Զինվորի մահվան գործով նշանակվել է դատական առաջին նիստը

Զինվորի մահվան գործով նշանակվել է դատական առաջին նիստը

Պաշտպանության բանակի N զորամասի հրետանային դիվիզիոնի կառավարման կետում 2016-ի մայիսի 29-ին մահացած Սուրեն Մոսիյանի գործով դատական առաջին նիստը նշանակվել է հոկտեմբերի 11-ին: Դատաքննությունը տեղի է ունենալու Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր՝ Գրիգոր Հովհաննիսյան: Արդեն հայտնել ենք, որ սույն գործով մեղադրանք է առաջադրվել Սեդա Գուրգենի Թադեւոսյանին՝ Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբանին: Քրգործի հակիրճ տեղեկանքից պարզ է դառնում, որ Թադեւոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա թերացել է իր պարտականությունները կատարելիս: Մասնավորապես՝ ընդգրկված լինելով հիշյալ զորակոչային հանձնաժողովի կազմում որպես սրտաբան փորձագետ-բժիշկ, պարտավոր էր, ՀՀ պաշտպանության նախարարի 08.04.2013թ. թիվ 410 հրամանի համաձայն, քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու ժամանակ անհատական գնահատման կարգով որոշել նրանց առողջական վիճակը, պիտանելիության մասին տալ եզրակացություն, իսկ դժվարությունների դեպքում զորակոչիկին ուղարկել հետազոտման քաղաքացիական բուժհիմնարկ, ինչը չի արել: Թադեւոսյանի կողմից տրված ախտորոշումները նպաստել եւ ուղղորդել են զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի անդամների կողմից որոշումների կայացմանը, առաջացրել, փոփոխել, դադարեցրել են իրավական հարաբերություններ, որոնք զինկոմիսարիատի պաշտոնատար անձանց ու զորակոչիկների համար ունեցել են իրավաբանական փաստի ուժ: 2015թ. ամառային զորակոչի ընթացքում Արտաշատ քաղաքի բնակիչ 1997թ. ծնված զորակոչիկ Սուրեն Արմենի Մոսիյանի մոտ Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում պարտադիր հետազոտության ժամանակ ԷՍԳ քննությամբ հայտնաբերվել է սինուսային առիթմիա, հաճախասրտություն՝ 110 զարկ րոպեում, ախտորոշվել են աջ նախասրտի գերաճի նշաններ, ինչը վկայել է սիրտ-անոթային համակարգի ախտաբանական շեղումների մասին: Սրտաբանը պարտավոր էր Մոսիյանին ուղարկել սրտաբանական կլինիկա՝ ստացիոնար, ավելի ծավալուն հետազոտությունների կատարման համար, սակայն չի ուղեգրել, «այլ հիմնվել է սեփական փորձի ու իր կողմից կատարված ոչ լիարժեք զննության տվյալների վրա, հաշվի չի առել այն, որ «կարդիոմիոպաթիայի» պայմաններում զինվորական ծառայության կրումը ֆիզիկական եւ նյարդահոգեկան ծանրաբեռնվածության առումով կնպաստի հիվանդության խորացմանը, սրացմանը՝ ընդհուպ մահվան ելքի առաջացմանը»: 11.06.2015թ. թվագրված արձանագրությամբ Թադեւոսյանն ի պաշտոնե եւ իր լիազորությունների սահմաններում տվել է եզրակացություն, որ Սուրեն Մոսիյանը պիտանի է զինվորական ծառայությանը, դրանով իսկ ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք եւ ոչ պատշաճ է կատարել իր պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է Սուրեն Մոսիյանի մահը: Նա պիտանի չի եղել զինվորական ծառայությանը, սակայն զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության: Սեդա Թադեւոսյանը, ըստ գործի, կատարել է հանցանք: Մեզ հասած տեղեկություններով՝ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ պատրաստվում է իր շահերը դատարանում պաշտպանել ի դեմս երկու փաստաբանների: Որպես տուժողի իրավահաջորդ ճանաչվել է Մոսիյանի մայրը՝ Անժելա Հարությունյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ պայքարելու է մինչեւ վերջին ատյան, որպեսզի արդարությունը հաղթի, եւ մեղավորները պատժվեն: Տուժողի մոր շահերը դատարանում կներկայացնի փաստաբան Անի Չատինյանը: Նշենք, որ Մոսիյանը սոցիալապես անապահով ընտանիքց էր, որը ներգաղթել է Բաքվից: Մոսիյանը քույր եւ անչափահաս եղբայր ունի, ծնողներն ամուսնալուծված են:



Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ