Եթե Ռուսաստանը որոշի ինքնասպան լինել, Հայաստանը նու՞յնը պետք է անի

Եթե Ռուսաստանը որոշի ինքնասպան լինել, Հայաստանը նու՞յնը պետք է անի
Փետրվարի 7-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը պարտադրում է լրջանալ եւ մտորել: Ռուս-ամերիկյան առճակատումը, որն սկսվել էր դոլարի դեմ հարձակումներով, Կալինինգրադում եւ Գյումրու ռազմակայանում «Իսկանդեր» տեսակի հրթիռների տեղակայումով, վերաճել է ռազմական ուղղակի բախման: Հիմնականում ռուս վարձկաններից կազմված գումարտակը հարձակում է գործել Սիրիայի Հաշիմ ավանի մոտակայքում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա, որի քուրդ եւ արաբ պաշտպանների մեջ կային ամերիկյան ռազմական խորհրդականներ: Այստեղ արտակարգն ու մտահոգիչն այն է, որ ռուսները նախապես տեղեկացված են եղել, որ հարձակում են գործելու ամերիկյան զինծառայողների կողմից պաշտպանվող դիրքերի վրա, բայց, այդուհանդերձ, հարձակվել են: Դա կարող էր հանգեցնել անվերահսկելի չափերի աղետի՝ ընդհուպ մինչեւ 3-րդ համաշխարհային պատերազմը: Մարտը տեւել է 3 ժամ, որի արդյունքում հարձակվողները կորցրել են տանկեր, զրահամեքենաներ, հրետանի, ունեցել են մի քանի հարյուր սպանված եւ վիրավոր: Հարձակվող կողմը չի կարողացել նույնիսկ հասնել հակառակորդի դիրքերին: Մինչդեռ նրանց հակառակորդը ո՛չ զինուժի, ո՛չ զինտեխնիկայի կորուստ չի ունեցել: Այդ մարտը ցուցադրել է, որ ամերիկացիների մարտավարական արդի արվեստը եւ նրանց տեխնոլոգիապես նորացված սովորական սպառազինությունները գերազանցում են ռուսաստանյան նույն բաղադրիչներին: Ռուսաստանցիների մարտական բարձր ոգին, որ, համոզված ենք, նրանք ունեցել են, անզոր է գտնվել արդի սպառազինությունների դեմ:







**Մեր ինչի՞ն է պետք ներքաշվել ԱՄՆ-ՌԴ հնարավոր պատերազմին**



Ի պատասխան ՆԱՏՕ-ի կողմից Արեւելյան Եվրոպայում եւ Թուրքիայի Ինջիրլիկ ռազմակայանում ռադարային նոր կայանների տեղադրման, Ռուսաստանը Կալինինգրադի մարզում եւ Գյումրու իր ռազմակայանում տեղադրեց «Իսկանդեր» տեսակի հրթիռներ, որոնք պետք է հարվածեն այդ ռադիոտեղորոշիչ կայաններին: Ավելին՝ ստեղծվեցին հայ-ռուսական միացյալ զորախումբ եւ հայ-ռուսական համատեղ ՀՕՊ: Դրանք, ըստ մեր իշխանությունների, պետք է ամրապնդեն մեր անվտանգությունը, հետ պահեն մեր հակառակորդ Ադրբեջանին, նաեւ պոտենցիալ հակառակորդ Թուրքիային՝ Հայաստանի վրա հարձակվելու գայթակղությունից:



Իրականում, սակայն, նախկին վտանգները պահպանվեցին, եւ դրանց գումարվեց բազմակի անգամ շատ ավելի ահեղ մի հակառակորդ՝ Միացյալ Նահանգները: Եթե ռուսաստանյան զինուժը կամ ռուս վարձկանները շարունակեն սադրել ամերիկյան զինծառայողներին, դա լավ հետեւանքներ չի ունենա: Երբ հերթական անգամ ռուսական ռազմական ինքնաթիռը ձեւ անի, թե պատրաստվում է հարձակում գործել ամերիկյան ռազմանավի կամ օդանավի վրա, կարող է խոցվել: Հետեւանքները «վայելելու» են ոչ միայն ռուսաստանցիները, այլեւ մենք՝ Ռուսաստանի ռազմական դաշնակիցները: Արդյո՞ք դա մեզ պետք է՝ հայտնվել պատերազմական վիճակում մի երկրի հետ, որը վերջին հարյուր տարիների ընթացքում միշտ մեր կողքին է եղել, երբ մենք հայտնվել ենք ծանր, անելանելի վիճակներում: Մի երկրի, որն աշխարհի միակ երկիրն է, որի նախագահը ցանկացել է ստեղծել ազատ, անկախ, միացյալ, դեպի ծով ելք ունեցող Հայաստան, բայց չի կարողացել, քանի որ քեմալականներն ու բոլշեւիկները ռազմական միջամտությամբ խափանել են այդ ծրագիրը:







**Եթե զենքի էմբարգո լիներ, Բաքուն իրեն համեստ կպահեր**



Դեռ տասը տարի առաջ Բաքուն երազել անգամ չէր կարող Երեւանի, Զանգեզուրի եւ Գյոկչայի (Սեւանա լիճ) մասին: Հիմա այդ վտանգը կա, քանի որ ժամանակին Հայաստանը՝ փոխարեն պահանջեր, որ զենքի էմբարգո կիրառվի հակամարտող կողմերի նկատմամբ, համաձայնեց մասնակցել Իլհամ Ալիեւի կողմից առաջարկված հայակործան ծրագրին՝ ներքաշվեց սպառազինությունների մրցավազքին: Այդ խաղում Երեւանը չունի հաղթելու որեւիցե հնարավորություն: Իսկ զենքի էմբարգոյի հայտարարումը ոչ միայն Ռուսաստանին կզրկեր Ադրբեջանին զենք վաճառելու հնարավորությունից, այլ նաեւ Իսրայելին, Թուրքիային, Պակիստանին, Բելառուսին եւ աշխարհի մյուս բոլոր երկրներին: Ով որ փորձեր զենք մատակարարել կամ դա տեղափոխեր, կարժանանար խիստ պատժամիջոցների: Այդ պայմաններում Բաքուն չէր կարողանա ձեռք բերել հարձակողական արդի այն սպառազինությունները, որոնք համարյա համարժեք են զանգվածային ոչնչացման զենքերին: Այդ զենքերը նրանով են միայն զիջում ատոմային ռումբին, որ մեկ ռումբի փոխարեն անհրաժեշտ կլինի կրակել հարյուրավոր արկեր: Բայց արդյունքը կլինի նույնը՝ ամեն ինչ կայրվի-կոչնչանա: Տարբերությունն այն կլինի, որ չեն լինի ռադիացիոն էֆեկտներ: Սակայն դրանց՝ տեղանքի ռադիոակտիվ վարակմանը եւ ճառագայթող ռադիացիային հակառակորդը կարող է հասնել, եթե հարվածի Հայկական ատոմակայանին:





**Հայկական ազգանունով ամերիկյան գեներալի պատմածը**



ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հարիգյանը (Jeffrey Harrigian) Քաթարի Ալ-Ուդեյդ ռազմաբազայում փետրվարի 13-ի հեռուստաճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ ռուսական կողմը նախազգուշացված է եղել, որ հարձակման թիրախում լինելու են ամերիկյան զինծառայողներ: Ըստ գեներալի՝ հետախուզությունը վաղօրոք հայտնաբերել էր հարձակման նախապատրաստումը եւ կոնֆլիկտների կանխարգելման համար ստեղծված հեռախոսակապով նախազգուշացրել ռուսական կողմին, որ տեղյակ է նախապատրաստվող գործողության մասին: Ռուսական կողմը հավաստել էր, որ հարձակում չի լինելու, բայց, այդուհանդերձ, հարձակվել էր: Գիշերային մարտն սկսվել էր հակառակորդի դիրքերի հրետակոծումով, ականանետների եւ հրթիռային կայանքների հարվածներով, ինչից հետո գրոհի էին նետվել տանկերը, զրահամեքենաները եւ հետեւակայինները: Երբ նրանք բավականաչափ մոտեցել էին հակառակորդի դիրքերին, ամերիկյան կողմը մարտը կանխելու վերջին փորձն էր արել՝ դիրքերի վրա սկսել էր ծածանել ամերիկյան դրոշներ, որպեսզի ցույց տար իր ներկայությունը: Բայց հարձակումը շարունակվել էր: Ամերիկացիները, ըստ գեներալ Հարիգյանի, ստիպված էին եղել կիրառել իրենց զինանոցի ամենաարդիական սպառազինությունները, նույնիսկ՝ ռազմավարական նշանակության «Բ-52» ռմբակոծիչներ, որոնք, ընդհանրապես ասած, չեն կիրառվում տեղական նշանակության մարտերում:



Կարծում ենք, որ դա արվել է միտումնավոր, որպեսզի ռուսական կողմը հասկանա, որ ամերիկացիները պատրաստ են նույնիսկ ամենածայրահեղ պատասխանին...



Գեներալը շեշտել է, որ, ԻԼԻՊ-ից բացի, որեւիցե այլ ուժի դեմ իրենք մտադիր չեն ռազմական գործողություններ ծավալել, բայց նաեւ մեջբերել է ԱՄՆ Պնախարար Ջեյմս Մատիսի խոսքերը. «Եթե դուք մեզ սպառնաք, երկար կհիշեք այդ օրը»: Հիշեցնենք, որ գեներալ Մատիսը հայտնի է իր այն աստիճանի կոշտ դիրքորոշմամբ Ամերիկայի թշնամիների հանդեպ, որ ստացել է «Կատաղած շուն» մականունը: Ասենք նաեւ, որ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, թե ռազմական հարցերին չի միջամտելու, եւ որոշումները կայացնելու է գեներալ Մատիսը: Այնպես որ՝ ռուսաստանյան դիրքորոշման աննահանջ կոշտությանը հակադրվել է մատիսյան աննահանջ կոշտությունը, ինչը լավ բան չի խոստանում աշխարհի համար: Երեւի թե այդ պատճառով է Ռուսաստանի նախագահը երկշաբաթյա արձակուրդ վերցրել, որպեսզի մտորի հետագա գործողությունների մասին:



Մենք նույնպես մտորելու կարիք ունենք:







**Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ**