Կաթողիկոս չէ, տուրիստ է

Կաթողիկոս չէ, տուրիստ է
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հաղորդեց, որ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով հունվարի 9-ին մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ»:



Մենք թռուցիկ փնտրտուքի արդյունքում հայտնաբերեցինք, որ Գարեգին Բ-ն մեծ սեր ունի ճամփորդելու հանդեպ, ընդ որում՝ առավելապես զարգացած արեւմտյան երկրներ ու հատկապես՝ ԱՄՆ։ Ընդամենը 2 ամիս առաջ՝ հոկտեմբերի վերջին նա կրկին ԱՄՆ-ում էր, որտեղից կարճ այցով մեկնել էր նաեւ Մեքսիկա։ Դրանից առաջ էլ Գերմանիայում էր, որտեղ բարձր մակարդակով ընդունելության էր արժանացել։ Նույն 2017-ին մեր կաթողիկոսն այդքան հայկական բնակավայրեր չի այցելել, որքան արտերկիր՝ նա հունվարին Սանկտ Պետերբուրգում էր, մարտին՝ Ֆինլանդիայում, մայիսին, հետո սեպտեմբերին՝ Մոսկվայում, աշնանը՝ Բեռլինում ու Լոս Անջելեսում։ Սա միայն 2017-ին, իսկ դրանից առաջ մեր կաթողիկոսն ուր ասես չի եղել՝ Ֆրանսիա ու Հնդկաստան, Նիցցա ու Մարսել, Նեապոլ ու Հարավային Ամերիկա։ Մի խոսքով՝ իսկական տուրիստ։



Հասկանալի է, որ հայկական համայնքներ եւ թեմեր կան աշխարհի շատ երկրներում, բայց կաթոլիկ եկեղեցին ավելի մեծ սփռում եւ հոտ ունի, սակայն Հռոմի պապը կարծես թե «տուրիստական» հակումներով աչքի չի ընկել։ Եւ հոգեւոր առաջնորդի դերակատարումն ու առաքելությունն այնքան բարձր է, անելիքն՝ այնքան շատ, որ զբոսաշրջային ուղեւորությունների ժամանակ պարզապես չպետք է ունենար։