Քաղբանտարկյալների առկայությամբ արդար ընտրությունների մասին խոսելն ավելորդ է․ Կարապետ Ռուբինյան

Քաղբանտարկյալների առկայությամբ արդար ընտրությունների մասին խոսելն ավելորդ է․ Կարապետ  Ռուբինյան
_Hraparak.am-ի հարցերին պատասխանում է ԱԺ նախկին փոխնախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Կարապետ Ռուբինյանը։_



**-Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո հայտարարել է Արցախի Հանրապետությունը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու մասին։ Ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած քաղաքական ուժը ի՞նչ քայլեր պետք է անի այդ ուղղությամբ։ Ներկա աշխարհաքաղաքական դասավորությունը տալի՞ս է այդ հնարավորությունը։**



-Անկախ այն բանից, թե ինչ ճանապարհով է ձևավորվել իշխանությունը, այս հակամարտությունում, ինչ իշխանություն էլ լինի, կհաջողի, եթե ուժեղի դիրքից հանդես գա: Անշուշտ, այս հեղափոխության արդյունքում վերականգնվեց Հայաստանի՝ որպես ժողովրդավար երկրի իմիջը, սակայն միայն բարոյական առավելությունը բավարար չէ: Ուժեղ, մրցունակ տնտեսություն ու հզոր բանակ՝ սրանք են այն հաղթաթղթերը, որոնցով հնարավոր կլինի հասնել ցանկալիին:



**-Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԵԱՏՄ պետությունների ղեկավարների՝ մայիսի 14-ին կայացած նիստին, հայտարարել ՌԴ-ի հետ հարաբերությունները զարգացնելու մասին, մասնավորապես՝ ռազմարդյունաբերության ոլորտում։ Սպասվո՞ւմ է ՀՀ-ՌԴ հարաբերությունների վերաֆորմատավորում։**



Այժմյան Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաֆորմատացման տխուր փորձ ունեն ԱՄՆ-ն ու Եվրոպան: Մեզ համար էլ հեշտ չի լինելու: Բոլորս գիտենք, որ մեր միջպետական հարաբերություններում սիրուն խոսքերի շղարշի տակ թաքնված են սյուզերեն-վասալական հարաբերությունները: Գիտենք նաև, թե ինչ պատժամիջոցների տակ է այժմ Ռուսաստանը, և դրանց արդյունքում ինչ բարդություններ կարող են լինել մեզ համար:



Այս իրավիճակում, անցումային շրջանում իմաստ չունի խոսել վերաֆորմատավորման մասին: Պետք է աշխատել ճկուն քաղաքականություն բանեցնելով, շարունակել համագործակցությունը և, ի տարբերություն նախորդ ռեժիմի, փորձել, առանց թշնամանալու հաստատակամորեն հետապնդել ոչ թե սեփական, այլ երկրի շահը համագործակցության բոլոր ոլորտներում:



**-Նիկոլ Փաշինյանի կադրային նշանակումներում կայի՞ն Ձեզ համար անակնկալներ։**



-Միակ տհաճ անակնկալը ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակումն էր: Հիմա այս ու այն կողմից դրական կարծիքներ եմ լսում նրա մասին: Ներողություն, բայց ինձ հեչ չի սփոփում այն միտքը, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը իմ ու հազարավոր այլ քաղաքացիների սահմանադրական իրավունքները տարիներ շարունակ, կոպտորեն ոտնահարել է «կենցաղում համեստ, ազնիվ, պրոֆեսիոնալ» մեկի միջոցով:



Ինչի համար, ի դեպ, մեդալ է ստացել անձամբ բռնապետից: Մյուս նշանակումների համար ասեմ, որ ողջունում եմ երիտասարդ, բանիմաց, թարմ ուժերի ներգրավումը և հուսով եմ, արդեն նախադրյալներն երեւում են, որ լավ թիմային աշխատանք կլինի:



**-Որո՞նք են այն առանցքային խնդիրները, որոնց լուծումն առաջնահերթ է կառավարության համար։**



-Արտահերթ, արդար, թափանցիկ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումն է այս անցումային կառավարության գերխնդիրը: Բնականաբար քաղբանտարկյալների առկայությամբ արդար ընտրությունների մասին խոսելն ավելորդ է, ուրեմն օր առաջ քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծվի: Օրենսդրսկսն փոփոխություններն են կարևոր՝ Ընտրական օրենսգրքում, «Կուսակցությունների» մասին օրենքում և մի շարք այլ օրենքներում:



Բայց դա էլ բավարար պայման չէ, պետք է վերահսկողության տակ առնել, մաքրել ու ամրապնդել իրավապահ համակարգը, որպեսզի դրա միջոցով արմատախիլ արվի տարիների ընթացքում ձևավորված ընտրակեղծարար համակարգը: Եթե այս ամենի հետ մեկտեղ հաջողվի ազատականացնել տնտեսությունը, ապահովել տնտեսական աճ, ամրացնել բանակը, գերազանց կլինի:



**Թագուհի Հակոբյան**