Ադրբեջանն աշխարհին ասում է` եթե թույլ չտաք սովամահ անենք արցախահայերին, դա կանենք զենքի ուժով

Ադրբեջանն աշխարհին ասում է` եթե թույլ չտաք սովամահ անենք արցախահայերին, դա կանենք զենքի ուժով

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունը համարում էր, որ լուծել է Արցախի հարցը`Արցախ այլեւս գոյություն չունի, Արցախի շրջափակված եւ դեռեւս չօկուպացված հատվածի եւ այնտեղ բնակվող արցախահայության հարցն իր ներքին հարցն է,  աշխարհը եւս համակարծիք է Ադրբեջանի հետ՝ համարելով, որ Արցախի հարցը վերջնականապես փակված է: Ալիեւի այդ համոզումն ավելի ամրապնդվեց, երբ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Պրահայում ԵՄ նախագահ Շառլ Միշելի միջնորդության արդյունքում Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը: Դրանից հետո Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ կրկնեցին Փաշինյանի՝ «Արցախն Ադրբեջան է, եւ վերջ» թեզը, ցույց տալու համար, որ այդ հարցում իշխանության ներսում կա ընդհանրական մոտեցում: Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված դիմումը մի փոքր շեղում է ընդհանուր գծից, քանի որ Հայաստանի իշխանությունը, փաստորեն, միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին: Ադրբեջանն անհանգստացած է՝ մտահագություն ունենալով, որ նման քայլերը ձգձգում են Արցախի վերջնական կլանումը, բայց համոզված է, որ, անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի ԱԽ-ն, դա խոչընդոտ չի լինի՝ իրագործելու Արցախի ոչնչացումը: 

Հայաստանի իշխանությունն օգոստոսի 12-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմեց Հայաստանի եւ Արցախի հասարակական ճնշման ազդեցության տակ՝ պահանջելով, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության լիակատար շրջափակման հետեւանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի: Ադրբեջանը սա ընդունեց որպես մարտահրավեր. ստացվում է, որ չնայած հավաստիացումներին, որ Հայաստանն Արցախը համարում է Ադրբեջանի տարածք, Հայաստանի իշխանությունն իր այս քայլով միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին՝ առնվազն ձգձգելով Արցախի հայաթափումը: Եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ինչ-որ որոշում կայացվի՝ Արցախի բնակչությանն անհապաղ հումանիտար օգնություն տրամադրելու կամ Լաչինի միջանցքը բացելու հետ կապված, սա կնշանակի, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրները եւս միջամտում են Ադրբեջանի ներքին գործերին: Ալիեւը, ով պատերազմում հաղթանակ տանելուց հետո ցույց է տալիս, որ ինքը համարյա գերտերության առաջնորդ է եւ որեւէ մեկին թույլ չի տա իր հետ պարտադրանքի լեզվով խոսել, չի դադարեցնի Արցախի շրջափակումը, որովհետեւ դա կարող է դիտվել որպես թուլության նշան:
Ընդհակառակը՝ Ադրբեջանը Հայաստանի այդ քայլին պատասխանում է նոր պատերազմի կամ առնվազն ռազմական գործողության նախապատրաստման անոնսով: Վերջին 2-3 օրերի ընթացքում Ադրբեջանը նախ սկսեց ավելի հաճախակի մեղադրել Հայաստանի բանակին եւ Արցախի զինված ուժերին՝ հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, իսկ նախորդ օրը Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրեց Արցախում իբրեւ թե ռազմական նախապատրաստություններ իրականացնելու մեջ: «Վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի տարածքում ապօրինի տեղակայված Հայաստանի զինված ուժերն ակտիվացրել են ռազմաինժեներական եւ այլ ռազմաշինարարական աշխատանքները։ Վերջին օրերին Հայաստանի զինված ուժերի սպառազինության, այլ զինտեխնիկայի եւ անձնակազմի մեծածավալ կուտակումներ են նկատվում՝ Ադրբեջանի հետ չսահմանազատված սահմանի երկայնքով հերթական ռազմական արկածախնդրությունն իրագործելու նպատակով»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում: Ի պատասխան՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունն արդարացավ, որ Հայաստանն Արցախում բանակ չունի, իսկ Արցախի ՊԲ-ն սա գնահատեց որպես նոր ռազմական սադրանք իրականացնելու նախապատրաստություն:
Ադրբեջանը չի էլ թաքցնում այդ նախապատրաստությունը, քանի որ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր «ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով նախատեսված բոլոր օրինական միջոցներով»: Ադրբեջանի իշխանություններն ուզում են միջազգային հանրությանն ասել, որ եթե դուք միջամտեք մեր ներքին գործերին եւ թույլ չտաք՝ մենք դանդաղ սովամահ անենք արցախահայությանը, մենք դա կանենք զենքի ուժով` վերջնականապես փակելով այդ հարցը, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ որեւէ երկիր կամ միջազգային կառույց չկարողանա քննարկել Արցախի հետ կապված նույնիսկ հումանիտար բնույթի հարցեր:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում թերեւս միայն Մեծ Բրիտանիան է, որ կարող է օգտագործել վետոյի իր իրավունքը, եթե քննարկվի որեւէ բանաձեւ, որն Ադրբեջանը կհամարի իր շահերը ոտնահարող: Մյուս կողմից, եթե անգամ ընդունվի այնպիսի մի բանաձեւ, որը կարող է դուր չգալ Ադրբեջանին, Ադրբեջանը կարող է համարել, որ կարող է անտեսել եւ համարել կատարման համար ոչ պարտադիր, որովհետեւ այդ երկրի իշխանությունները սիրում են կրկնել, որ Հայաստանը 25 տարի ոտնահարում էր ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերը, որոնցով պահանջվում էր հայկական ուժերի շուտափույթ դուրսբերումն Ադրբեջանի տարածքից: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ցանկացած բանաձեւ իրական իմաստ է ստանում, երբ ԱԽ անդամ երկրներից որեւէ մեկն իրական շահագրգռվածություն ունի՝ այն կյանքի կոչելու: Մնացած բոլոր դեպքերում այդ բանաձեւերը մնում են որպես թղթի կտոր, առավելագույնը՝ սփոփանք` սեփական իրավացիության ճանաչման: Այնպես որ, մենք եւս ՄԱԿ-ի ԱԽ քննարկումից եւ ընդունվելիք բանաձեւից մեծ սպասումներ չպետք է ունենանք, ինչպես որեւէ իրավական հետեւանք չունեցավ Լաչինի միջանցքը բացելու մասին

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: 
Առանց հարկադրանքի արդարադատություն գոյություն չունի, իսկ այս պահին Հայաստանն անուժ է արդարադատություն իրականացնելու, առավել եւս` հարկադրանքի միջոցներ կիրառելու համար:

Ավետիս Բաբաջանյան