Սերժ Սարգսյանն է օրենքի պահապանը, ինքը պետք է ուղղորդի, որ օրենքը ճիշտ կիրառվի

Սերժ Սարգսյանն է օրենքի պահապանը, ինքը պետք է ուղղորդի, որ օրենքը ճիշտ կիրառվի
Դիլիջանում ՏԻՄ-երին նվիրված խորհրդաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանի անկեղծ խոստովանությունը մի քանի օր է՝ փոթորիկ է բարձրացրել հանրության ակտիվ շրջանակներում։



Պարզվում է՝ համայնքապետերի գործունեությունն ու թույլ տված չարաշահումները կարգավորվում են ոչ թե օրենքով, այլ Սերժ Սարգսյանի կամքով, որը որոշել է նոր տարում այլեւս չներել նրանց․ «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում են անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, եւ չմանրամասնեմ, որովհետեւ ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետերի նկատմամբ, որովհետեւ համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, եւ այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսեւորումներ: Ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որեւէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի»։ Խոսքի վերջում նախագահը նշել է. «Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որեւէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում»։ Եթե որեւէ մեկն առավոտից երեկո պատրաստ չէ աշխատելու, «ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբասանքներն առաջին տեղն է դնելու, եւ իրեն թվալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են, ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում»:



Համայնքի մի շարք ղեկավարների հետ մեր զրույցից, սակայն, պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը մեծ հաշվով զրպարտում է իրենց՝ բոլորն աշխատում են ուժերի գերլարումով, ու ներելու կարիք էլ չկա։ «Ինչպե՞ս է ստացվում, որ գնում ենք համայնքներ, գյուղեր եւ տեսնում ենք, որ նույն աշխատուժն ունեցող տարբեր ընտանիքներ տարբեր սոցիալական վիճակ ունեն»,- զարմանք է հայտնել նա։



Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի 7 տարվա ՀՀԿ-ական ղեկավար **Էդվարդ Միրզոյանը** վստահեցնում է՝ իր ղեկավարած համայնքում մարդիկ գիշերուզօր աշխատում են, բայց էլի լավ չեն ապրում․ «Մեր մոտ ամառ-ձմեռ աշխատում են, հողը մի րոպե ազատ չի մնում, բայց գյուղացին շատ վատ է ապրում, եթե կանաչու կապը 20 դրամ է, էդ ինչքա՞ն պիտի վաճառի, որ տուն պահի։ Քանի տարի է՝ շատ դժվար է ապրել։ Ամառը վարունգը թափեցին»։ Համայնքապետն ասում է, որ Հայաստանում գնորդ չի մնացել, ապրանքն էլ գյուղացին չի կարողանում արտահանել, այդ պատճառով էլ հայտնվել է ծանր վիճակում․ «Բոլորը մեզ մոտ հյուր են գալիս ու զարմանում ժողովրդի աշխատասիրության համար, բայց արդյունք չկա, հասկանո՞ւմ եք։ Իշխանությունը թող ճանապարհները բացի, որ մարդիկ էլ իրենց ապրանքը Ռուսաստան տանեն վաճառեն, թե չէ ժողովուրդն աշխատող է։ Հայաստանում ժողովուրդ չկա, էդ ապրանքը տանեն Հայաստանի շուկա, ի՞նչ անեն։ Քաղաքում պիտի աշխատատեղ լինի, որ մարդիկ աշխատեն, փող առնեն, գյուղի մարդիկ էլ լավ ապրեն»։ Միրզոյանն ասում է, որ իր համայնքում էլ կան ընտանիքներ, որոնք «տակից» լավ են ապրում․ «Էն կողմերից ոսկիներ են բերել, մինչեւ հիմա էլ ծախսում են»։ Միրզոյանն իրեն աղա չի համարում․ «Տո, ի՞նչ աղա, սովորական գյուղի տղա եմ, ես նոքարից էլ՝ ներքեւ եմ, ոնց իմ գյուղացին է, էնպես էլ ես, գյուղացին ավելի շատ է ստանում, քան ես, գյուղացին գոնե հողը մշակում է, փողը դնում իր գրպանը, իսկ ես, ընգած գյուղի հոգսերով, մի օր ջրում եմ, մի օր՝ չէ, գործերը հետ են ընկնում»։ Իսկ նոր տարում չներվելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունի՞ց էլ չի վախեցել։ «Թող մտածեն այն մարդիկ, ովքեր նման առիթ են ունեցել ու կունենան»։



Գեղարքունիքի մարզի Ծովինարի համայնքապետ **Մհեր Մարտոյանն** էլ է «ընտիր» վերաբերվում նախազգուշացմանը․ «Աշխատում են, թող մաքուրով աշխատեն, իսկ ով կեղտոտ ա աշխատում, համապատասխան օրենքի ուժով պետք է պատժվի»։ Մարտոյանը վստահեցնում է որ իր շրջապատում նման գործընկերներ չկան․ «Ես էլ ընդհանրապես նման առիթ չեմ ունեցել ու ինչքան էլ աշխատեմ, հաստատ չի էլ լինելու»։ Մարտոյանը ո՛չ նոքար է, ո՛չ աղա․ «Ես բանվոր եմ եղել, շինարար, որ հլը գյուղապետ չէի, հազար հատ աղա կողովս չի անցնե, ինձ էդ բաները հետաքրքիր չեն, մենակ կարողանամ կանգնել մարդու կողն ու օգնել։ Բանվոր կըլնենք, նոքար չենք ըլնի»։ Խոսելով ծովինարցիների բարեկեցության ու աշխատասիրության մասին՝ համայնքի ղեկավարն ասաց, որ «էդքան էլ» լավ չեն ապրում․ «Գիտեք, մեր գյուղում ամեն ընտանիք մի խոպանչի ունի… Մեկը իմ ախպերը՝ դրսում է ու օգնում է ինձ, ու, անկախ քեզնից, պարազիտի նման ես դառնում։ Դե, մտածում են՝ խի՞ վարեմ, խի՞ չարչարվեմ, խի՞ անեմ, հենա կուղարկեն՝ կապրեմ, ավտոմատ դառնում ես պարազիտ, բայց որ աշխատեն, հաստատ վարդի նման կապրեն»։ Բայց լավ օրից չեն խոպան․ գնացել։ «Դե… հիմի ես էլ վախտին գնացել էի խոպան, յոթ տարի մնացի, եկա հայրենիքս, որովհետեւ տունս էի սիրում, հորս, մորս»։ Համայնքապետը վստահեցնում է, որ ժողովուրդը եթե ուզենա, անասնապահությամբ կզբաղվի, արտադրություն կտա։ «Դե, էդ մենաշնորհները Երեւանում են, ստեղ ի՞նչ մենաշնորհ, որ ես մի տոննա ամսական պանիր արտադրեմ, ինչի՞ պիտի վատ ապրեմ»,- ասաց նա։



Արմավիրի քաղաքապետ **Ռուբեն Խլղաթյանը**, որը բազում աղմկահարույց միջադեպերով է անցել, բայց մնացել է անպատիժ, Սերժ Սարգսյանի հայտարարությունը մեր «կատարմամբ» մինչեւ վերջ չլսելով՝ անցավ հակագրոհի․ «Հասկացա, հիմա ինչի՞ համար եք զանգել, ես շատ լավ կարծիքի եմ իմ երկրի նախագահի ասածի վրա ու ես չեմ ուզում իմ նախագահի ասածի վրա դնեմ ու կարծիք հայտնեմ։ Ընդհանուր առմամբ, բոլոր համայնքապետերի սրտով կարծիք հայտնեց, սրանով ավարտեցինք»։ Իսկ ինքը կամ իր գործընկերները նախկինում «ներվելու» առիթ ունեցե՞լ են։ «Ես էդ ինֆորմացիան չունեմ, ցտեսություն»։ Լոռվա Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանն էլ ասում է, թե Սերժ Սարգսյանը ճիշտ կանի, որ չների։ «Ինքն է, չէ՞, օրենքի պահապանը, ինքը պետք է ուղղորդի, որ օրենքը ճիշտ կիրառվի ու էդպես էլ անում է, ճիշտն էդպես է»,- ասաց նա եւ շեշտեց, որ ինքն անձամբ ներվելու առիթ չի ունեցել։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**