Բա ինչի՞ չեն թաղում Լենինին․ Հայաստանում ստորագրահավաք է կազմակերպվել Լենինին հուղարկավորելու պահանջով

Բա ինչի՞ չեն թաղում Լենինին․ Հայաստանում ստորագրահավաք է կազմակերպվել Լենինին հուղարկավորելու պահանջով
Օրերս ՌԴ պետդումայի պատգամավորներ, Ռուսաստանի հանրային պալատի անդամներ, փորձագետներ և իրավաբաններ միավորվել էին աշխատանքային խմբում, որը ՄԱԿ-ի միջազգային դատարան դիմելու համար հայց է պատրաստում: Աշխատանքային խմբի ղեկավար Սերգեյ Մարկովը հայտարարել էր, որ դրանով համաշխարհային հանրությանը կոչ են անելու իրավական և իրավաբանական գնահատական տալ այն երկրներին, որոնք հերոսացնում են ազգայնականներին ու նրանց աջակիցներին։ Ըստ նրանց՝ Հայաստանը այն երկրների թվում է, որտեղ այսօր կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ։



Նրանք ստորագրահավաք էին կազմակերպել՝ պահանջելով հեռացնել Երեւանում տեղադրված Նժդեհի արձանը։



Ստորագրահավաքին հավաքվել է 200 հազարից ավելի ստորագրություն։



Այս ամենը բուռն քննարկումների առիթ դարձավ Հայաստանում։ Ի պատասխան սրան՝ «Ելք» դաշինքի անդամ, Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը ստորագրահավաք է սկսել Մոսկվայի Կրեմլի հրապարակի դամբարանում գտնվող Վլադիմիր Իլյիչ Լենինի մարմինը հողին հանձնելու համար:



Ստորագրահավաքին մասնակցել է 102 հոգի։



Ալեն Սիմոնյանը **Hraparak.am**-ի հետ զրույցում ասաց, որ եթե ռուսները կարող են իրենց թույլ տալ նման պահանջով ստորագրահավաք կազմակեչպել, ապա Հայաստանում էլ կարող են պահանջել հողին հանձնել Լենինին․ «Եթե իրենք կարող են իրենց թույլ տալ եւ ստորագրահավաք կազմակերպել Նժդեհի արձանը հանելու համար, մենք էլ գիտենք, որ Լենինին պիտի թաղեն, բա ինչի՞ չեն թաղում։ Ես չէի մտածում, որ այսքան աղմուկ կբարձրանա ստորագահավաքի շուրջ, ուղղակի մտքովս անցավ, ես գոհ եմ, թե ինչ արձագանք եղավ։ Մեկ օրվա մեջ 102 հոգի, վատ չի, կարեւորը թիվը չի, կարեւորը երեւույթն է։ Ինքն այդպես երեւույթ թող մնա, 102 հոգի կլինի թե 10 հոգի, կարեւորը երեւույթն է։ Ես հատուկ իմ անուն ազգանունով եմ արել, որ երեւա հայկական ազգանունով է արվում, թող այդ թեման շրջանառության մեջ լինի, ինչո՞ւ ոչ, ինչի՞ Մարկովից ինչ պակաս տղա եմ, եթե Ռուսաստանում Մարկովն է, Հայաստանում էլ Ալենն Սիմոնյանն է»։



Ալեն Սիմոնյանը նաեւ նշեց, որ արձագանքներ բավականին ստացել է. «Արձագանքներ ստացել եմ, հիմնականում թեթեւ հիստերիա սկսվեց ռուսական հպատակություն ունեցող եւ դրա մասին չիմացող հայ ազգի մեր ներկայացուցիչների մոտ, անկեղծ ասած, իրենք միեւնույն են ինձ համար, նման մարդկանց ես լուրջ չեմ վերաբերվում»։



**Աննա Պապիկյան**