Առևտրականները դժգոհում են ՊԵԿ-ից․ ակցիա ԱԺ-ի դիմաց (տեսանյութ, ֆոտոշարք)

Առևտրականները դժգոհում են ՊԵԿ-ից․ ակցիա ԱԺ-ի դիմաց (տեսանյութ, ֆոտոշարք)

Մի խումբ տնտեսվարողներ, հիմնականում ապրանք ներկրող առևտրականներ, այսօր առավոտյան բողոքի ակցիա էին անում Ազգային ժողովի դարպասների մոտ։ Նրանք դժգոհում են Պետեկամուտների կոմիտեից, որ կարգոները հանեց և փոխարենը մեկ մոնոպոլ ընկերություն ստեղծեց՝ «Նորֆոլկ քոնսալթինգը», որն էլ իրենց համար հավելյալ փաստաթղթային բարդություններ է առաջացնում։ Նրանք նաև դժգոհում են Հարկային նոր օրենսգրքի որոշ դրույթներից, որով պարտադրվելու է իրենց փաստաթղթավորել բոլոր ապրանքները, մինչդեռ իրենք պահանջում են հաստատագրված հարկով հարկվել, որպեսզի փաստաթղթային գլխացավանքներից զերծ մնան։ «Ուրեմն ապրանքը բերում ա պերեվոզչիկը, երեք դոլար քաղաքացուց վերցնում է մեկ կգ-ի համար Թուրքիայից բերելու դեպքում։ Դրանից 2 դոլար 65 ցենտ մուծում է պետությանը, դրանից 70 ցենտն էլ էդ «Նորֆոլկի» ծախսերի փողն ա, այսինքն՝ ստացվում է, որ մենք մի ապրանք բերելով՝ 3 տեսակի գումար ենք վճարում՝ մի հատ պերեվոզչիկին, մի հատ «Նորֆոլկին», մի հատ պետությանը․ 1.65 ցենտ՝ պետությանը, 70 ցենտ՝ «Նորֆոլկին», տարբերությունն էլ մի 65 ցենտ ա անում, դա էլ պերեվոզչիկ ա վերցնում»,-ասաց ակցիան կազմակերպած «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը։



Ապրանքը ներկրելուց հետո պետք է փաստաթուղթ վերցնեն, որպեսզի վճարեն 1.5 տոկոս հարկ, այլապես 5 տոկոսով կհարկվեն։ «Էդ «Նորֆոլկը» տալիս ա փաստաթուղթ, ժողովուրդն էլ վախենում ա փաստաթուղթը վերցնի, իր պատճառներն ունի։ Փաստաթուղթ ա տալիս, որ բերել եմ էսքան կգ ապրանք, հետո ես պետք ա գնամ լուսաբանեմ, թե իմ էդ 300 կգ ապրանքի մեջ ինչեր ա մտնում, ինչ գնով»,-ասաց նա՝ նշելով, որ մտավախությունն այն է, որ այդ փաստաթուղթը տալիս են ոչ թե պետական կնիքով, այլ ՍՊԸ-ի կնիքով։ Այժմ տնտեսվարողների մտավախությունն այն է, որ վաղը կարող է այդ «Նորֆոլկ քոնսալթինգը» սնանկանալ, իսկ իրենց ասեն, որ այդ ընկերության տված կնիքը ուժի մեջ չէ։



Առինջ մոլում հագուստի առևտրող զբաղվող Կարինե Գևորգյանն էլ ասաց, որ հարկային մարմիններն իրենց տեռորի են ենթարկում, և որ ոչ մի երկրում նման բան գոյություն չունի, որ սահմանի վրա վճարեն ԱԱՀ։ Hraparak.am-ը նկատեց, որ օրենքով թույլատրվում է ԱԱՀ-ն վճարել արդեն երկրի ներսում՝ մեկ ամիս անց։ Բայց առևտրականները պնդեցին, որ նման բան չկա, իրենք սահմանին են վճարում, և որ այդ մեկ կիլոգրամի համար վճարած 3 դոլարի մեջ 20 տոկոս ԱԱՀ-ն է։ Բայց թե ինչպես է դա ստացվում, չբացատրեցին։ «Մենք հիմա ուզում ենք, որ հաստատագրված վճար սահմանվի և այդ 1.5 տոկոս հարկն էլ մեկ պատուհան սկզբունքով մենք վճարենք։ Հիմա «Նորֆոլկն» ա դա անում, թե որը, եթե ինքն ա զբաղվում էդ ներմուծմամբ, ուրեմն թող էնտեղ էլ մուծենք էդ 1.5 տոկոսը, բայց էդ թղթաբանությունից ազատվենք»,-ասաց տիկին Կարինեն։ Մեր հարցին, թե կարգոների ժամանակ ի՞նչ գնով էին ներկրում մեկ կգ ապրանքը, առևտրականներն ասացին, որ էլի 3 դոլարի սահմաններում էր, բայց մրցակցության հաշվին կարողանում էին գինը իջեցնել մինչև 1.5 դոլարի, բացի այդ, կարգոների դեպքում կարողանում էին գումարը մաս-մաս վճարել, ոչ միանգամից ու սահմանին։



Նշենք, որ այս պահին Ազգային ժողովում ընթանում է ՀՀ 2018 թվականի քննարկումը, որին մասնակցում է նաև ՊԵԿ-ը։ Մենք կփորձենք վերոնշյալ խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաև ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանից։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ