Սեֆիլյանը եւ Սաֆարյանը բոյկոտեցին դատական նիստը, լքեցին նիստերի դահլիճը

Սեֆիլյանը եւ Սաֆարյանը բոյկոտեցին դատական նիստը, լքեցին նիստերի դահլիճը
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին ամբաստանյալներ Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարանը լքեցին դատական նիստերի դահլիճը` հայտարարելով, որ չեն վերադառնա, քանի դեռ իրենց հացադուլավոր ընկերների պահանջները չեն կատարվել:



Հիշեցնենք, որ արդեն մոտ 25 օր է, ինչ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը գտնվում են հացադուլի մեջ. նրանք պահանջում են իրենց «Նուբարաշենից» տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։ Դատավորը սանկցիա կիրառեց ամբաստանյալների նկատմամբ՝ նրանց հեռացնելով դատական նիստերի դահլիճից։



Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ երբ իր պաշտպանյալը դահլիճում չէ, ինքը չի կարող զբաղվել նրա պաշտպանությամբ, սակայն դատավոր Տաթևիկ Գրիգորյանը չթույլատրեց փաստաբանին հրաժարվել պաշտպանի իր գործառույթներից: Տիգրան Հայրապետյանը նշեց. «Դուք ինձ ստիպում եք, որ ես իմ պաշտպանների դիրքորոշմանը հակառակ գործառույթ իրականացնեմ: Ես չեմ ցանկանում առանց թույլտվության լքել դահլիճը»:



Դատարանը, սակայն, կրկնեց` ինքը չի թույլատրում Հայրապետյանին դահլիճից հեռանալ, չի ընդունում Սեֆիլյանի պաշտպանությունից հրաժարվելը: Հայրապետյանն էլ լքեց դահլիճը, սակայն դատավորը նշեց, որ Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը դատարանում է, և նիստը կշարունակվի:



Սակայն Արայիկ Պապիկյանն էլ հայտարարեց, որ իր պաշտպանյալները հրաժարվել են իր պաշտպանությունից և հետևաբար ինքը չի կարող զբաղվել նրանց պաշտպանությամբ: Արայիկ Պապիկյանը նշեց. «Ես դահլիճում եմ միայն որպես Ներսես Պողոսյանի պաշտպան»։



**Աննա Պապիկյան**