Անունն ուզում եք դրեք «սուպեր», ուզում եք դրեք «հրաշք»՝ դրանից բան չի փոխվելու

Անունն ուզում եք դրեք «սուպեր», ուզում եք դրեք «հրաշք»՝ դրանից բան չի փոխվելու
Վերջին օրերին մամուլում եւ սոցցանցերում բանավեճ է ընթանում խորհրդարանում ՀՀ նախագահի առաջիկա ընտրությունների սահմանադրականության հարցի շուրջ: Իրավաբանների ընդդիմադիր հատվածը պնդում է, որ Սահմանադրությունն ամբողջ ծավալով ուժի մեջ է մտնում առաջիկայում ընտրվելիք նախագահի պաշտոնակալության օրը միայն, հետեւաբար՝ նախագահը պետք է ընտրվի՝ համաձայն հին Սահմանադրության կարգավորումների:



«Ելք» խմբակցության իրավաբանները պատրաստել են ՍԴ դիմում՝ ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ ստեղծված սահմանադրական խառնաշփոթի հարցով։ Նրանք պահանջելու են հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է հանրապետության նախագահին ընտրել Ազգային ժողովում։ Առաջարկվում է երկրի չորրորդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ԱԺ 21 պատգամավորի ստորագրություն։ Մինչդեռ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, ինչպես պարզեցինք երեկ, չի պատրաստվում միանալ «Ելք»-ի նախաձեռնությանը։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք խմբակցության պատգամավոր **Սերգեյ Բագրատյանի** հետ։



**- Դուք համաձա՞յն եք «Ելք»-ի տեսակետին եւ կմիանա՞ք նախաձեռնությանը։**



Հիմա նայեք, եթե մենք ընդունում ենք, որ հիսուն տոկոսից ավել ժողովուրդը ձայն է տվել ՀՀԿ-ին, որի արդյունքում ԱԺ-ում ձեւավորվել է ՀՀԿ խմբակցությունը, ենթադրվում է, որ քաղաքացիների հիսուն տոկոսից ավելին նախագահ ընտրելու իրավունքը տվել է ՀՀԿ-ին, որն էլ իր թեկնածուին առաջադրելու է եւ պաշտպանելու։ Մենք ստեղ ի՞նչ հակափաստարկ ունենք։



**- Հակափաստարկն այն է, որ Սահմանադրություն եք խախտելու, իսկ հիմա այդ Սահմանադրությունն ԱԺ-ին չի վերապահում նախագահի ընտրությունը։**



Ես ժամանակային իմաստով դա չեմ նայել, չեմ քննարկել։ Բայց չեմ կարծում, որ Սահմանադրության խախտում պետք է լինի։ Մենք, անկեղծ ասած, դեռեւս չենք քննարկել, խմբակցության նիստ ունենք առաջիկա երկու օրերին, հուսով եմ՝ կքննարկենք։



**- Իսկ խմբակցությունն ի՞նչ որոշում է ընդունել Արմեն Սարգսյանի թեկնածության վերաբերյալ՝ կո՞ղմ եք քվեարկելու։**



Խմբակցությունը մեկ-երկու օրվա մեջ կհայտարարի, իսկ ես անձամբ… Տնտեսության վերաբերյալ են իմ հարցերը եղել, որոնց վերաբերյալ ես բավարար պատասխաններ չեմ ստացել։ Ինքն ասաց, որ տնտեսությանը խորը ծանոթ չէ, չի տիրապետում այդ ոլորտին, եւ ես, որպես տնտեսագետ, բավարարված չեմ։



**- Բայց տնտեսության պատասխանատուն լինելու է վարչապետը, նախագահը նման լիազորություններ չունի։**



Եթե ՀՀ նախագահի թեկնածու ես, պետք է լավ պատկերացնես բոլոր ոլորտները, անկախ նրանից՝ լիազորություն ունես ազդելու, թե չունես։ Ի՞նչ է նշանակում՝ նախագահը հետեւում է Սահմանադրությանը։ Հետեւում՝ հո չի՞ նշանակում հայացքով ուղեկցել, հետեւել՝ նաեւ նշանակում է մասնակցել Սահմանադրությունից բխող բոլոր լիազորություններին։ Այսինքն՝ նույն Սահմանադրությունն ասում է՝ տնտեսության զարգացման, ազատ տնտեսական զարգացման պայմաններ պետք է ստեղծել, իսկ ՀՀ նախագահն էլ դրա երաշխավորը պետք է լինի։



**- Իսկ, կարծում եք, դաշինքում միասնակա՞ն որոշում կլինի, թե՞ ազատ քվեարկություն կհայտարարեք։**



Չեմ կարող ասել, բայց տարակարծություններ կան։ Առաջիկա օրերին կհանդիպենք Գագիկ Ծառուկյանի հետ եւ կհայտնենք մեր դիրքորոշման մասին։



**- «Ելք» խմբակցությունը, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, պատրաստվում է Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացը կասեցնելու պայքար սկսել։ Ձեր կարծիքով՝ կա՞ նման անհրաժեշտություն, եւ դուք կմիանա՞ք այդ պայքարին։**



Ինձ համար անձերը չեն կարեւոր, եթե չկա համակարգային փոփոխություն, կարեւոր չէ, թե ով կդառնա վարչապետ՝ ես, Դուք, թե Պողոսը։



**- Չե՞ք կարծում, որ Հայաստանում անձերն են համակարգեր աշխատեցնում, անձերն են իշխանություն ղեկավարում, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը պտտում է իշխանության ղեկը եւ պատրաստվում է դա անել նաեւ վարչապետի պաշտոնում։**



Դա սխալ թյուրըմբռնման արդյունք է, նա կառավարում էր նախագահական կառավարման ժամանակ, իսկ խորհրդարանականի դեպքում այլեւս այդպես չի լինելու։ Վարչապետը բացարձակ չի ունենալու այդ լիազորությունները, ինչն ունի այսօր նախագահը։



**- Շատերն են ապագա մոդելը բնորոշել սուպերվարչապետական։**



Անունն ուզում եք դրեք «սուպեր», ուզում եք դրեք «հրաշք», դրանից բան չի փոխվելու։ Համակարգը չի ենթադրում ուղղաձիգ համակարգ։



**- Ուժային կառույցները գտնվելու են վարչապետի լիազորությունների ներքո, ներման իրավունքը վարչապետն է ունենալու, եւ, առհասարակ, այսօրվա նախագահի բոլոր լիազորություններն ապագայի վարչապետն է ունենալու։**



Բա ուժային կառավարությունն ո՞ւմ լիազորությունների տակ պետք է անցներ։ Անձը մոռացեք, վարչապետն էլ կառավարության ղեկավարն է։ Իսկ ներման իրավունքը նախագահինն է, եւ Դուք եք էդպես մեկնաբանում, թե միայն ստորագրում է։



**- Այսինքն՝ կարծում եք, որ ապագա վարչապետը չունի՞ լայն լիազորություններ։**



Իհարկե՝ ոչ, տարանջատված են այդ լիազորությունները՝ ԱԺ-ն իր լիազորությունների շրջանակում է գործելու, վարչապետը՝ իր, դատական իշխանությունն ամբողջովին անկախ է գործելու։



**- Այսինքն՝ մենք ունենալու ենք ժողովրդավարական պետությո՞ւն։**



Ես ոչ մի րոպե չեմ կասկածում, որ մենք ընդամենը մեկ տարվա ընթացքում գնալու ենք դեմոկրատացման, մեկ տարի հետո մենք այլեւս որեւէ իշխանավոր չենք տեսնելու, որ կարողանալու է միայնակ որոշում կայացնել․ ես հարյուր տոկոսով վստահ եմ։



**- Իսկ կարո՞ղ ենք ասել, որ մեկ տարի հետո դուք այլեւս ընդդիմություն չեք լինի։**



Ինչո՞ւ պիտի չլինենք։



**- Եթե դեմոկրատիա լինի, ամեն ինչ լավ լինի, ինչի՞ն եք ընդդիմություն լինելու։**



Վատ կառավարմանը։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**