Ծիրանը չեն մթերում

Ծիրանը չեն մթերում
Թավշյա հեղափոխությունը փաստի առաջ է կանգնեցրել Արարատի մարզի այգետերերին, ծիրանը հասել է, իսկ գնորդներ կա՛մ չկան, կա՛մ աննախադեպ ցածր գին են առաջարկում: Սուրենավան, Արմաշ գյուղերից մեզ տեղեկացրել են, որ «Սպայկա» բեռնափոխադրող խոշոր ընկերությունը հրաժարվում է թանկ գնով ծիրան մթերել, քանի որ դա իրեն ձեռնտու չէ:



Գուցե նաեւ նոր իշխանությունները մաքսային այլ գին են սահմանել, ինչը չի եղել նախկինում, ու իրենք չեն ուզում վնասով աշխատել եւ որոշել են սպասել, մինչեւ ծիրանն էժանանա: Հիմա փոքր բեռնափոխադրող ընկերություններն ու անհատներն են ծիրան մթերում: Եթե անցած տարիներին ծիրանի վաճառքի մեկնարկային գինը կիլոգրամի դիմաց  800-1000 դրամ էր, այս տարի 500 դրամից ավելի չեն առաջարկում, իսկ գյուղացիները ստիպված պետք է վաճառեն, քանի որ ծիրանը երկար պահել հնարավոր չէ:



Հիմա նրանք ակնկալում են կառավարության միջամտությունը, որ չստացվի այնպես, որ ծախսերն էլ չհանեն: «Սպայկայի» լրատվության պատասխանատու Էդվարդ Անտինյանը մեզ վստահեցրեց, որ ընկերությունն ամեն տարի ծիրան մթերել է եւ այս տարի նույնպես մթերելու է, թե երբ՝ կոնկրետ չասաց, այլ հարցերի վերաբերյալ էլ ասաց, որ լիազորված չէ պատասխանելու: