Ռուսական աստվածաբանական միտքը վտարանդիության շրջանում․ II

Ռուսական աստվածաբանական միտքը վտարանդիության շրջանում․ II
1901 թվականին Պետերբուրգում հիմնադրվեց Կրոնա-Փիլիսոփայական ընկերությունը, որի նախագահությունը ստանձնեց Ստրագորոդսկի եպիսկոպոս Սերգիյը, ով հետագայում դառնում է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք: Այդ ընկերության այցելուներ դարձան ոչ միայն եկեղեցականները, այլ նաեւ աշխարհականներ, որոնցից էին այնպիսի նշանավոր մտավորականներ, ինչպիսիք էին`Դ. Ս. Մերեժկովսկին, Վ. Վ. Ռոզանովը, իշխաններ Ս.Ն. եւ Ե. Ն. Տուրբեկցիները, Ս. Ն. Բուլգակովը, Ն. Ա. Բերդյաեւը, Ս. Ա. Ալեքսեեւը կամ Ակսոլդովը, Ս. Լ. Ֆրանկը: Նմանատիպ հավաքներ տեղի էին ունենում նաեւ Մոսկվայում:



«Իդեալիզմի պրոբլեմները», «Ուղիներ», «Ռուսական միտք», «Նոր ուղի» ժողովածուները արտահայտում էին XX դարասկզբի ռուսական մտավորականության տրամադրությունների փոփոխությունները:Եկեղեցու գրեթե բոլոր բարձրաստիճան ներկայացուցիչներն ու հովիվներն այն ժամանակ զգում էին, որ անհրաժեշտ է իմաստավորել այն պատճառները, որոնցով պայմանավորված կրոնի հանդեպ սառնություն էին ցուցաբերում ազնվականության, մտավորականության, ուսանողության ներկայացուցիչները:



Զգացվում էր կարիք եկեղեցական բարեփոխումների, որը կբերեր երկրում Եկեղեցու կարգավիճակի փոփոխության եւ կներառեր եկեղեցական կյանքի բոլոր ոլորտները, ղեկավարության, վանքերի, եկեղեցական կրթական հաստատությունների եւ ծուխերի հետ միասին: 1904 թվականին Պետերբուրգի միտրոպոլիտ Անտոնի Վադկովսկին Նիկոլայ II ցարին գրություն է ներկայացնում, որում հիմնավորում է այն հանրային լայն արձագանք ունեցող հարցերը, որոնք կապված էին Ռուս Ուղղափառ եկեղեցուն դավանական ազատություններ տրամադրելու հիմքերը /Տես` Д.В. Поспеловский. Русская Православная Церковь в XX веке. М., 1995, с.25/: 1905 թվականին Ռուսաստանի վարչապետ Ս. Յու. Վիտտեն Նախարարների կաբինետին առընթեր ստեղծում է հատուկ խորհուրդ, որում ներառված էին մի շարք անվանի պրոֆեսորներ Հոգեւոր ճեմարաններից: Այս խորհրդի կազմում էր նաեւ Ստրագորոդսկի եպիսկոպոս Սերգիյը: Այս խորհրդի աշխատանքների շնորհիվ ստեղծվեց այսպես կոչված «Վիտտեի առաջին գրությունը», որում ասվում էր, որ անհրաժեշտ է եկեղեցական աշխարհաժողով գումարել /Сергей Голубцов. Московское духовенство в преддверии и начале гонений 1917-1922 гг. М., 1999, с.5/:



Նույն տարում Ռուս Ուղղափառ եկեղեցու բոլոր նվիրապետներին եւ բարձրաստիճան եկեղեցականներին առաջարկվեց Սրբազան Սյունհոդոսին ուղարկել իրենց տեսլականը գրավոր կերպով, որոնք պետք է արտացոլեին եկեղեցական բարեփոխումների մասին իրենց պատկերացումները: Հատկապես կարեւորվում էր այն, թե ինչպես են բարձրաստիճան կղերականները տեսում եկեղեցական կյանքի այն կամ այն ոլորտում փոփոխությունների ընթացքը, բովանդակությունը եւ այլն: Այս գրություններն ամփոփվեցին «Եկեղեցական բարեփոխումների հարցի առնչությամբ թեմակալ առաջնորդների արձագանքները» եռահատոր ժողովածուում, որն հրատարակվեց 1906 թվականին եւ դարձավ աշխատանքային հիմնական փաստաթղթային բազան 1917-1918 թթ Ռուս Ուղղափառ եկեղեցու աշխարհաժողովի համար, ժողով, որը վերականգնեց Մոսկովյան պատրիարքությունը, ընդունեց մի շարք կարեւորագույն որոշումներ հիմնական այն հարցերի հետ, որոնք ծառացած կային եկեղեցական կյանքում, ներառյալ նաեւ հոգեւոր կրթության ոլորտին առնչվող հարցերը:



Սակայն եկեղեցական այս աշխարհաժողովի որոշումները կյանքի կոչելն արդեն չափազանց ուշացած էր, քանի որ Ռուսաստանում արդեն հաստատվել էին բոլշեւիկները, որոնք նաեւ արդեն սկսել էին հակակրոնական իրենց գործողությունները եւ Ռուս Ուղղափառ եկեղեցին այլեւս չկարողացավ իր ներքին կյանքի բարեկարգության խնդիրներով զբաղվել: Նույնիսկ աշխարհաժողովը չկարողացավ ավարտել իր աշխատանքները, էլ ուր մնաց, թե որոշումները կյանքի կոչվեին: Եկեղեցին հայտնվեց հալածանքների հորձանուտում եւ թիվ մեկ խնդիրն այս դեպքում արդեն գոյություն պահպանելն էր խստագույն անկրոն վարչակարգի պայմաններում:



Ռոման Պեւցով



**bogoslov.ru**