Մեքսիկայում ևս մեկ լրագրող է սպանվել

Մեքսիկայում ևս մեկ լրագրող է սպանվել
Մեքսիկական Diario de Nuevo Laredo պարբերականի աշխատող Կառլոս Դոմինգեսը սպանվել է իր իսկ մեքենայի մեջ,- գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Jornada պորտալին: Սպանության պահին լրագրողի կողքին է եղել նրա դուստրը: Վերջին շրջանում նա իր իսկ պարբերականում քաղաքական թեմատիկայով հոդվածաշար էր վարում։ Նահանգի գլխավոր դատախազությունն արդեն սկսել է հետաքննություն՝ պարզելու լրագրողի մահվան մանրամասներն ու սպանության պատվիրատուներին: Հունվարի սկզբին Մեքսիկայի մայրաքաղաքում սպանվել էր երկրի ամենահայտնի պարբերականներից Universal-ի աշխատակիցը: Միայն 2017 թվականի ընթացքում Մեքսիկայում սպանվել է 12 լրագրող: Վերջին 17 տարում այդ երկրում սպանված ԶԼՄ ներկայացուցիչների թիվը հասնում է 120-ի: