Տենց հարցեր եք տալիս, ջղայնացնում եք. Դավիթ Բաբայան

Տենց հարցեր եք տալիս, ջղայնացնում եք. Դավիթ Բաբայան
Առավոտյան ողբերգական լուր ստացվեց, որ Արցախում «Նիվա» մակնիշի ավտոմեքենա է ականի վրա պայթել, ինչի հետեւանքով 3 հոգի զոհվել է, կան վիրավորներ։ Բնականաբար մեր առաջին գործն եղավ պարզել, թե ինչ է կատարվել, ինչպես։ Եթե ականազերծողներ են տուժողները, ինչպես են հայտնվել ականապատված դաշտում։ Այն էլ՝ մեքենայով։ Դա ինչ է նշանակում՝ հայտնի չի՞ եղել, որ տարածքն ականապատված է, թե՞ ականազերծողներն անփույթ են գտնվել եւ հայտնվել են արգելված տարածքում։ Իսկ գուցե՝ տարածքի ականապատված լինելու մասին նշումներ չեն եղել, ինչն արդեն Արցախի զինված ուժերի բացթողումը կարող է լինել եւ այլն։ Այս եւ այլ հարցերի մասին տեղեկանալու նպատակով կապվեցինք Արցախի ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի հետ, ով միանգամից տարանջատվեց միջադեպից․ «Դեպքը բանակի հետ կապ չունի։ Զոհվածները միջազգային կազմակերպության աշխատակիցներ են, որոնք զբաղվել են ականազերծմամբ»։ Եւ փոխանցեց, որ զոհվածներն ու վիրավորները բրիտանական «Հելո թրասթ» կազմակերպության աշխատակիցներ են եղել։



Մենք կապվեցինք նաեւ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ, ով շատ արագ բորբոքվեց, հունից դուրս եկավ ու սկսեց վիրավորել մեզ։ Ահա մեր երկխոսությունը․



-**Պարոն Բաբայան, Արցախում այսօր ականի պայթյունից 3 ականզերծողներ են զոհվել, ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել, անփութությա՞ն, թե՞ մեկ այլ բանի հետեւանքով**։



-Ունենք զոհ, կարեւորը դա է, անփութություն է, բան է, տենց հարցեր եք տալիս, ջղայնացնում եք, անհարմար չե՞ք զգում Ձեզ։



-**Չէ, ինչի՞ անհարմար զգանք, ուզում ենք իմանալ՝ ինչպես է դեպքը պատահել։ Չհարցնե՞նք**։



-3 հոգի զոհ է տվել, դու ասում ես՝ անփութությո՞ւն է, թե ի՞նչ է, չե՞ք ամաչում դուք։ Ուրեմն, լսեք, սա ականազերծում է, սա բարդ գործ է։ Չեք կարա ասեք՝ անփութություն է, թե անփութություն չէ, ամոթ չե՞ք անում, 3 ընտանիք ողբերգություն է ապրում, դուք անփութություն եք խոսում ստեղ։



-**Մի գոռացեք, ինչու եք գոռում**։



-Ոնց չգոռամ, ամոթ չե՞ք անում, չեմ հասկանում, որտեղի՞ց եք զանգում դուք Բաքվից եք զանգում։ Դու պիտի ասես՝ զոհ ա, ցավակցում եմ, ամոթ չես անո՞ւմ, որ ասում ես՝ անփութություն ա, թե չէ։





**ՀԳ.** Մենք սովոր ենք պաշտոնյաների շահարկումներին, հատկապես՝ Արցախի թեմայով։ Սովոր ենք նաեւ նրանց կատաղության նոպաներին։ Բայց սա արդեն նոր դրսեւորում է՝ երբ լրագրողի տարրական հարցերից վրդովվում են ու հայտարարում՝ «Բաքվից եք զանգում»։ Իսկ ցավակցել, ոչ թե Բաբայանին պետք է ցավակցենք, այլ զոհվածների հարազատներին, ինչը մենք կանենք առանց Դավիթ Բաբայանի խորհրդի էլ, ում պարտականությունների մեջ մտնում է լրագրողների հարցերին բարեխիղճ ու հանդարտ պատասխանելը, այլ ոչ թե հիստերիայի մեջ ընկնելը։