Փաստաթուղթ ստորագրելու նպատակ չէինք հետապնդում

Փաստաթուղթ ստորագրելու նպատակ չէինք հետապնդում
Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը մարտի 6-ին հնգօրյա աշխատանքային այցով մեկնել էր ԱՄՆ։ Բարեկամական խմբի կազմում էին ՀՀԿ-ից Արփինե Հովհաննիսյանը, ով պատվիրակության ղեկավարն էր, Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը, «Ծառուկյան դաշինք» խմբակցությունից՝ Նաիրա Զոհրաբյանը, «Ելք»-ից՝ Էդմոն Մարուքյանը։ Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում հանդիպումներ են ունեցել Վաշինգտոնում եւ Նյու Յորքում տարբեր պաշտոնատար անձանց ու կառույցների ղեկավարների հետ, նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների։ Թեեւ կարծիք կա, որ հանդիպումները կայացել են երկրորդական կարգի պաշտոնյաների հետ, եւ Կոնգրեսում էլ ԱԺ պատվիրակությանն ընդունել է միայն հայկական հանձնախումբը։



Այս այցն ԱՄՆ-ում որակեցին «պատմական»։ Եվ «պատմական» այցի օրերին, ճակատագրի հեգնանքով, թերեւս, հարցազրույց տվեց ու Հայաստանում «կոռուպցիայի»՝ պատմական արմատներից բխող կոշտ քննադատություն հնչեցրեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը։ Թե ինչ արդյունքներ են տվել այդ հանդիպումները, ով է եղել ամենաբարձր ու ազդեցիկ պաշտոնյան, ում հանդիպել են, որքանով էր այցը պատմական, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ **Արփինե Հովհաննիսյանի** հետ։ Նրա խոսքով՝ սա խորհրդարանական դիվանագիտության պատմության մեջ բազմակուսակցական ֆորմատով եւ նման լայն սպեկտրի հանդիպումներով առաջին այցն էր Միացյալ Նահանգներ։



«Եվ այս տեսանկյունից պիտի նշեմ, որ այցն իրականում հաջողված էր։ Բավականին շատ հանդիպումներ ենք ունեցել ամենատարբեր պետական մարմիններում եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։ Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարությունում հանդիպել ենք պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով առաջին փոխտեղակալ Էլիզաբեթ Միլարդի հետ, որի հետ հնարավորություն ենք ունեցել քննարկել ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հնարավորություն ենք ունեցել հանդիպել դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսի, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ։ Հանդիպումներ են եղել նաեւ Սպիտակ տանը, USAID-ի ղեկավարության հետ։ Էսպես ասեմ՝ ես չէի ցանկանա առանձնացնել որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի, որովհետեւ ԱՄՆ քաղաքական համակարգի շերտավորման մեջ յուրաքանչյուր պետական մարմնում, ըստ էության, հանդիպել ենք բարձր մակարդակի պաշտոնյայի հետ»,- ասաց պատվիրակության ղեկավարը։



-**Այդ այցը որակվեց պատմական, ինչո՞վ էր այն պատմական**։



-Թերեւս առաջին հարցի շրջանակներում անդրադարձա «պատմական» այդ եզրույթի օգտագործմանը եւ այցը պատմական որակելուն, կարծում եմ՝ առաջին հերթին հենց նրա համար, որ, նորից եմ կրկնում, խորհրդարանական դիվանագիտության պատմության մեջ, առհասարակ, նման ձեւաչափով եւ նման որակի հանդիպումներով առաջին նման այցն էր։ Ես վստահ եմ, որ լավ հիմքեր ենք դրել, որպեսզի պատմական որակված այցն իրականում հնարավորություն ունենա Հայաստան-Ամերիկա հարաբերությունների պատմության կերտման առումով իր լուման ունենալ։



-**Այցի ծախսերն ո՞ւմ կողմից են կատարվել՝ ամբողջությամբ ՀՀ պետբյուջեի՞, ո՞վ էր հրավիրողն ու նախաձեռնողը, որքա՞ն գումար է ծախսվել այս գործուղման վրա․ վստահ եմ՝ տեղյակ եք**։



-Նախորդ տարի սեպտեմբերին Հայաստան էին այցելել ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը եւ բարեկամական խմբի անդամները։ Մեր այցի հրավերը եղել է Կոնգրեսի կողմից, ծախսերը կատարվել են պետական բյուջեով, այդ նպատակի համար նախատեսված գումարների հաշվին։ Որքան էլ որ վստահ եք, այդուհանդերձ, հստակ չափից տեղյակ չեմ։ Դա ԱԺ աշխատակազմի իրավասության տիրույթում է։



-**Մշտապես խոսվում է, որ պատգամավորների գործուղումները կրում են զբոսաշրջային բնույթ եւ որեւէ էական օգուտ չեն տալիս երկրին։ Կասե՞ք, թե ինչով է այս այցն իր էֆեկտիվությամբ փոխհատուցելու կատարված ծախսերը, եւ հանդիպումների ընթացքում որեւէ կարեւոր համաձայնագիր, փաստաթուղթ ստորագրվե՞լ է**։



-Ես համոզված եմ, որ այս այցն արդյունավետ է եղել։ Փաստաթուղթ ստորագրելու նպատակ չէինք հետապնդում այս այցելության ընթացքում, բայց բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ամենատարբեր կառույցներում համագործակցությունների խորացման եւ կոնկրետ ծրագրեր իրականացնելու առումով։ Եվ կարծում եմ, որ, այս պահին փակագծեր չբացելով հանդերձ, այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելը պետք է արդարացնի ցանկացած ներդրում, որը կատարվել է այս այցի համար։ Եվ, առհասարակ, արտաքին հարաբերությունների վրա կատարված որեւէ ներդրում՝ ծախսի տեսքով, արդարացված է, որովհետեւ անչափ կարեւոր են մարդկանց հետ անձնական շփումները, ինստիտուցիոնալ բնույթի հարաբերություններ հաստատելը։



-**Ինչպե՞ս ընդունեցին ձեզ հայ համայնքի ներկայացուցիչները։ Գաղտնիք չէ, որ ԱՄՆ հայ համայնքում ընդդիմադիր տրամադրություններ կան ՀՀ իշխանությունների ու նրանց վարած քաղաքականության նկատմամբ, եւ վերջերս էլ տարբեր առթիներով ցույցեր էին անում՝ ընդդեմ ՀՀ իշխանություններին։ Ձեր այցի ընթացքում ցույցեր, պաստառներ, նմանատիպ «ընդունելություն» եղե՞լ է**։



-Բնականաբար, մեր հայրենակիցները կարող են ունենալ տարբեր հարցադրումներ, բայց ուզում եմ ասել, որ թե՛ Վաշինգտոնում եւ թե՛ Նյու Յորքում հնարավորություն ունեցել ենք տեղական հայ կազմակերպությունների ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու։ Բացարձակապես որեւէ ցույց կամ պաստառ կամ, ինչպես Դուք եք ասում, «նմանատիպ ընդունելություն» չի եղել, շատ լավ, առողջ, կառուցողական քննարկում է եղել հայ-ամերիկյան օրակարգի եւ այդ օրակարգում միասնաբար հանդես գալու անհրաժեշտության շուրջ։



-**Ձեր այցը համընկավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հերթական կոշտ քննադատությունների հետ՝ Հայաստանում կոռուպցիոն վիճակի վերաբերյալ**։



-Նախ ուզում եմ առիթն օգտագործել եւ Ռիչարդ Միլզին իմ երախտագիտությունը հայտնել իր ներդրման համար այս այցի կազմակերպման հարցում, որովհետեւ ինքը եւս նպաստել է այս այցի կայացմանը։ Ինչ վերաբերում է կոռուպցիոն վիճակի վերաբերյալ Միլզի հայտարարություններին, ապա ծանոթ եմ դրանց, առիթներ ունեցել եմ տարբեր ձեւաչափերով արձագանքելու։ Կարծում եմ, որ կոռուպցիան ինչպես Հայաստանում, այնպես էլ ցանկացած երկրում, խնդիր է։ Բայց մենք այդ ուղղությամբ քաղաքական կամք դրսեւորել ենք ու դրսեւորում ենք՝ շարունակելու բարեփոխումները երկրում, դրանց արդյունքներն արձանագրելու, տեսնելու եւ կիրառելու։ Վստահ եմ, որ պարոն Միլզը չի կարող չնկատել այն բարեփոխումները, որ երկրում իրականացվում են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում։ Միեւնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ հայ-ամերիկյան օրակարգը չի կարող հանգել բացառապես կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներին, այն շատ ավելի բազմաբովանդակ է եւ բազմավեկտոր։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**