Դավիթ Հարությունյանն ի՞նչ գիտի «Ելք»-ի քննարկումների մասին

Դավիթ Հարությունյանն ի՞նչ գիտի «Ելք»-ի քննարկումների մասին
Երեկ ԱԺ-ն կառավարության առաջարկով արտահերթ նիստ էր հրավիրել՝ քննարկելու մի շարք կարեւոր նախագծեր, որոնց բովանդակությունն ու տրամաբանությունը մինչեւ վերջին պահն անհասկանալի մնացին թե՛ ընդդիմության, թե՛ հասարակության համար։ Օրինակ՝ Անվտանգության խորհրդի կազմում ՀՀ եւ ԱԺ նախագահների ընդգրկված չլինելը, որն այդպես էլ փոփոխության չենթարկվեց։ Փոխարենը այն կղեկավարի վարչապետը։ Բայց ամենահետաքրքիր ու աղմկահարույց փոփոխությունները կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում էին, որով փաստացի կրճատվեց Վաչե Գաբրիելյանի գլխավորած միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների երկար ու բարդ անվանումով անիմաստ նախարարությունը։ Նոր կառավարության կազմում կլինի արդեն 17 նախարարություն։ Նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար **Դավիթ Հարությունյանը**, բացի այս նախարարությունը կրճատելուց, նաեւ տեղեկացրեց երեք փոխվարչապետների գոյության մասին, որոնցից մեկը կլինի առաջին փոխվարչապետ: Ակնհայտ է, որ սա հատուկ Կարեն Կարապետյանի համար է ստեղծվել։ Նախագծով սահմանվում է նաեւ, որ նախարարներն այսուհետ պետք է երդում տան, կառավարության նիստերն էլ կանցկացվեն դռնփակ, եւ միակ մխիթարանքն այն կլինի, որ նախապես օրակարգը կհրապարակվի, ինչն այսօր էլ կա։



Դավիթ Հարությունյանն ասաց, որ երեք նոր ծառայություն է ավելացել՝ պետական արարողակարգի, պետական վերահսկողական եւ պետական պահպանության։ Սրանցից վերջին երկուսը, ինչպես նաեւ ուժային կառույցներից ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը, կմտնեն վարչապետի ենթակայության ներքո։ Իսկ քննչական մարմինների ղեկավարներին, ըստ Դավիթ Հարությունյանի, նշանակում է կառավարությունը՝ վարչապետի ներկայացմամբ։



Այս ամենը հանդարտ ներկայացնելուց հետո Դավիթ Հարությունյանը հայտնվեց իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների հարցերի տարափի տակ։ Հատկապես նրան սկսեցին նեղել կառավարության նիստերը դռնփակ անելու եւ ուժային կառույցները վարչապետի ենթակայության տակ ընդգրկելու հարցերով։ Իսկ ՀՀԿ-ական **Սամվել Ֆարմանյանին** դուր չէր եկել նախարարների երդման դրույթը, ով առաջարկեց երդման արարողությունը վերապահել միայն պետության գլխին՝ չմանրացնելով այն։ Դավիթ Հարությունյանն ասաց, որ երկու մոտեցումներն էլ հնարավոր են, բայց եթե ընդունեն Ֆարմանյանի առաջարկը, ապա պետք է փոփոխություններ կատարեն նաեւ այլ օրենքներում, որոնցում արդեն նախատեսել են այդ մեխանիզմը։



«Ելք» խմբակցությունից **Մանե Թանդիլյանն** էլ հարցրեց, թե ինչ նպատակ է հետապնդում կառավարության նիստերը դռնփակ անցկացնելը։ «Ի սեր Աստծո, մի՛ ասեք, որ դա ժողովրդավարության համար է»,- ասաց պատգամավորը։ Հարությունյանը նկատեց, որ Թանդիլյանը գործադիր իշխանությունում աշխատանքի փորձ չունի, փոխարենը ինքն ունի եւ կարող է փաստել, որ հիմնական բանավեճերը տեղի են ունենում միայն նախարարական կոմիտեների փակ նիստերում, եւ նիստերը դռնփակ անելը գործադիրում հենց ժողովրդավարական տարր է դիտվում։



Թանդիլյանը հարցրեց՝ ինչո՞ւ են հանել միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը, բայց պահպանել սփյուռքի նախարարությունը, արդյոք այլեւս միջազգային ինտեգրման եւ բարեփոխման կարիք չե՞ն զգում, իսկ սփյուռքի նախարարի կարիք զգո՞ւմ են։ Դավիթ Հարությունյանը որեւէ բովանդակային հիմնավորում չբերեց՝ նշելով ընդամենը, որ կառավարության կազմը քաղաքական նպատակահարմարության խնդիր է եւ պայմանավորված է նրանով, թե ինչպես է առավել արդյունավետ կազմակերպելը։



«Ելք» խմբակցության քարտուղար **Գեւորգ Գորգիսյանին** էլ հետաքրքրում էր՝ եթե ՀՀ վարչապետը կատարի ազգային դավաճանություն, ո՞վ է քննելու այս հարցը, եթե ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ենթակա են վարչապետին։ Գորգիսյանը նաեւ նկատեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքը թույլ է տալիս պատգամավորներին մասնակցել կառավարության նիստերին, մինչդեռ Հարությունյանի բերած նախագծում նիստերին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցանկում պատգամավորները չկան։ Առաջին հարցի մասով Դավիթ Հարությունյանն ասաց, որ հենց դրանով է պայմանավորված, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չպետք է լինեն նախարարություն, նրանք քաղաքական որոշումների կատարմանը չեն մասնակցում։ Իսկ պատգամավորների՝ կառավարության նիստերին մասնակցողների ցանկում չլինելու մասով ընդունեց, որ վրիպում է թույլ տվել․ «Ես միգուցե վրիպել եմ, եւ անհրաժեշտ է փոփոխություն կատարել նաեւ ԱԺ կանոնակարգ-օրենքում»։



Հարցուպատասխանը լարված երանգ ստացավ, երբ Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց «Ելքի» մեկ այլ պատգամավոր՝ **Արարատ Միրզոյանը**։ Նա նախ նկատեց, որ ուժային կառույցները վարչապետի ենթակայության տակ դնելը կոչված է սուպերվարչապետական, միահեծան իշխանություն ապահովելուն, իսկ այն հոդվածը, որ նախարարներն իրավունք չունեն առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել հարցի քննարկման ընթացքի վերաբերյալ, ըստ Միրզոյանի, զրկում է նրանց ինքնուրույնությունից եւ դարձնում վարչապետի զինվորիկները։ Նրա մյուս հարցը կրկին վերաբերում էր կառավարության դռնփակ նիստերին, որի առաջ ոչ մի կերպ չի ընկրկում Դավիթ Հարությունյանը։ Միրզոյանը նկատեց, որ նախարարի բացատրություններն ընդունելի չեն իրենց համար, դրա համար էլ այս հարցում սայլը տեղից չի շարժվում։ Այստեղ Դավիթ Հարությունյանն անցավ հարձակման․ «Մի պահ պատկերացրեք ձեր ֆրակցիան, որը շատ ժողովրդավարական ֆրակցիա է, վստահ եմ, բայց ձեր ֆրակցիոն նիստերի ժամանակ լինեն տեսախցիկներ, որ թափանցիկ գործեք, հանկարծ մի սխալ բան չանեք, հանկարծ մի ուրիշ բան չպլանավորեք։ Պատկերացնո՞ւմ եք ձեր ֆրակցիայի նիստերն ինչի կվերածվեն։ Վստահ եմ՝ այսօր շատ բովանդակային են, որ դուք ունենում եք բախումներ, քննարկումներ, տարբեր տեսակետներ։ Բայց եթե դուք տեսախցիկի տակ հայտնվեք, վստահեցնում եմ ձեզ՝ կլինեք շատ սահմանափակված»։ Եվ այս ամենը ձայնի այնպիսի հեգնական ինտոնացիայով էր ասում, որ ասես տեղյակ է, թե ինչպես են անցնում «Ելք»-ում քննարկումները, եւ ինչ-որ բան է ակնարկում «Ելք»-ին՝ հասկացնելով, որ այլեւս ժողովրդավարությունից չխոսեն։





**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**