Հարձակումներ Արծվիկ Մինասյանի վրա

Հարձակումներ Արծվիկ Մինասյանի վրա

Կառավարության վերջին նիստից հետո բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետաքրքրասիրությունը փորձեց բավարարել, ասելով, որ իր եւ վարչապետի միջեւ լարվածություն չկա, կառավարության ղեկավարի կողմից էլ նա խտրական վերաբերմունք չի տեսնում ՀՅԴ նախարարների նկատմամբ: «Կարող են լինել տեսակետներ եւ դրանց հնչեցման ցանկություն, կամք եւ հնարավորություն: Այլ բան, թե այդ տեսակետների բախումից ինչ որոշումներ են կայացվում, իսկ կայացվող որոշումները պետք է կատարվեն»,- փորձեց անկյունները հարթեցնել Արծվիկ Մինասյանը։ Իսկ անկյուններ կան։ Նախօրեի նիստում, օրինակ, կառավարության անդամները մի կողմում էին, Արծվիկ Մինասյանը՝ մյուս։ Վեճը ծագեց Ջրային կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի բերած ոռոգման ջրամատակարարման ոլորտում ջրի փաստացի օգտագործումը հաշվի առնող կառավարման հայեցակարգին հավանություն տալու քննարկման ժամանակ։



Բնապահպանության նախարարությունը պահանջել էր, որ հայեցակարգն անցնի շրջակա միջավայրի ազդեցության գնահատում, բայց կառավարության անդամները սա ավելորդ են համարում։ Նրանց տեսակետը բարձրաձայնեց Դավիթ Հարությունյանը։ «Մենք քննարկել ենք կոմիտեում այս հարցը, հանձնարարել ենք արդարադատության նախարարությանը՝ ներկայացնել իրենց տեսակետը, թե արդյոք պե՞տք է, որ այս հարցն անցնի ՇՄԱԳ: Մեր կարծիքով՝ բացարձակապես դրա կարիքը չկա, որովհետեւ չի համարվում օրենքով նախատեսված հիմնադրույթային փաստաթուղթ՝ ջրային տնտեսության բնագավառին վերաբերող»,- ասաց նա։ Արդարադատության նախարարությունը եւս պաշտպանել է Դավիթ Հարությունյանի տեսակետը, եզրակացնելով, որ գնահատման անհրաժեշտություն չկա։ Արծվիկ Մինասյանը պնդեց, որ օրենքը պահանջում է այդ փորձաքննությունն անցկացնել։ Վարչապետն էլ ձեւական որոշում ընդունեց՝ հարցը լուծել ըստ արդարադատության նախարարության հայեցողության, կարծես ինքը չէ բնության պահպանության եւ ջրերի կառավարման համար գլխավոր պատասխանատուն, այլ արդարադատության նախարարը։ Կարեն Կարապետյանը 2 օր տվեց ընդհանուր հայտարարի գալու համար, ասելով․ «2 օրը չի նշանակում, որ ՇՄԱԳ-ով անցնելու է»։ Զարմանալի կլիներ, եթե հանքարդյունաբերության զարգացման, Դալմայի այգիների ոչնչացման եւ, առհասարակ, Հայաստանի բնությունն ի նպաստ բիզնեսին ծառայեցնող կառավարությունը հանկարծ բնության պահպանության դիրքերից հանդես գար։ Բայց Արծվիկ Մինասյանի մտահոգությունը եւս արհեստական հնչեց։



Ընդամենը անցյալ տարեվերջին, երբ նա նոր էր նախարար նշանակվել, ու լրագրողները նրան խեղդում էին Ամուլսարի հանքի մասին հարցերով, նա «ոչ մեխին, ոչ նալին» ոճով պատասխանեց, որ օրինական է համարում Ամուլսարի հանքի վերաբերյալ փորձաքննության դրական եզրակացությունը, թեեւ փորձաքննությունների համակարգը Հայաստանում թերի է։ «Այն փորձաքննությունը, որ իրականացվել է, տրվել է դրական եզրակացություն: Բազմիցս եմ ասել, որ ես, որպես Սահմանադրությունն ընդունող, հարգող եւ Սահմանադրությամբ շարժվող մարդ, շարժվելու եմ բացառապես օրենքի շրջանակներում»: Եթե բնապահպանության նախարարը վախենում է խոսել նման խայտառակ փաստաթղթի դեմ, ինչո՞ւ է հիմա գնահատում պահանջում ոռոգման հայեցակարգի շուրջ, որը վնասաբերության աստիճանով չի կարող համեմատվել Ջերմուկի բնաշխարհն ավերող նախագծի հետ։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ