Ինչո՞ւ չի ստեղծվում ԱԺ կանանց խորհուրդը

Ինչո՞ւ չի ստեղծվում ԱԺ կանանց խորհուրդը
ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության երիտասարդ կին պատգամավորներից մեկը՝ **Շաքե Իսայանը**, պատգամավոր ընտրվելուց ի վեր փորձում է ԱԺ-ում կանանց խորհուրդ ստեղծել։ Բայց կարծես թե գործը գլուխ չի գալիս։ ԱԺ ղեկավարությունից ոչ այն է՝ ընդունում են նրա առաջարկն ու կանաչ լույս վառում դրա առաջ, ոչ այն է՝ մերժում են։ Օդում կախված վիճակ է։ Երեկ՝ կանանց տոնի խորհրդանշական օրը, փորձեցինք ճշտել նրանից, թե ինչ եղավ իր մտահղացումը, որեւէ նորություն կա՞։



«Դեռ որեւէ ընթացք չի տրվել դրան։ Պարբերաբար ասվեց, որ հետո դրա մասին կխոսենք, եւ էդպես մնաց»,- ասաց նա։ Իսայանը գրավոր ԱԺ նախագահին չի դիմել այս հարցով, խոսքը եղել է բանավոր՝ ԱԺ ամբիոնից հայտարարության տեսքով։ Այս թեմային մենք էլի էինք անդրադարձել ու նշել, որ Իսայանը խորհրդակցել է տարբեր պատգամավորների հետ, այդ թվում, մասնավորապես՝ ԱԺ կին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի, բայց նրանցից որեւէ հստակ պատասխան չի ստացել։



«Դրանից հետո պետք է պայմանավորվեինք, որպեսզի հասկանայինք՝ հնարավո՞ր է, կանոնակարգը թույլ տալի՞ս է, թե՞ չէ, բայց այդ էտապում կանգ է առել։ Ես, իհարկե, հիմա անուններ չեմ նշի, բայց մասնավոր խոսակցությունների ընթացքում փորձել եմ իմ առաջարկը ներկայացնել, բայց ինձ ասել են, որ կհանդիպենք, կքննարկենք, կհասկանանք ձեւաչափը՝ հնարավո՞ր է, թե՞ չէ, եւ, ընդհանրապես՝ ինչ պետք է անի էդ խորհուրդը եւ այլն։ Կարծում եմ՝ դրա հետ կապված որոշակի նախաձեռնություններ, մտքեր կային, եւ պետք է համատեղվեր իմ առաջարկը եւ էն, ինչը որ պլանավորված է։ Բայց դեռ էդ փուլին չենք հասել։ Ես էդպիսի ինֆորմացիա ունեմ, որ որոշակի բաներ պիտի տեղի ունենան, այսինքն՝ գիտեմ, որ իշխանական թեւից նման նախաձեռնության մասին եւս մտածում են։ Բայց ձեւաչափը չգիտեմ»,- ասաց տիկին Իսայանը։



Հարցին՝ կարո՞ղ է իշխանական թեւի կանայք իրենք են ուզում նույն բանը նախաձեռնել կամ գողանալ իր գաղափարն ու իրենց անունից այն իրագործել, Շաքե Իսայանն ասաց, որ այս դեպքում իր համար լրիվ մեկ է, թե ում նախաձեռնությամբ դա կլինի․ «Չեմ կարծում, որ դա է խնդիրը, կարծում եմ, որ ձեւաչափը հասկանալու խնդիր կա։ Կարծում եմ՝ ճիշտ էլ չի լինի, որովհետեւ հայտարարությունը հնչել է իմ կողմից, այսինքն՝ գոնե նախաձեռնությունն սկսելիս ես կարծում եմ, որ անպայման մեզ, մեր խմբակցության հետ պիտի քննարկեն»։



Տիկին Իսայանը, կանանց մեկամսյակի առիթն օգտագործելով, նորից կփորձի քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ ու բարձրացնել այս հարցն արդեն գրավոր տարբերակով։



Նշենք, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորի մոտ այս գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ Վրաստանում մասնակցել է քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության թեմայով տարածաշրջանային համաժողովի․ «Եվ էնտեղ ես տեսա, որ կան պետություններ, որոնց խորհրդարաններում առկա է կանանց խորհուրդ, որը բարձրացնում է հարցեր՝ կանանց ներգրավվածությունը դեպի քաղաքականություն խթանելու, առաջխաղացման ծրագրերի վերաբերյալ, եւ խորհրդարանի կապը ՏԻՄ-երի հետ, գործադիրում կանանց հետ հենց էդ խորհրդի միջոցով էր ստեղծվում, եւ ՏԻՄ-երից եկած խնդիրները խորհրդարանում բարձրացվում էին այդ խորհրդի միջոցով»։



Նա նաեւ նշեց, որ մասնավոր քննարկումներում առաջարկ է եղել այդ խորհուրդն անվանել «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ապահովման խորհուրդ»։



Հարցրինք նրան՝ մոտ մեկ տարի է, որ պատգամավոր է, սեռային առումով անհավասարության խնդիր նոր խորհրդարանում զգացե՞լ է, կամ եղե՞լ է դեպք, որ իր իրավունքները՝ որպես կնոջ, ոտնահարվեն ԱԺ-ում։ «Անհավասարության խնդիր խորհրդարանում չեմ զգացել, բայց որոշակի առումներով՝ ե՛ւ դրական, ե՛ւ բացասական, իհարկե, աշխատանքում զգացել եմ։ Իմ խնդիրը ոչ թե անհավասարությունն է, այլ քաղաքականության մեջ կանանց ներգրավվածությունը խթանող իրավական ակտերի մշակումը, օրենսդրական կարգավորումներ կամ ինչ-որ նախաձեռնություններ մտցնելը, որոնք կնպաստեն կանանց մասնակցությանը։ Ես ավելի շատ էդ առումով եմ խորհուրդը պատկերացրել»,- ասաց նա։



Իսկ ո՞վ է Ազգային ժողովի ամենաջենթլմեն պատգամավորը։ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորը հայտնվեց բարդ իրավիճակում․ «Ես կդժվարանամ պատասխանել, քանի որ չէի ուզենա մեր ֆրակցիայից նշել անուններ, կարծում եմ՝ դա կողմնակալ վերաբերմունք կլիներ, մյուս խմբակցություններից էլ երբեւէ առիթ չեմ ունեցել էդ մասով ուշադրություն դարձնել»։ Բայց հետո «չդիմացավ» ու գովեց իր խմբակցության տղամարդկանց․ «Իմ խմբակցությունում, ես կարող եմ ասել, որ ամեն օր, թեկուզ մինչեւ Մարտի 8-ը, երեկ էլ մեր ֆրակցիայում պարոն Ծառուկյանից, էլ չասած՝ մնացած բոլոր տղամարդկանցից մենք մեր ութ կանանցով շատ այդ ուշադրությունը տեսել ենք եւ շատ զգացված էինք նրանց ուշադրությունից, եւ մշտապես դա լինում է մեր աշխատանքում»։



ԱԺ նախագահության տղամարդկանցից էլ՝ Արա Բաբլոյան, Միքայել Մելքումյան, Էդուարդ Շարմազանով, Շաքե Իսայանը ջենթլմենության չգրված կանոններին հակասող որեւէ բան չի տեսել․ «Ձեր թվարկած բոլոր տղամարդկանցից էլ ես տեսել եմ կանանց հանդեպ հատուկ ուշադրություն եւ վերաբերմունք, թեկուզ ձայնը տալու իրավունքի հետ կապված»։



Զարուհի Փոստանջյանի ականջը կանչի, նրա բախտն էր, որ չէր բերում։ ԱԺ նախագահությունը հաճախ, ջենթլմենության կանոններին տրվելու փոխարեն, առաջնորդվում էր ԱԺ կանոնակարգ-օրենքով ու անջատում նրա խոսափողը՝ լռեցնելով Փոստանջյանի ընդդիմադիր ձայնը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**