Կրիմինալ ու արյունառատ 2017․ տարվա աղմկահարույց սպանությունները (ամփոփում)

Կրիմինալ ու արյունառատ 2017․ տարվա աղմկահարույց սպանությունները (ամփոփում)
Միանշանակ կարող ենք փաստել, որ այս տարի «աչք չենք բացել» սպանություններից, վենդետայից, արյունալի իրադարձություններից։ Մենք փորձեցինք վերականգնել 2017-ի քրեական քրոնիկոնը։ Եւ տխուր պատկեր ստացվեց։



**Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանությունը**



Տարին սկսվեց աղմկոտ սպանությամբ՝ հունվարի 7-ին, ժամը 12:30-ի սահմաններում. «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ էին արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Գեղարքունիքի փոխմարզպետի որդու՝ Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Սպանված Հայկ Հակոբյանը Նորատուսցի Ալիկի մորեղբոր որդին էր: Սպանության մեջ մեղադրվեց Գեղարքունիքի բնակիչ Մեխակ Հարությունյանը։ Նրան կալանավորեցին, իսկ մարտի 25-ին նրա նկատմամբ Քրեակատարողական հիմնարկում մահափորձ կազմակերպվեց, որը կանխվեց եւ երեք անձի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց։ Մամուլում գրվեց, որ այդ սպանությունը պատվիրել է Նորադուսցի Ալիկը՝ Ալիկ Բանդուրյանը, որը նույնպես կալանավայրում է, բայց փաստորեն այնտեղ էլ է շարունակում հանցավոր գործունեությունը։



**Շամիրամի վրեժը**



Արագածոտնի մարզի եզդիաբնակ Շամիրամ գյուղում տեղի ունեցածը ցնցեց շատերին։ Արմավիրի մարզի Արաքս համայնքի բնակիչ, ազգությամբ եզդի Թելման Քալաշյանը ինքնաձիգով զինված մտել էր Շամիրամ գյուղի գերեզմանների հարեւանությամբ գտնվող սգո սրահ եւ անկանոն կրակոցներ արձակել այնտեղ գտնվողների ուղղությամբ՝ խլելով 4 մարդու կյանք, 6 հոգու վիրավորելով։ Դրդապատճառը, պարզվեց, պարտքն էր, որը փորձել էլ հետ ստանալ Քալաշյանը: Մյուս վարկածն էլ այն էր, որ Քալաշյանը սգո սրահում կրակել էր Ռուսաստանից եկած Օզմանյան եղբայրների ուղղությամբ, որոնք տեղում մահացել էին, իսկ եղբայրներից մեկը՝ Ամրոն հայտնի հեղինակություն է Ռուսաստանում։ Ասում էին, թե Քալաշյանը վրեժ էր լուծում ՌԴ-ում եղբոր սպանության համար։ Դեպքի առնչությամբ քրգործ էր հարուցվել, Քալաշյանը որոշ ժամանակ անց հայտնաբերվեց եւ ձերբակալվեց։



**Սևանի վենդետան**



Օգոստոս ամսվա ուշագրավ դեպքերից մեկն էլ Սևանում հուլիսի 30-ին տեղի ունեցած կրկնակի սպանությունն էր։ Սեւանա լճի տարածքում Սեւան քաղաքի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանին ծեծի էին ենթարկել, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Մամուլում գրվեց, որ Աշոտ Հովհաննիսյանը «Միրաժ» հանգստյան գոտու սեփականատերն էր։ Ծեծից քիչ անց կրակոցներ էին հնչել: Մամուլում հրապարակումներ եղան, որ սպանվածի տղան վրեժ լուծելու նպատակով կրակ է բացել հորը ծեծի ենթարկողների վրա: Իսկ վիճաբանությունը սկսվել էր այն բանից, երբ Աշոտ Հովհաննիսյանը գումար էր պահանջել նավի վարձակալության համար, իսկ երիտասարդները հարբած էին եղել եւ դաժան ծեծի էին ենթարկել նրան: Աշոտ Հովհաննիսյանը տեղում մահացել էր, մահը վրա էր հասել սրտի կաթվածի հետևանքով: Հոր մահվան մասին տեղեկացել էր նրա որդին՝ էդգար Հովհաննիսյանը, ով էլ վրեժխնդիր էր եղել՝ կրակելով հորը ծեծողների ուղղությամբ։ Արդյունքում հրազենային վնասվածք էր ստացել Արգավանդ գյուղի բնակիչ 28-ամյա Դավիթ Առաքելյանը: Սպանությունից հետո Աշոտ Հովհաննիսյանի որդին ներկայացել էր ոստիկանության բաժին: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:



**Արմավիրի մարզպետի հանգուցյալ խորհրդականը**



Ամռան կրիմինալ քրոնիկոնը սկսվեց Արմավիրի մարզպետի խորհրդականի՝ Մանուկ Սիմոնյանի «անհետանալու» փաստով։ Հուլիսի 21-ից խորհրդականը կորած էր։ Կինը հաղորդում էր տվել ոստիկանություն։ 4 օր անց՝ հուլիսի 25-ին նրան հայտնաբերեցին Դալարիկ գյուղի մոտակա ձորում՝ մայրուղուց 300 մետր հեռավորության վրա գտնվող քարքարոտ տարածքում, պոլիէթիլենային տոպրակով փաթաթված։ Մամուլում սկսվեց հրապարակել սպանության հնարավոր և անհնար վարկածներ։ Այն, որ խորհրդականի կինն է՝ խանդից դրդված, որդու օգնությամբ, կատարել հանցագործությունը, առաջինը գրեց **Hraparak.am-ը**։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդեց՝ Մանուկ Սիմոնյանի սպանությանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել են կինը և որդին։ Ապա մեղադրանք առաջադրվեց միայն կնոջը, իսկ որդուն արգելանքից ազատելու որոշում կայացվեց։ ՔԿ-ն տվեց դեպքի մանրամասն նկարագրությունը. «Պարզվել է, որ տուժողի կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից: 2017 թվականի հուլիսի 22-ին՝ առավոտյան, կնոջ և ամուսնու միջև տեղի է ունեցել հերթական վիճաբանությունը, ինչից հետո ամուսինը քնել է, և կինը փայտ կոտրելու կացնով հարվածել է քնած ամուսնուն, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Այնուհետև կինը զանգահարել է որդուն և տուն կանչել: Հաջորդ օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, ամուսնու ավտոմեքենայով, որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում»։



**Մահափորձ քրեական հեղինակության դեմ**



Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ տարվա ամենաաղմկահարուց սպանություններից մեկը՝ Թուֆենկյան հյուրանոցի առաջ 3 հոգի կրակոցներ արձակեցին եւ դիմեցին փախուստի, մեկ հոգի սպանվեց, իսկ իրական հասցեատերը՝ քրեական հեղինակություն համարվող ալավերդցի Վահագն Աբգարյանը միայն վնասվածքներ ստացավ։ Սա Ալավերդու հայտնի վենդետայի շարունակությունն էր, որը հին պատմություն ունի։ Վենդետայի կողմերը 2 խմբավորումներ են։ Այս տարի հունիսի 13-ին Ալավերդիում հերթական սպանությունը տեղի ունեցավ։ Այս արյունալի դեպքերը երկար տարիների պատմություն ունեն։ Երկու ընտանիքներ հերթով իրար սպանում են՝ մեկը մյուսից վրեժ լուծելով։ Հունիսի 13-ին սպանվածը երեք մանկահասակ երեխաների հայր էր՝ 30-ամյա Կամո Փիրուզյանը։ Նրա վրա կրակել էին Ալավերդու Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի դիմաց, հիվանդանոց չհասած՝ մահացել էր։ 2016 թ․ մայիսի 19-ի կեսգիշերին, ըստ քրգործով հարուցված մեղադրանքի, Կամո Փիրուզյանի եղբայր Վարդան Փիրուզյանը կրակելով սպանել էր Ալավերդի քաղաքի բնակիչ Վարդան Ավագյանին եւ Երեւան քաղաքի բնակիչ Էդուարդ Պողոսյանին։ Ըստ տեղեկությունների՝ ի սկզբանե հարձակվել են Վարդան Փիրուզյանի վրա՝ նրան սպանելու համար, սակայն վերջինս կարողացել է խլել զենքն ու ինքն էլ կրակելով սպանել վերոնշյալ անձանց։ Ավագյանն ու Պողոսյանն Ալավերդիում հայտնի էին որպես քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի թիկնապահներ։ Աբգարյանն անցյալ տարվա հունիսի 7-ի ընտրություններում աշխատում էր գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի կողմից։



**Պատանդառուն սպանվեց**



«Weekend» բիլիարդ ակումբում 31-ամյա Գոռ Հակոբյանը պատանդ էր պահել 24-ամյա կնոջը, սպառնացել սպանել նրան, ապա ակումբին պատկանող գույքը շպրտել փողոց: Մեկ ժամ տեւած բանակցություններն արդյունք չտալուց հետո իրավապահները դիպուկահարի կրակոցով վնասազերծեցին նրան: Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին տղամարդը մահացել էր: Այս դեպքը ուշագրավ էր նրանով, որ ոստիկանությունը դիմել էր հատուկ միջոցի՝ այդպիսով պատանդառուին զրկելով կյանքից, ինչն էլ, մեղմ ասած, չողջունվեց հասարակության կողմից։ Դեպքով հարուցվեց քրեական գործ, որն էլ 2 օր հետո կարճվեց։



**Աննա Պապիկյան**