Գնացեք Սահմանադրությունը գրողներին հարցրեք

Գնացեք Սահմանադրությունը գրողներին հարցրեք
Հայրենի խորհրդարանը նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունեց հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին լծակազրկելու հերթական օրինագիծը։ Այսպիսով՝ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխությամբ օտարերկրացիներին հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու լիազորությունն ապրիլից վերապահվելու է վարչապետին, ՀՀ նախագահն ընդամենը ստորագրելու է այդ ակտի տակ։ Եթե առարկություններ ունենա, վարչապետին վերանայելու առաջարկ կանի, իսկ եթե վերջինս չփոխի որոշումը, ապա նախագահին մնում է միայն դիմել ՍԴ, իսկ եթե նախագահը համաձայն չէ, բայց չի դիմում ՍԴ, փաստաթուղթն իրավունքի ուժով կյանքի է կոչվում։



Հիշեցնենք՝ գործող օրենքով այդ լիազորությունը ՀՀ նախագահին է պատկանում։ ՀՀ ոստիկանապետի տեղակալ **Վարդան Եղիազարյանը** խորհրդարանում հայտարարեց, թե փոփոխությունը բխում է ՀՀ նոր Սահմանադրության տրամաբանությունից։ «Մասնավորապես՝ նախագահի կարգավիճակն ու գործառույթները սահմանող 123-րդ հոդվածը հստակ ամրագրել է, որ նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ ամրագրված լիազորությունների շրջանակներում։ Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրությունն ուղղակիորեն ՀՀ նախագահին չի օժտել օտարերկրացիներին հատուկ կացության կարգավիճակ շնորհելու լիազորությամբ, հետեւաբար, նշված կարգավիճակի շնորհումը ներկայացված օրինագծով առաջարկվում է վերապահել ՀՀ վարչապետին»,-ասաց Եղիազարյանը։ Ի դեպ, Սահմանադրության՝ քաղաքացիության վերաբերյալ 134-րդ հոդվածում գրված է․ «Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը»։



Ստացվում է, ինչպես մաեստրոն կասեր՝ «լուծում է» բառը դեռ չի նշանակում լուծել, որոշել, վճռել (սրանք են «լուծել» բառի բառարանական բացատրությունները)։ Վարչապետը նախապես որոշելու է, իսկ ՀՀ նախագահը ստորագրությամբ հաստատելու է, ավելի ճիշտ՝ համաձայնելու։



Ավելի վաղ Հանրապետականն ընդունել է նաեւ «Ներման մասին», պարգեւներ եւ կոչումներ շնորհելու մասին օրենքները, որոնցում եւս գործում է նույն տրամաբանությունը։ Սահմանադրությունն այս հարցերի «լուծումը» վերապահում է նախագահին, սակայն ներկայացված օրենքներով վարչապետին է վերապահում ներում, պարգեւներ, կոչումներ շնորհելու իրական գործառույթը, այսինքն՝ վարչապետն է որոշելու ում եւ ինչի համար շնորհի, իսկ նախագահը կարող է համաձայնել կամ չհամաձայնել, եթե չի համաձայնում, դիմում է ՍԴ։ Ըստ ամենայնի, շուտով խորհրդարան կբերվեն նմանատիպ այլ նախագծեր, օրինակ՝ դիվանագիտական աստիճաններ շնորհելու, միջազգային պայմանագրեր ստորագրելու վերաբերյալ, որոնց լուծումը Սահմանադրության մեջ նույն ձեւակերպումն ունի։ Իսկ եթե սրան գումարենք, որ, ի տարբերություն Հայաստանի երեք նախագահների, չորրորդի նստավայրը չի համարվելու Բաղրամյան 26-ը, որն աշխարհին է հայտնի որպես նախագահի, պետության գլխի նստավայր, ապա կարող ենք ասել, որ խորհրդարանական համակարգում ընդհանրապես կարելի էր իսպառ վերացնել նախագահի ինստիտուտը, քանի որ նախագահն ինքնուրույն չի կարողանալու անգամ կոչումներ ու պարգեւներ շնորհել, կացության կարգավիճակ տալ որեւէ մեկին։



ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր **Ռուստամ Մախմուդյանը**, հղում անելով Սահմանադրության 139 հոդվածին, ասում է, որ ոչ թե ՀՀԿ-ն է լծակազրկում ՀՀ նախագահին, այլ վերջինի լիազորություններն ի սկզբանե սահմանվել են Սահմանադրությամբ։ «Գնացեք Սահմանադրությունը գրողներին հարցրեք, թե ինչու են այդպես գրել»,- մեղքը սահմանադրագետների վրա տեղափոխեց Մախմուդյանը։ Պատգամավորի հիշատակած հոդվածի 2-րդ կետում թվարկվում են ներման, քաղաքացիության, պարգեւներ հանձնելու, դիվանագիտական աստիճաններ շնորհելու, միջազգային պայմանագրեր ստորագրելու, գլխավոր շտաբի պետի նշանակման եւ այլ հոդվածներ․ «Սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով»։



Մախմուդյանն ուշադրություն է հրավիրում՝ ի սկզբանե է սահմանվել, որ որեւէ մեկի «միջնորդությամբ» պետք է նա որոշի, այլապես, ըստ նրա, կխախտվի իշխանությունների տարանջատման սկզբունքը, եւ իշխանությունը կկենտրոնանա մեկ անձի ձեռքում։ «Էլ ո՞ւմ, եթե ոչ վարչապետի միջնորդությամբ, չէ՞ որ դրանք գործադիրի քաղաքականության տիրույթում են»,- զարմացած հարցնում է նա՝ ընդգծելով, որ կոչումներ ու պարգեւներ շնորհելու միջնորդությամբ միայն վարչապետը չէ, որ կարող է հանդես գալ՝ ՍԴ, ԲԴԽ նախագահներ։ Նա համաձայն չէ դիտարկման հետ, որ ստացվում է, թե իշխանությունը կենտրոնանում է վարչապետի ձեռքում․ «Դուք չեք կարող ասել մի բան, որը միայն վարչապետն է անում, չէ՞ որ Ձեր նշած բոլոր դեպքերում պահանջվում է նաեւ նախագահի մասնակցությունը»։ Նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանն անկեղծորեն խոստովանում է, որ մեր երկրում այդ «քաշքշուկը» չի լինի․ «Իրար հետ համաձայնեցված, համագործակցված կաշխատեն։ Ես քիչ հավանական եմ համարում, որ նախագահը չհամաձայնի»։ Նա չնայած «չի պաշտպանում» իշխանության գերկենտրոնացումը, բայց երկրի փաստացի ղեկավարը պետք է բոլոր հարցերը վճռի․ «Իմ կարծիքով՝ վարչապետին ավելի տեսանելի կլինի, թե, ասենք, ում կոչում շնորհի, ում շքանշան տա։ Թող դա լինի նախագահի վերահսկողությամբ, ի՞նչ է լինելու որ։ Ես ընդհանրապես մեր երկրում չեմ պատկերացնում, որ եթե նախագահը լծակներ ունենար, պետք է ֆորսմաժոր լիներ, ու դուրս գար իշխող կուսակցության դեմ»։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**