Բաց թողնված հերթական հնարավորությունը

Բաց թողնված հերթական հնարավորությունը

Մեկ ամիս անց Նիկոլն ու ՔՊԿ-ականները տոնելու են հերթական հաղթանակը Հայաստանի նկատմամբ: Ճիշտ է, այս անգամ՝ ձեւականորեն միայն մայրաքաղաքի շրջանակներում: Սակայն հաշվի առնելով Երեւանի առանցքային դերը՝ դա կլինի հաղթանակ ողջ պետության նկատմամբ: Ինչը չի կարող չնպաստել Նիկոլի ակտիվացմանն Արցախն Ադրբեջանի կազմում ներառելու գործընթացում: Որովհետեւ մայրաքաղաքի ավագանին իրենով անելը կհանգեցնի գործող իշխանության լեգիտիմության չափաբաժնի ավելացմանը: Եվ վաղուց կորսված «դուխով»-ի՝ թեկուզ կիսով չափ վերածնմանը հայրենիքի զգացողությունից զուրկ նիկոլականների պայքարում՝ ընդդեմ արցախցիների: Հատկապես, որ իրենց թիկունքին անընդհատ զգալու են վարչապետի պաշտոնից կառչած անձի եւ միջազգային հանրություն կոչված անդեմ երեւույթի աջակցությունը:

Որպես ընդդիմադիր, բնականաբար, կողմ կլինեի ներկայացված գործընթացի տապալմանը: Բայց դրա համար անհրաժեշտ էր, որ խորհրդարանական ընդդիմությունը միանար: Եվ գոնե մայրաքաղաքի կառավարման առումով կյանքի կոչեր իշխանափոխության եւ ոչ թե իշխանության համար պայքարի՝ ՀՀ երրորդ նախագահի կոչը: Եվ հենց նրա ղեկավարած կուսակցությունը կարող էր դառնալ այն միջուկը, որի շուրջ կհամախմբվեր ընդդիմադիր զանգվածը: Իսկ կուսակցության համար էլ այդ միջուկը կարող էր դառնալ քաղաքական հալածյալ, տվյալ պահին՝ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը: Եվ դա կարող էր փոխհատուցել կորսված ժամանակի գործոնը: Ինչը, բնականաբար, աշխատում է հօգուտ գործող իշխանության: 

Եվ այդ գաղափարը պետք է ծնվեր ոչ թե «Հրապարակ»-ի լրագրողի ուղեղում, այլ հենց հանրապետականների շրջանում: Եվ ծնվեր հենց այն պահին, երբ քաղաքական հալածյալ Աշոտյանը վերածվեց քաղբանտարկյալի: Ինչ մնում է տվյալ գաղափարի՝ հենց իր կողմից մերժելուն, ապա պետք է խոստովանեմ, որ նրա գրիչը սուր է, եւ ինքն էլ՝ մայրենի լեզվի գիտակ: Սակայն, միաժամանակ, չեմ կարող չասել, որ մերժման բովանդակային մասը չի դիմանում տրամաբանական քննադատության: Այն բաղկացած է «1+3» կետից, կարճ անցնեմ դրույթների վրայով: Առաջին․ Հայաստանի եւ Արցախի առաջնահերթ խնդիրների լուծմանը որեւէ օգուտ չի կարող տալ Ավինյանի՝ քաղաքապետ դառնալը: Սակայն նրա չդառնալը կարող է սահմանափակել Արցախի առումով գործելու Նիկոլի ազատությունը, ինչի մասին արդեն ասվել է վերեւում:

Երկրորդ․ Երեւանի ավագանու ընտրությանը քաղաքական լրջություն չհաղորդելու առումով համաձայն կլինեի, եթե խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը միասնաբար հայտարարեր չմասնակցության մասին: Հենց գոնե չմասնակցության եւ ոչ թե բոյկոտի, քանի որ բոյկոտը շատ ավելի բարդ գործընթաց է եւ դժվար իրականանալի: Բայց դա տեղի չունեցավ: Ավելին, «Հայաստան»  խմբակցության անդամ Անդրանիկ Թեւանյանը, ժամանակի ընթացքում իր շուրջը համախմբելով կուսակցական եւ անկուսակցական համակիրների, հայտարարեց մասնակցության մասին: Եվ, միաժամանակ, խմբակցությունից դուրս գալու մասին: Երրորդ․ ցանկանա պարոն Աշոտյանը, թե ոչ,  հասարակությունը զբաղվելու է Երեւանի ընտրություններով՝ որքան էլ դրա ընթացքում կախաղանը շարունակի սեղմվել Հայաստանի եւ Արցախի շուրջ: Եվ չորրորդ․ եթե Ավինյանի ֆանտազիաները «հարամ անելը» համընկներ նրան չսիրող որոշ բարձրաստիճան ՔՊԿ-ականների ցանկությանը, ապա դա հաստատ վնաս չէր տա ընդդիմության գործին: Ընդհակառակը, հասարակությանը ցույց կտար, որ երեւանյան ընտրողները մերժում են նիկոլականին՝ դրանով մերժելով հենց Նիկոլին: Բայց դա, ցավոք, տեղի չունեցավ, եւ բաց թողնվեց նիկոլականներից ազատվելու հերթական հնարավորությունը: