Փակ դուռ. անվտանգությո՞ւն, թե՞ հոգեբանական տրավմա

Փակ դուռ. անվտանգությո՞ւն, թե՞ հոգեբանական տրավմա
Դպրոցների դռները կողպելու ավանդույթը որդեգրեցինք տարիներ առաջ՝ անցանկալի անձանց ելումուտը կրթօջախ կանխելու նպատակով: Բայց, հոգեբանների կարծիքով, փակ դուռը հոգեկան տրավմա է առաջացնում երեխաների մոտ: Ոմանք էլ գտնում են, որ այդպես ապահով է:



«Ժեստ» հոգեբանական եւ անձի զարգացման կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի կարծիքով՝ փակ դուռը երեխայի հոգեբանության վրա կոնկրետ ազդեցություն չունի: Ըստ նրա՝ խնդիրն ավելի շատ ծնողի մոտ է:



«Ինչո՞ւ են դռները փակ, ի՞նչ է կատարվում ներսում, որ թույլ չեն տալիս մտնել... Այս անհանգստությունն է, որ կարող է փոխանցվել երեխային: Եթե դա չլինի, երեխան այդ մասին չի էլ մտածում»,-ասաց հոգեբանը:



Ինչ վերաբերում է անվտանգությանը՝ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով, ավելի անվտանգ կլինի, եթե դռները չփակեն․ «Որպեսզի աղետի դեպքում կարողանան փախչել»:



Փակ դռների հանգամանքը կաշկանդում է հատկապես բարձր դասարանցիներին: «Կարծես վանդակում փակված գազան լինենք. առավոտյան ներս ենք մտնում՝ դռները փակվում են եւ բացվում, երբ տուն ենք գնում»,- ասացին 11-րդ դասարանում սովորողները:



«Ազատության տարիք է, ուզում են դուրս փախչել, դրա համար զգում են՝ ինչպես գազանը վանդակում: Իրենք նեղվում են ոչ նրա համար, որ փակ դռների ետեւում են, այլ, որ չեն ուզում կանոններին ենթարկվել: Դեռահասությունն ու երիտասարդությունն այն տարիքն է, որ բաց դռներ է ուզում»,-ասաց հոգեբան Անի Ապիտոնյանը:



Իսկ կրթության փորձագետի հիմնավորմամբ՝ դռները կողպում են, որպեսզի երեխաները դասերից չփախչեն: «Դպրոցը ձանձրալի է դարձել երեխաների համար: Փոխանակ մտածեն՝ ինչ անեն, որ հետաքրքիր դառնա, արգելանքներ են դնում: Երեխաներ կան, որ անիմաստ են համարում դպրոց հաճախելը: Ասում են՝ հետաքրքիր չէ, կրկնություններ են: Ծրագիրը պետք է վերանայվի, նոր մոտեցումներ ու հետաքրքիր ուսուցիչներ են պետք: Այս երեխաները սովետի թվի երեխաներ չեն: Նրանց ստիպելով դպրոց չես տանի: Կոնկրետ քայլեր են պետք դպրոցը գրավիչ դարձնելու համար»,- ասում է Սերոբ Խաչատրյանը:



Փակ դռների պայմաններում աշխատելը երբեմն էլ լավ առիթ է ներսում հազար ու մի խնդիր կոծկելու համար: Ասենք՝ սքողել աշակերտների բացակայությունները հատկապես ավագ դպրոցում: Տեսչական ստուգումներն էլ գրեթե արդյունք չեն տալիս: Օր առաջ զգուշացումը, թե գալու են ստուգման, ուղիղ ակնարկ է բացակայող աշակերտների ներկայությունն ապահովելու: Դրա թարմ օրինակն Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցն է, որի մասին «Հրապարակի» անդրադարձից հետո ստուգողները եկել ու 12-րդ դասարանն ամբողջական են տեսել:



«Ուսուցիչների եւ աշակերտների միջեւ ներքին պայմանավորվածություն կա, ասում են՝ դասի մի եկեք, բայց հենց ստուգողներ գան, զանգելու ենք՝ 10-15 րոպեից դպրոցում լինեք»,-ասաց Սերոբ Խաչատրյանը: Նրա համար անհասկանալի է՝ ինչո՞ւ են ստուգողները թաքցնում խնդիրը:





**Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ**