«Հիսուս Քրիստոսի» երկրորդ հայտնությունը

«Հիսուս Քրիստոսի» երկրորդ հայտնությունը
Իշխող ուժի ներկայացուցիչների ելույթներն Ազգային ժողովում լսելիս կարող էր թվալ, որ ոչ թե ՀՀ նախագահ են ընտրում, այլ Հիսուս Քրիստոսի երկրորդ հայտնությունն է խորհրդարանում, որին ծնկաչոք դիմավորում ու փառաբանում է հավատացյալ Հանրապետականը։ Նիկոլ Փաշինյանը քննարկման ավարտին նույնիսկ հեգնեց, թե երկնակամարում երկրորդ արեգակն է հայտնվել։ Բանն այն է, որ «Ելք» խմբակցությանը հաջողվել էր փչացնել Անգլիայից ժամանած «հայկական թագուհու» տոնը։ Արմեն Սարգսյանը, որը խորհրդարանում ստիպված էր պատասխանել պատգամավորների հարցերին, «մնաց» «Ելք»-ի հարցերի տարափի տակ՝ կարմրած, ճակատին քրտինքի կաթիլների փայլատակումով։



Թեկնածուն խորհրդարան էր ժամանել ոչ թե իր կենսագրության, մասնավորապես՝ քաղաքացիության, Հայաստանում մշտական բնակության մասին կասկածները հերքող պաշտոնական փաստաթղթերով, այլ հիմնազուրկ տեքստերով։ Արմեն Սարգսյանին հարցեր տվեցին միայն «Ելք»-ի պատգամավորները, որոնց գլխավոր պահանջը մեկն էր՝ ներկայացնել այն փաստաթղթերը, որոնք նա ներկայացրել է ԱԺ քարտուղարություն։ Ի հեճուկս Վահրամ Բաղդասարյանի հավաստիացումներին, մինչեւ վերջ էլ այդ փաստաթղթերը չհայտնվեցին պատգամավորների սեղաններին։ Նշենք, որ, ըստ բրիտանական փաստաթղթերի ուսումնասիրության, Սարգսյանը 2014 թվականի տվյալներով համարվել է այդ երկրի քաղաքացի, մինչդեռ նոր Սահմանադրության պահանջն այն է, որ թեկնածուն վերջին 6 տարվա ընթացքում բացառապես ՀՀ քաղաքացի լինի։ Նախագահի թեկնածուն ոչ միայն իր կենսագրության այդ բացը չկարողացավ քողարկել, այլեւ քաղաքական հարցերին պատասխանելիս չփայլեց։



Նա ասաց, թե չի կարող պատասխանել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ցանկության մասին հարցին։ Զավեշտալի վիճակի մեջ ընկավ Հայաստանում քաղբանտարկյալների մասին հարցին պատասխանելիս։ Վստահեցրեց, թե ինքը լրջորեն է վերաբերվում այդ հարցին, քաղաքացիական հասարակության եւ ՄԻՊ-ի հետ քննարկել է այս հարցը ու տարբեր կարծիքներ լսել, ապա խնդրել է իրեն փաստաթղթեր տրամադրել։ «Դեռեւս չեմ տեսել եվրոպական ինստիտուտներից փաստաթուղթ, որի վրա գրված է, որ ինչ-որ անձ քաղբանտարկյալ է։ Երբ ներկայացնեն, տեսնեմ այդ փաստաթղթերը, իմ անձնական կարծիքը կասեմ»,- ասաց Արմեն Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանն էլ թեկնածուի ոճով հեգնեց, որ իրենք էլ միջազգային որեւէ կառույցից չեն տեսել Սարգսյանի՝ քաղաքացիությունից հրաժարվելու փաստաթուղթը, հետեւաբար, կարող են կասկածել։



Արմեն Սարգսյանի տոնը չփչացնելու եւ հերթական անգամ նրա փախուստը կանխելու նպատակով ՀՀԿ-ականները նախաձեռնեցին «օճառ» օպերացիան։ Առաջինն ասպարեզ նետվեց քծնելու անգերազանցելի վարպետ ԱԺ փոխնախագահ **Էդուարդ Շարմազանովը**։ «Պարոն Սարգսյան, ես, զուտ պատահմամբ, երեկ նայել եմ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ձեր ելույթը եւ այն մեսիջները, որ կային այնտեղ, կարմիր թելի նման այստեղ էին: Դա ցեղասպանությունից հետո վերածնվելու եւ ցեղասպանությունը հաղթելու գաղափարն էր,- ասաց Շարմազանովը եւ հավելեց։- Լսելով Ձեզ՝ ես այստեղ տեսա պետական գործչի եւ լավատես գործչի, որը հավատում է ՀՀ-ի, Արցախի Հանրապետության եւ Սփյուռքի եռամիասնությանը, եւ որ 25 տարի հետո ունենալու ենք ավելի ուժեղ Հայաստան»։ «Ճիշտ թեկնածու, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում» շքերթը շարունակեց **Արմեն Աշոտյանը**․ «Ես հետեւել եմ Ձեր արշավին, եւ այն շատ տպավորիչ էր»: Արմեն Աշոտյանը հուսադրեց՝ չնայած նախագահի «տարածքը» խիստ սահմանափակ է, «բայց այդ նեղ տարածքում կարելի է ե՛ւ խրճիթ կառուցել, ե՛ւ կառուցել բարձրահարկ շենք: Ես հուսով եմ՝ Ձեր գործունեության շնորհիվ այդ տարածքը կդառնա Հայաստանի դեմոկրատական հերթական բաստիոնը, հերթական աշտարակը»: Արմեն Աշոտյանը կարեւորեց նաեւ անհատի դերը:



Հաջորդ պահին նա ժխտեց ժողովրդավարության գլխավոր սկզբունքը՝ այլընտրանքային ընտրության գաղափարը՝ այն անվանելով «հետկոմունիստական հոգեբանության մնացորդ» եւ այլընտրանքային թեկնածուներ առաջադրելու ձգտումը՝ «ինքնանպատակ». «Իսկ եթե կան այլընտրանքային գաղափարներ, ինչո՞ւ դրանք չեն հնչում»: Ապա Արմեն Աշոտյանը, Արմեն Սարգսյանին համեմատելով Հռոմի կայսր Դիոկղետիանոսի հետ, որին երբ փորձել են հետ բերել իշխանության իր «ամառանոցից», ասել է․ «Եթե դուք տեսնեք, թե ինչ կաղամբ եմ աճեցնում, նման բան չեք ասի»։ «Պարոն Սարգսյան, այդ «կաղամբը» մեր երկրում մենք դեռ միասին պետք է աճեցնենք»:



«Փրկչին» գովաբանելու պատմական պահը բաց չթողեց անգամ իր զգացմունքներում ժուժկալ Կորյուն Նահապետյանը․ «Գարնան առաջին օրը համահայկական նոր օրակարգ ձեւավորելու նախաշեմին ենք, այդ իմաստով վստահ եմ, որ հանրապետության նոր նախագահի թեկնածության քննարկումը մեզ բերելու է մի նոր հանգրվանի։ Անկեղծորեն պիտի ասեմ, որ ոգեշնչված եմ նախագահի ելույթով։ Ելույթն իսկապես պարունակում էր լայնախոհություն, բարեկրթություն, հասարակական օրգանիզմի շատ ճիշտ ախտորոշում»։ Նահապետյանը նշեց, որ Արմեն Սարգսյանի ելույթը խարսխված էր արժանապատվության եւ առաքինության վրա, եւ ինքը տեսավ, որ այն մարդիկ, ովքեր ունեն անգամ փակ հաղորդակցության անոթներ, նման ելույթից չեն կարող մնալ անհաղորդ։ «Ես ողջունում եմ Ձեր եռանդը, նվիրվածությունը, Ձեր էությունը, Ձեր տեսակը։ Ես ուրախ եւ հպարտ կլինեմ ունենալու մեր երկրի համար Ձեզ նման նախագահ»։ «Աստվածաշունչն ասում է՝ աղոթեք ձեր տիրոջ համար, ինքն է որոշում ձեր ճակատագիրը, ինչքան էլ նա վատն է, նրա ձեռքում է էս երկրի «այո»-ն ու «ոչ»-ը»,- Արմեն Սարգսյանին փորձեց բարձունքներից վար իջեցնել ՀՅԴ-ական **Արմեն Ռուստամյանը**, որին ՀՀԿ-ն բարձրացրել դրել էր պատվանդանին։ Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում նկատեց․ «Ոչ լեգիտիմության ականը դրել են մարդու տակ, որ արդարացնի Սերժ Սարգսյանի բոլոր հույսերը, ինչպես ասում էր Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ»:



**ՀԳ․** _Սարսափելի է անգամ մտածել, թե ինչ է կատարվելու Ազգային ժողովում, երբ ներկայացվի Սերժ Սարգսյան- վարչապետի թեկնածությունը, ՀՀԿ-ականները, ըստ ամենայնի, կգնան հավատարմության աննախադեպ ցուցադրումների, գուցե անգամ ինքնավնասումի գործողություններ ձեռնարկեն։_



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**