Պենտագոնը 21,2 միլիարդ կխնդրի ռազմական հետախուզության ծախսերի համար

Պենտագոնը 21,2 միլիարդ կխնդրի ռազմական հետախուզության ծախսերի համար
Պենտագոնը մտադիր է 2019 ֆինանսական տարում, որ սկսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից, ԱՄՆ Կոնգրեսից 21,2 միլիարդ դոլար խնդրել ռազմական հետախուզության համար, հայտնում է Defence News-ը՝ հղում կատարելով պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին:



Պարբերականը նշում է, որ ՊՆ ռազմական հետախուզության վարչության ծախսերը ավելանում են արդեն 4-րդ տարին անընդմեջ: 2018 թվականի համար Պենտագոնը խնդրել էր 20,7 միլիարդ:



Ընդհանուր առմամբ՝ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան մտադիր է 2019 ֆինանսական տարում ռազմական կարիքների համար ստանալ 716 միլիարդ դոլար: ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Դևիդ Նորկվիստի խոսքով՝ Սպիտակ տունն առաջարկում է հիմնական ռազմական ծախսերի համար հատկացնել 617 միլիարդ, Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում, Եմենում, Սոմալիում և այլ երկրներում պատերազմների շարունակման դեպքում՝ 69 միլիարդ, ևս 30 միլիարդ միջուկային զենքի կատարելագործման և այլ ռազմական ծախսերի համար: