոդվածում խոսվում է նաեւ ադրբեջանական հասարակության մեջ առկա հայատյացության դրսեւորումների մասին եւ հանրագումարի բերելով ու ուսումնասիրելով նաեւ միջազգային ասպարեզում համանման մյուս հակամարտությունները, ամփոփում, որ ոչ այսօր եւ ոչ էլ մոտ ապագայում չկա հեռանկար, որ Ղարաբաղը կարող է վերադառնալ Ադրբեջանի կազմ եւ դա պետք էլ չէ Ադրբեջանին իրականում: