Մի ամբողջ կյանք

Մի ամբողջ կյանք
Համարյա ամեն օր ես տեսնում էի նրանց: Մարդաշատ զբոսայգում, որտեղ նրանք քայլում էին ձեռք ձեռքի: Եվ միակ տարեց զույգն էին: Անսովորն այն էր, որ նրանք կլինեին մոտ 70 տարեկան: Ի՞նչ էին մտածում երիտասարդները, նայելով նրանց՝ իրենց կյանքի վերջին օրե՞րն էին գեղեցկացնում…



Քայլում էին դանդաղ և հանդիսավոր: Իրենց վատ չէին զգում. և ինչի համար պետք է վատ զգային: Երբեմն կանգ էին առնում, հայացքներ նետում այս ու այն կողմ և շարունակում իրենց ուղին: Երիտասարդական այս ողջ շարժման և եռուզեռի մեջ նրանք այնքա՜ն փխրուն և անպաշտպան էին թվում: Եվ միևնույն ժամանակ այնքա՜ն ուժեղ իրենց սիրո մեջ: Ես փորձում եմ պատկերացնել, թե ինչ են զգում նրանք: Ինչի՞ մասին են զրուցում: Իրենց անցած կյա՞նքն են հիշում, թե՞ երիտասարդական բուռն տարիները, երբ կյանքն այնքան պայծառ էր ու այնքան հեռանկարային: Միգուցե նրանք կյանքի ու մահվան իմաստասիրական հարցե՞րն էին քննարկում: Թե՞ օտար ափերում բնակվող իրենց զավակների մասին: Իսկ միգուցե և նրանք չունեի՞ն որևէ մեկը, որ կարող էր սատար լինել նրանց իրենց կյանքի վերջին տարիներին: Հնարավոր է իհարկե, որ նրանց մտերմացնում է նաև այն զգացողությունը, որ շուտուվ լքելու են այս երկիրը և այդ տխուր հույզերը մի այլ կապվածություն են հաղորդում նրանց:



Սակայն չգիտես ինչու, ամենից շատ ես վստահ էի, որ նրանք պարզապես գեղեցկացնում են իրենց կյանքի մնացած ժամանակը: Իսկ բոլոր դեպքերում այնքա՜ն գեղեցիկ ու հուզիչ էին նրանք՝ այդ տարեց զույգը, որ նման էր ալեծուփ օվկիանոսում միայնակ նավարկող փոքրիկ ու անպաշտպան նավակի: Երեխաների նման նրանք միմյանց ձեռք էին բռնել և ոչ մի քայլ չէին հեռանում իրարից: Ինձ թվում էր, որ նրանց ներկայությունը մի այլ հմայք էր հաղորդում այդ երկար ծառուղուն, որ տարածվում էր հսկա ծառերի մեղմ ծփանքի ներքո, երիտասարդական եռանդուն քայլքի և մանկական զրնգուն ծիծաղի ու աշխույժ զրույցների մեջ: Մարդիկ ինչու՞ և ե՞րբ սովորեցին, որ միմյանց ձեռք բռնած կարող են զբոսնել միայն երիտասարդները, սիրահարները կամ երեխաները: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեր տարեցներն այլևս կիսվելու ոչինչ չունեն: Հատկապես՝ սիրո փորձառություն: Իսկ չէ որ հենց տարիների բեռն է, որ կենսական փորձառություն է պարգևում նրանց և աճեցնում սերը, որը տարիների հետ ավելի ու ավելի է նմանվում գինու և ավելի թնդանում:



Ինչու՞ մեր տարեցներն իրենց ժամանակի մի մասը չեն հատկացնում երիտասարդական հիշողություններին, իրենց հանդիպումների հրաշալի ժամանակներին, այլ գերադասում են անշարժանալ նարդու, ֆուտբոլի խաղերի առջև, հարևանա - հարազատական հավաքների շուրջը, որոնք ինքնին վատ բաներ չեն, սակայն երբ վերածվում են կյանքի նպատակի, դառնում են հարաբերությունների արգելակ: Ո՞վ է ներշնչել այն միտքը, որ այդ տարեցները պետք է դառնան երիտասարդների կցորդը, նրանց ընտանիքների ընդամենը մի պտուտակը, թեկուզ նույնիսկ՝ կարևոր պատուտակը: Ո՞վ է ասել, որ նրանց հարաբերություններն այլևս չեն կարող զարգանալ, որ այլևս չեն կարող սիրել և նորովի վերակառուցել իրենց կյանքը: Չեն կարող վայելել կյանքը նորովի, նոր, ավելի հարուստ ու խոր փորձառություններով: Ընտանիքը սիրո դպրոց է: Հասուն և օրինակելի ընտանիքն՝ առավել ևս: Սակայն մեզ մոտ կարծես թե անտեսված է տարեցների կյանքն ընդհանրապես: Հատկապես եթե մարդը հասարակական բուրգի ներքևներում է:



Իսկ հասարակական, սոցիալական դրվածքն այնպես է ուսուցանում, որպես թե մենք պետք է հիանանք երիտասարդությամբ, ուժով ու եռանդով: Եվ կարծես մի կողմ է դրվում անցյալի հիշողություններն ու փորձառությունները: Հասուն մարդկանց կյանքի դասերը: Գովազդներում աչք է ծակում երիտասարդությունն ու թարմությունը, ուժն ու եռանդը՝ որպես կյանքի առաջընթացի միակ պայման ու գրավական: Ահա թե ինչպիսի մտքեր էին պաշարում ինձ, երբ նայում էի այդ հրաշալի զույգին: Միայնակ ու տարեց: Կյանքը կարծես նրանց կողքով էր անցնում: Սակայն միգուցե նրանք միանգամայն ա՞յլ կարծիքի էին: Միգուցե նրանց թև էր տալիս և ոգեշնչում իրենց հասուն սե՞րը: Այնպիսի սերը, որ միայն տարիների համատեղ պայքարի և համատեղ հարուստ փորձառությունների՞ց կարող էր ծնվել: Սեր, որ միայն իրենց կարող էր հայտնի լինել: Սեր, որը կարող էր ապրեցնել և ուժ տալ նրանց՝ դիմանալու կենսական դաժան պայքարում, որտեղ հաճախ երիտասարդներն են հնձվում և ուժասպառ վայր ընկնում:



Հնարավոր է՝ նրանք չէին էլ հավատում այն կեղծիքին, թե իսկական սերը ծնվում է հանկարծակի և այրում է մարդու ներսը միանգամից՝ ինչպես տապին հանկարծակի բռնկվող հրդեհ: Եվ որը նույն արագությամբ էլ մարում է առաջին իսկ դժվարությունից: Եվ այդ սիրուց միայն բեկորներ ու մոխիրներ են մնում: Իսկ ճշմարիտ սերը դարավոր կաղնու նման այն խոր և տարածուն արմատներ է ձգում: Եվ ոչինչ այլևս չի կարող սասանել այն: Ոչ մի տեսակի կենսական հողմեր: Ոչ էլ մարդկային մոլոր կարծրատիպերն ու հարվածները: Մի ամբողջ կյանք - ահա թե ինչ էի մտածում ես, երբ նայում էի այդ հրաշալի զույգին, ձեռք - ձեռքի և միաբանված, որպես գեղեցիկ սիրո մի առհավատչյա...



**Հովիկ Մխիթարյան**