Աղմկահարույց օրենքներից դեռ ոչ մեկը նորմալ չի գործում

Աղմկահարույց օրենքներից դեռ ոչ մեկը նորմալ չի գործում
ՀՀ ազգային ժողովի վերջերս ընդունած մի շարք օրենքները մի կողմից հավակնոտ էին, մյուս կողմից՝ աղմկահարույց․ ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը, գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնողների շրջանակն ընդլայնող, նաեւ հայտարարագիր չներկայացնելը քրեականացնող օրենքը, անանուն ազդարարի ինստիտուտի ներդրման, ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքները եւ այլն։ Հակակոռուպցիոն օրենքներն ուժի մեջ են մտել անցյալ տարվա հուլիսի 1-ից, մյուսները՝ այս տարվա հունվարի 1-ից։ Մենք փորձեցինք հասկանալ, թե այս օրենքներն ուժի մեջ մտնելուց ի վեր որքանո՞վ են սկսել կիրառվել։ Պարզվեց՝ օրենքների, տնտեսագետների լեզվով ասած՝ մուլտիպլիկատիվ էֆեկտը դեռ չի զգացվում։



Օրինակ՝ ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքի ընդունումից հետո նման քանի՞ դեպք է բացահայտվել, մամուլի քանի՞ հրապարակման են ընթացք տվել, երբ կարդացել են, որ այսինչ պաշտոնյան իր համեստ աշխատավարձով դղյակներ է կառուցել, հսկայական կարողություն դիզել։ Ոչ մի։ Դավիթ Հարությունյանը պատճառաբանում է, թե օրենքը ողջ ծավալով կգործի, երբ ստեղծվի կոռուպցիայի կանխարգելման մարմին։ Նրա տեղակալ, այս ոլորտը համակարգող Սուրեն Քրմոյանն էլ դժվարացավ որեւէ օրինակ նշել։ «Ես չեմ կարծում, եթե լինեն էլ՝ շատ քիչ, որովհետեւ առաջինը, որ հունվարի 1-ից մտել է՝ ազդարարի ինստիտուտը, դա ռեալ կսկսի աշխատել հուլիսի 1-ից, երբ ստեղծվի էդ էլեկտրոնային պլատֆորմը։ Իսկ հայտարարագրերի օրենքը երբ որ ընդունվեց, անցյալ տարվա հայտարարագրերը տվել են, իսկ էս տարվանն էլ ժամկետը մինչեւ մարտի 30-ն է։ Ինձ թվում է՝ ճիշտ կլինի դրան ավելի ուշ անդրադառնանք, որովհետեւ դեռ շատ մարդիկ իրենց հայտարարագրերը չեն տվել։ Ես ինքս էլ դեռ չեմ հասցրել ներկայացնել»։ Այսինքն՝ ինքը պիտի հին ու նոր հայտարարագրերը համեմատի, որ տեսնի՝ տվյալ մարդն ապօրինի հարստացում ունի՞, թե՞ չունի։ «Դա էլ արդեն դատախազությունից պիտի ճշտվի»,- ասաց պարոն Քրմոյանը։



Նույն կիսատ-պռատ վիճակն է նաեւ մյուս օրենքների հարցում, օրինակ՝ անանուն ազդարարի մասին օրենքի, որը ՀՅԴ-ական Անդրանիկ Կարապետյանը համարել էր «գործ տալու» ինստիտուտ։ Օրենքն ուժի մեջ է մտել հունվարից, բայց «գործ տվողները» դեռ չեն կարող դրանից լիարժեք օգտվել, քանի որ 2018-ի հուլիսի 1-ից նոր պետք է azdarar.am կայքում գործի էլեկտրոնային այն հարթակը, որով քաղաքացիները կկարողանան անանուն հայտնել պաշտոնյաների կոռուպցիոն գործարքների մասին։ Բայց դատախազությունից մեզ ասացին, որ քաղաքացիները, ինչպես առաջ, հիմա էլ կարող են իրենց փոստին նամակ ուղարկել եւ հայտնել նմանատիպ դեպքերի մասին։ Մյուս՝ ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքն էլ է հունվարի 1-ից ուժի մեջ մտել։ Բայց այս օրենքի հարցում էլ ենթաօրենսդրական ակտերի մշակման, մեխանիզմների ներդրման խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն։



«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հանրային կապերի պատասխանատու **Զարուհի Հովհաննիսյանն** ասաց, որ օրենքի իրավակիրառ պրակտիկային հետեւելու տեսանկյունից դեռ շուտ է գնահատական տալը, որովհետեւ բազմաթիվ այլ ակտեր պիտի ընդունվեն։ «Օրինակ, թե ինչպես պետք է կատարվի նմանատիպ անձանց ե՛ւ նույնականացումը, ե՛ւ օգնությունը, ե՛ւ ապաստարանների տրամադրումը, ինչպես են գործելու ճգնաժամային կենտրոնները եւ այլն։ Դեռեւս Հայաստանում չկա էդ ծառայությունների համար մշակված համակարգ, օրենքի ընդունումն ինքն ուղղակի ենթադրում կամ նպաստում է, որպեսզի այդ ծառայությունները սկսեն ձեւավորվել, եւ համակարգը սկսի աշխատել»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը՝ նշելով, որ հիմա այդ աշխատանքներն են ընթանում։ Նշենք, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» այս օրենքի դեմ իր կոշտ դիրքորոշումն էր արտահայտել՝ նշելով, որ իր համար ոչ ընդունելի մի շարք դրույթներ եւ հասկացություններ են տեղ գտել օրենքում։



Ստացվում է, որ օրենքն ուժի մեջ է մտել, բայց ընտանեկան բռնության ենթարկված քաղաքացին դեռեւս չի՞ կարող լիարժեք օգտվել դրանից։ Զարուհի Հովհաննիսյանն ասաց․ «Քաղաքացին, այսպես թե այնպես, ահազանգում է ոստիկանություն, որ իր հանդեպ տեղի է ունեցել բռնություն, եւ ոստիկանությունը կարող է օգտվել իր ունեցած լծակներից եւ պաշտպանական որոշակի մեխանիզմներ իրականացնել»։ Իսկ եթե ապաստարան տեղափոխելու խնդիր առաջանա, ի՞նչ են անելու։ «Նույնկերպ է լինելու, ինչ որ անցյալում, որովհետեւ պետական ապաստարաններ դեռեւս մենք չունենք, բայց ունենք ՀԿ-ների կազմում գործող ապաստարաններ, ոստիկանությունն ուղղակի ուղղորդում է այդ ապաստարանները»,- ասաց մեր զրուցակիցը։ Ամեն դեպքում, իրենք դեռ մոնիտորինգ չեն արել եւ տվյալներ չունեն՝ ոստիկանություն քանի քաղաքացի է այս օրենքի ընդունումից հետո դիմել, եւ ինչ վիճակագրություն կա այս հարցում։ Իրենց էլ է հետաքրքիր, թե ինչ կասեն ոստիկանությունից։ Իսկ ոստիկանությունից ոչ մի կոնկրետ բան չնշեցին․ «Այո, դիմողներ կան, ահազանգեր գրանցվում են, ոստիկանությունն էլ համապատասխան աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ»։





**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**