ԵԱՏՄ անդամ լինելը նպաստո՞ւմ է արտագաղթին

ԵԱՏՄ անդամ լինելը նպաստո՞ւմ է արտագաղթին
Արտագաղթի մասին սովորաբար ներկայացնում են վիճակագրություն, թվեր, թե նախորդ տարիների համեմատ որքանով է աճել կամ նվազել արտագաղթը։ Արտագաղթած-վերադարձածներն էլ կամ արտագաղթած հարազատներ ունեցողներն էլ մասնավոր զրույցներում ներկայացնում են, թե ինչպես են երկրից հեռացածները ապրում, աշխատում դրսում։ Դրանք համեմվում են տխուր-սրտաճմլիկ կամ էլ զվարճալի պատմություններով։ Շատ ավելի հետաքրքիր է, թե էմոցիոնալ ընկալումներից զատ արտագաղթի պատճառների, դրան նպաստող գործոնների մասին ինչ հետազոտություններ եւ հանգամանալից վերլուծություններ են կատարում մասնագետները, ինչ խնդիրներ են վեր հանում, որոնց պետք է ուշադրություն դարձնեն ժողովրդագրական խնդիրներով մտահոգ պետական կառույցները։ Արտագաղթի թեմայով վերջին տարիներին զեկույցներ է հրապարակել տնտեսագիտական գիտությունների թեկնածու Ռուբեն Եգանյանը (ի դեպ, նա ազգակցական կապ չունի Միգրացիայի պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի հետ)։



«ՀՀ արտաքին միգրացիոն իրավիճակի եռամյա (2015-2017թթ․) մշտադիտարկում՝ ընտրանքային հետազոտության միջոցով» պետպատվերով գիտահետազոտական աշխատանքի մասին զեկույցը, որի վրա աշխատած խմբի ղեկավարն է Ռուբեն Եգանյանը, հրապարակվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կայքում։ Քանի որ զեկույցը բավականին ծավալուն է՝ մոտ 130 էջ, կատարենք մի փոքր մեջբերում, որոնք բացահայտում են Հայաստանի միգրացիոն իրավիճակի հիմնական բնութագրիչներն ու հատկանիշները։ Դրանք, ըստ հետազոտության, ներքին գործոններն են, որոնք վերաբերում են երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակում էական դրական տեղաշարժերի բացակայությանը։ Զեկույցում, որպես արտաքին գործոն, նշվել է ԵԱՏՄ անդամ երկրում ԵԱՏՄ անդամ այլ երկրների քաղաքացիների գտնվելու եւ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու նոր պայմանների գործարկումը եւ դրանով պայմանավորված մեր միգրանտների՝ արտերկրում (նախ եւ առաջ՝ ՌԴ-ում) բնակվելու եւ աշխատելու պայմանների էական բարելավվումը։ Զեկույցից տեղեկանում ենք, որ նախորդ տարվա համեմատ ավելացել է միգրացիոն ուղեւորություն կատարած անհատների թվաքանակը, այսինքն՝ տեղի է ունեցել նաեւ միգրացիոն գործընթացներում բնակչության ներառվածության մակարդակի աճ։ Այս դեպքում եւս հավելաճի տեմպն եղել է այնքան նշանակալից (12,8%՝ 336,6 հազարից 349,6 հազարի), որ գերազանցել է անգամ 2015թ․ արդեն իսկ նշանակալից ցուցանիշը (367,1 հազար)։



Իսկ տվյալ անցումը, ըստ զեկույցի, կանխորոշվել է երեւանաբնակ միգրանտների թվաքանակի գրեթե կայունացման պայմաններում, գյուղաբնակ եւ այլ քաղաքաբնակ միգրանտների թվաքանակի աճով։ Զեկույցի հեղինակները բացահայտել եւ արձանագրել են, որ 2017թ․ աճել է նաեւ միգրացիոն ուղեւորությունների համալիր թիվը, ընդ որում՝ անգամ միգրանտների թվի աճին էապես գերազանցող չափով (2013-16թթ․ համեմատ՝ 164,8 հազարով կամ 16,4 %ով, իսկ 2012-15թթ․ համեմատ՝ 117 հազարով կամ 11,1 %ով)։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արտաքին միգրացիոն գործընթացի կարեւորագույն մասը շարունակում է կազմել աշխատանքային միգրացիան։ 2014-16թթ․ աշխատանքային միգրացիոն շրջանառության հիմնական ծավալային գնահատականները հետեւյալն են․ տարեկան միջին հաշվով գրեթե 150 հազար մեկնում (դրանց ավելի քան 3/4-րդը), մոտ 130 հազար վերադարձ (դրանց ավելի քան 85%-ը), մեկնում-վերադարձների բացասական մնացորդ՝ շուրջ 20 հազար մարդ (համալիր բացասական մնացորդի ավելի քան 46%-ը)։ Աշխատանքային հոսքերից առավել նշանակալից է սեզոնայինը (բոլոր մեկնումների կեսից ավելին եւ 10 աշխատանքի մեկնումներից անգամ գրեթե 7-ը, բոլոր վերադարձ-ժամանումների 113-ից ավելին եւ արտագնա աշխատանքներից վերադարձածների ընդհանուր թվի ավելի քան 3/4-րդը)։ Իսկ ահա ոչ սեզոնային, կարճաժամկետ աշխատանքային միգրացիոն հոսքը ծավալային առումով շուրջ քառակի անգամ պակաս նշանակալից է՝ ինչպես մեկնումների, այնպես էլ վերադարձածների տեսակետից։



Զեկույցը կազմողները, ելնելով թվերից, եկել են այն եզրակացության, որ երկու հոսքերի դեպքում էլ Հայաստանն ունեցել է բնակչության արտահոսք։ Արտերկրից չեն վերադարձել սեզոնային միգրանտներից 18,1 հազարը կամ 5,8%-ը, իսկ ոչ սեզոնային կարճաժամկետ միգրանտներից 13 հազարը կամ 16,6%-ը։ Սրանից էլ նրանք եկել են այն հետեւության, որ միգրացիայի ընդհանուր բացասական մեծության հաջորդաբար 13,6%-ը եւ 9,8 %-ը ձեւավորող այս համակցությունը կազմում են նրանք, ովքեր արտերկրում լինելու ընթացքում, ըստ էության, վերածվել են եթե ոչ մշտական էմիգրանտների, ապա առնվազն տեւական աշխատանքային միգրանտների։ Սեզոնային եւ ոչ սեզոնային հոսքերի ֆոնի վրա տրամաբանորեն միանգամայն հիմնավորված է թվում աշխատանքային երրորդ հոսքի՝ տեւականի առավել նշանակալից բացասական մնացորդով ընթանալու երեւույթը։ Չվերադարձածները կազմում են նրանց կեսից ավելին (50,8%-ը), ինչի հաշվին մեկնածների ողջ համակցության միայն 10,2%-ը կազմող այս ենթախումբն ՀՀ-ից բնակչության արտահոսքի ընդհանուր մեծության գրեթե 23 տոկոսն է կազմում։



**Թագուհի Հակոբյան**