Կոչ են անում բոլոր ուժերին` համախմբվել

Կոչ են անում բոլոր ուժերին` համախմբվել
Հայաստանում քաղաքական բանտարկյալների զորակցության Փարիզի կոմիտեն տարածել է հետեւյալ հայտարարությունը․ «2018 թ. ապրիլի 17-ին, մինչ կեղծված ընտրությունների արդյունքում իշխանության անցած Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է նշանակվում ՝մնալով այսպիսով իշխանության գլուխ պաշտոնավարման երրորդ ժամկետում, փողոցում շարունակվում են ընթանալ քաղաքացիական անհնազանդության եւ բողոքի զանգվածային գործողությունները։



Մենք, հավաքված Փարիզում Հայաստանի դեսպանատան առջեւ, մեր զորակցությունն ենք հայտնում Հայաստանում թափ առած համաժողովրդական շարժմանը։ Եվ հույս ենք հայտնում, որ Հայաստանում մոտ 30 տարի ի վեր իշխող օլիգարխիկ համակարգի դեմ պայքարող բոլոր ուժերը համախմբվեն։Այո, կոչ ենք անում այդ բոլոր ուժերին համախմբվել, քանի որ իշխող համակարգի դեմ իրական հաղթանակ տանելու միակ նախապայմանն է դա։ Եվ այդ համախմբման առաջնահերթ պահանջներից՝ Սերժ Սարգսյանի ու մյուս բոլոր՝ երկրի ղեկին նստածների հեռացումին զուգահեռ, պետք է լինի բոլոր քաղաքական բանտարյալների ազատ արձակումը, ինչն էլ նախերգանքը կհանդիսանա մի իրական եւ բացարձակ իշխանափոխության։ Այսօր մենք համընդհանուր մոբիլիզացիայի կոչ ենք անում, լինի դա Հայաստանում թե սփյուռքում, դատապարտելու համար ոստիկանության կողմից ցուցարարների դեմ բիրտ ուժի կիրառումը եւ պահանջում ենք բերման ենթարկված ցուցարարների անհապաղ ազատ արձակումը»։