Մարտի 1-ի մասին ՀԱԿ-ը գիրք է տպագրել

Մարտի 1-ի մասին ՀԱԿ-ը գիրք է տպագրել
Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսը գիրք է լույս ընծայել, որի շնորհանդեսը դեռեւս տեղի չի ունեցել: «Գիրքն ընդամենը երկու օր առաջ ենք տպարանից բերել»,- մեր զրույցում ասաց ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը: Գիրքը վերնագրված է՝ «Մարտի 1-ի ոճրագործությունը»։



Այն փաստերի, փաստաթղթերի ժողովածու է, որի 230 էջում ներկայացված են մասնավորապես Մարտի 1-ի սպանությունների, քաղաքական հետապնդումների հետ կապված փաստեր, միջազգային կառույցների, փաստավահաք խմբի զեկույցները, տարբեր նյութեր: Մարտի 1-ին ՀԱԿ-ը գիրքը կներկայացնի հասարակության դատին: Ինչպես հայտնի է՝ այդ օրը ՀԱԿ-ն ամեն տարվա պես ակցիա է իրականացնելու՝ երթ, հարգանքի տուրք Մարտի 1-ի զոհերի հիշատակին: Գրքի որոշ խմբաքանակ անվճար կբաժանվի, մի մասն էլ կվաճառվի, որպեսզի ստացված հասույթով գրքի նոր խմբաքանակը տպագրվի:



«Գրքում ներկայացված փաստերը թե՛ Գեւորգ Կոստանյանին, թե՛ իշխանության մեջ եղած որոշ անձանց, որոնց ուղեղները մոռացության են տվել լիքը փաստեր կամ ժամանակին ասված խոսքեր, գրքի միջոցով կհիշեցնենք: Ե՛վ Կոստանյանին, ե՛ւ ՀՀԿ-ական գործիչներին հանկարծ թող չթվա, որ մենք կարող ենք ինչ-որ փաստեր մոռացության տալ: Ամեն ինչ արձանագրված է, եւ մենք պատրաստ ենք այդ ամենն իրենց ամեն վայրկյան հիշեցնել»,-նկատեց Խաչատրյանը: