«Սուպեր մամա 2»-ի «անօրինական ճակատագիրը»

«Սուպեր մամա 2»-ի «անօրինական ճակատագիրը»
Հայկ Մարությանի «Սուպեր մամա 2» ֆիլմը մեծ էկրաններ բարձրանալուց հետո բուռն քննարկումների առիթ տվեց։ Կատակերգությունը դիտելու համար 3 ամիս շարունակ հերթեր էին կինոթատրոններում, սկզբում տոմսերը նախապես էին գնում․ արագ սպառվում էր։ Երեկվանից հայերը կրկին ոգեւորվել են․ Youtube-ում անօրինական ճանապարհով հայտնվեց ֆիլմը, որը ակնթարթորեն տարածվեց, իսկ մի քանի ժամ անց հեռացվեց։ Իսկ այդ ընթացքում «շուստրիները» հասցրին ներբեռնել, տարածել եւ հիմա այն հասանելի է գրեթե «ամենուր»։ Ի դեպ, ֆիլմից անորակ հատվածներ նախկինում ևս ներբեռնում էին համացանցում, սակայն այս անգամ, կարծես թե, «գողոնը» օրիգինալ տարբերակն էր։



Ֆեյսբուքում յութուբյան լինկերը լույսի արագությամբ տարածվեցին, կարծիքներն էլ սպասեցնել չտվին։Ֆեյսբուքահայությունը բաժանվեց 2 մասի, ոմանք ուրախացրել էին ֆիլմի վաղաժամ «ծնունդով», ոմանք էլ տրտնջում էին՝ նեղսրտելով, թե ապօրինի տարածումը վնաս է կինոարտադրությանը։



Ու այս «վայրիվերումների» ֆոնին համացանցում սկսեցին «իրար միս ուտել»։



Երեւանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը իր Ֆբ-էջում գրում է․ «Նախ ապշում եմ այն ԶԼՄ-ների վրա, որ «Սուպեր Մամա 2» ֆիլմը դնում են իրենց կայքում և տարածում։ Հիմա, որ վաղը Ձեր լրագրողների գրած նյութերը սկսեն copy paste անել , պիտի սկսեք զանգել, փորձել 4 պարբերություն տեքստը հանել տալ, չէ՞․․․Բա մարդիկ մի տարի աշխատել են դրել եք գողությունը տարածո՞ւմ եք։ Մարդը Հայաստանի մարզերով պտտվում, ցուցադրում է , հետո, ժամանակը երբ գալիս է համացանց դնում են , TV ցուցադրում է, յանի ի?նչ « Դիտեցի՞ք, Լա՞վն էր, շնորհակալությունը Հայկոին էտ էր ձեր կողմից,հա՞, Դե չզարմանաք, որ նոր ֆիլմեր չլինեն»։



Արամ Մանուկյանն էլ գրում է. «Ուրիշ վախտ ասում եք հարգում եք Հայկ Մարությանին, բա հիմա խի՞ եք տարածում գողացված ու համացանց քցած Սուպեր Մամա 2-ը։ Մարդիկ աշխատանք են արել ու փողեր են ծախսել , սենց չի կարելի»։



Իսկ թե ինչպես ֆիլմը հայտնվեց համացանցում։ Հարցի պատասխանը ստանալու համար մենք փորձեցինք կապ հաստատել Հայկ Մարությանի հետ, սակայն, ինչպես որ ենթադրում էինք, հեռախոսազանգերն անպատասխան էին մնում։ Թեև նախօրեին մեր լրագրողի հարցին, թե ֆիլմը գուցե պաշտոնապես է հրապարակվել, պարզապես անակնկալ է եղել օգտատերերի համար, Հայկ Մարությանը կարճ ու կոնկրետ նշել էր՝ ոչ։



Հ.Գ. Ֆիլմը նկարահանելու համար Հայկ Մարությանը վաճառել էր անձնական ավտոմեքենան, պակաս գումարը լրացրել էր վարկ վերցնելով, ընդհանուր առմամբ ծախսվել էր 400 հազար ԱՄՆ դոլար։ Թե ֆինանսական որքան վնաս է կրել ֆիլմը, հայտնի չէ, բայց այն, որ ֆիլմը հասցրեց դառնալ օգտատերերից շատերի «լավագույն կատակերգություն»-ը, փաստում են կարծիքներն ու մեկնաբանությունները։



**Աննա Պապիկյան**