Այո, միջնորդել եմ ներել, որովհետեվ համայնքապետի գլխին գործ էին սարքում

Այո, միջնորդել եմ ներել, որովհետեվ համայնքապետի գլխին գործ էին սարքում
Սերժ Սարգսյանի դիլիջանյան ելույթը փոթորկել է հայ քաղաքական դաշտը։ Մի քանի օր է՝ այդ ելույթի բովանդակությունն է քննարկվում համացանցում։ Պարզվում է՝ կան համայնքապետեր, որոնք տարիներ շարունակ հանցագործություններ են կատարել ու ներվել։ Արդյոք Սերժ Սարգսյանի ելույթը հաղորդո՞ւմ չէր հանցագործության մասին։ «Ելք» խմբակցության իրավաբան պատգամավոր **Էդմոն Մարուքյանն** ասաց․ «Եթե ես լինեի գլխավոր դատախազը, ես անպայման ընթացք կտայի, կսկսեի զբաղվել այդ գործով՝ տեսնեի, թե որ մարզպետներն են միջնորդել, եւ ինչ ընթացակարգերով են ներվել»։ Իսկ հնարավո՞ր է իրենք դիմեն դատախազություն այս հարցով։ Մարուքյանն ասաց, որ այդ հարցը չեն քննարկել, կքննարկեն, կասեն։



Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմած Դաշնակցության ներկայացուցիչ **Արմեն Ռուստամյանի** համար էլ Սերժ Սարգսյանի ելույթում հնչած փաստերը նորություն չէին։ «Բոլորս գիտենք, որ տարել են ու չեն բռնվել։ Ինչո՞ւ, որովհետեւ համակարգն է թույլ տալիս: Ես փաստերն եմ արձանագրում, մենք գիտենք դրա մասին, եղել են այդպիսի դեպքեր ու չեն բռնվել, պատճառներն էլ գիտենք, թե որտեղ են»,- հայտարարեց պատգամավորը։ Ավելին՝ Ռուստամյանն անգամ «ինքնախոստովանական ցուցմունք» տվեց, երբ հարցրինք, թե ով է թույլ տվել, որ գողացել են։ «Թույլ տվողները մենք ենք եղել նաեւ, մենք էլ ենք լռել։ Մեկ-մեկ ոնց է լինում՝ հարեւանի տունը մտնում գողանում են, ինքը չի էլ դրա մասին ահազանգում, մինչեւ իր տունը չմտնեն»։



Սերժ Սարգսյանին ամեն առիթով իր հավատարմությունը հայտնող Էդուարդ Շարմազանովին էլ հարցրինք՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն այսքան տարի ներել հանցագործներին։ «Ուրեմն՝ պարոն նախագահը երբեք հանցագործությունը չի ներել, խոսքն անարդյունավետ կառավարման մասին է։ Հանցագործությունն ու անարդյունավետ կառավարումը տարբեր բաներ են»։ Իսկ բյուջեն թալանելը, բնակչության փողերն իրենց տուն տանելը հանցագործություն չե՞ն։ Շարմազանովը հստակ պատասխան չտվեց՝ կրկնելով, որ պետք է զանազանել անարդյունավետ կառավարումը եւ հանցագործությունը։ Նրան, սակայն, նյարդայնացրեց մեր այն հարցը, թե ով է գրում Սերժ Սարգսյանի ելույթների տեքստերը, եւ արդյոք նա ծանոթանո՞ւմ է դրանց բովանդակությանը՝ մինչեւ ելույթ ունենալը։ Պարզվեց՝ մեր հարցն «անլուրջ է եւ ոչ կոռեկտ»։ «Ուրեմն լսեք, պարոն նախագահն իր բոլոր ասած բառերի հետ ինքը համաձայն է»,- վիրավորված «շրխկացրեց» Շարմազանովը։



«Ես էստեղ չեմ եկել, որպես պետական ծառայող, քննարկելու իմ երկրի գերագույն գլխավոր հրամանատարի խոսքերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի, իմ կուսակցության, իմ պետության նախագահի խոսքերն իմ համար երբեք քննարկման առարկա չեն եղել։ Դրանք եղել են հրահանգներ, դիրեկտիվներ, եւ դրանց ի կատար ածվելը քննարկման առարկա չէ՝ առնվազն իմ կողմից»,- չէր հանգստանում ԱԺ փոխխոսնակը։ Այսինքն՝ անվերապահ վստահո՞ւմ եք նրա ամեն մի խոսքին։ «Այո, անվերապահ վստահում եմ, հավատում եմ, նվիրված եմ։ Նո՞ր իմացաք, էս 11 տարի է՝ քաղաքականության մեջ եմ»,- ասաց նա։



«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ի՝ կոալիցիայում եղած ժամանակ Վայոց Ձորի նախկին մարզպետ **Սերգեյ Բագրատյանն** էլ խոստովանեց, որ երեք տարբեր դեպքերով ինքը միջնորդել է վարչապետին ու նախագահին, որ ներեն երեք տարբեր համայնքապետերի։ Մեկով միջնորդել է անձամբ Սերժ Սարգսյանին։ «Այո, ես միջնորդել եմ հանրապետության նախագահին, որ Արենի համայնքի ղեկավարին ների, որովհետեւ Արենի համայնքի ղեկավարն անմեղ էր, եւ փորձում էին գործ հարուցել նրա վրա՝ ինչ պատրվակով, որ իբրեւ թե Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող քարանձավը տրամադրել է ապօրինի սննդի օբյեկտի կառուցմանը»,- ասաց նա։



 



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**