Օրբելյանի կազմակերպած վարպետության դասերը մթնոլորտ են փոխել

Օրբելյանի կազմակերպած վարպետության դասերը մթնոլորտ են փոխել

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 5-15-ն իրականացվեցին վարպետության դասեր, որոնց ընթացքում օպերային թատրոնի մեներգիչները հնարավորություն ունեցան վարպետանալու միանգամից 3 աշխարհահռչակ արտիստների մոտ, որոնց թվում էին «Մետրոպոլիտեն» թատրոնի երաժշտական ադմինիստրացիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ, դիրիժոր, օպերային ռեժիսոր, վոկալի ուսուցիչ եւ պրոդյուսեր Ջոն Ֆիշերը, Հյուսթոնի Գրանդ օպերայի թատերական խմբի ղեկավար, Մեծ թատրոնի եւ Մարիինյան թատրոնի երիտասարդական օպերայի ծրագրի գլխավոր խորհրդատու Դայանա Զոլան եւ Տոկիոյի միջազգային վոկալ արվեստի ակադեմիայի հիմնադիրներից, ԱՄՆ-Թանգելվուդ երաժշտական կենտրոնում վոկալ արվեստի ծրագրի համահիմնադիր Հովարդ Վատկինսը։ Ինչպես տեղեկանում ենք Օպերայի կայքէջից, նախաձեռնությունը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանինն էր, ծրագրի աջակիցն էլ՝ «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամը:



Օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանի կարծիքով, դրանք եղել են բացառիկ պրոֆեսիոնալ մակարդակի վարպետության դասեր։ Նա ընդգծում է՝ օպերային երգիչը, անկախ իր պրոֆեսիոնալիզմից, միշտ պետք է աշխատի իր վրա։ «Ինձ հատկապես ոգեւորել է այն փաստը, որ իրենք բոլորը շատ հավանեցին մեր ձայները»,-ասում է մեներգչուհին ու նկատում, որ նմանօրինակ վարպետության դասերը շատ մեծ գումարների հետ են կապված, եւ օպերային երգիչն անգամ մեծ ցանկության դեպքում, ֆինանսից ելնելով, չի կարողանում վարպետության դասեր անցնել նման մեծ արտիստների մոտ. «Աշխարհի լավագույն օպերային երգիչները գնում եւ մաստեր կլաս են ստանում այս մարդկանց մոտ, որոնց մոտ ընկնելն այդքան էլ հեշտ չէ, բայց մեր թատրոնի ղեկավարը՝ Կոնստանտին Օրբելյանը, այս ամենն արեց իր միջոցներով՝ հանուն թատրոնի ու մեզ բոլորիս։ Դրսում այս կարգի բարձր մասնագետների մոտ վարպետության դասեր անցնելու համար առնվազն 4-5 հազար դոլար է պետք, իսկ վարպետության 1 ժամը նրանց մոտ տատանվում է 150-200 եվրոյի սահմանում, եթե ոչ ավել։ Վերապատրաստվելու դեպքում էլ առնվազն 7 դաս պետք է, ինչը նույնպես մեծ գումար է կազմում։ Սա շատ կարեւոր քայլ էր մեզ՝ արտիստներիս համար, ինչը չի կարելի չգնահատել»։



Վարպետության դասերին մասնակցել են բոլոր ցանկացողները, դրանք բաց են եղել անգամ թատրոնի երիտասարդների համար. «Ես նման բան չէի տեսել, այդ մարդիկ շատ համբերատար ու բարեհամբույր բոլորի հետ աշխատել են։ Առաջին վարպետության դասը համընկավ իմ ծննդյան օրվա հետ, որը, կարող եմ ասել՝ մեծ նվեր էր, եւ անգամ Օրբելյանին ասացի դրա մասին, քանի որ շատ էի ուզում Ջոն Ֆիշերի հետ աշխատել։ Սա մեծ փորձառություն էր ինձ համար, որովհետեւ իմ դերերգերին նոր գույներ ավելացրինք, դրանից հետո նաեւ Հովարդ Վատկինսի հետ աշխատեցի, հատկապես նրանց դպրոցն ինձ ավելի հոգեհարազատ է։ Այս վարպետության դասերից բոլորն են գոհ»։



Օպերային երգչուհին ընդգծում է՝ 20 տարի է արդեն, որ աշխատում է թատրոնում, բայց նման մոտեցում մեներգիչների հանդեպ չի տեսել։ Նա դժվարանում է հիշել, թե վերջին անգամ երբ են նման որակի վարպետության դասեր անցկացվել թատրոնում. «Ոչ մի անգամ ես չեմ տեսել այդ բանը, առաջին անգամ տեսա նման հոգատար վերաբերմունք եւ դրա համար շատ ոգեւորված եմ։ Ի՞նչ կտա դա մեզ, ես կարծում եմ՝ եթե նման սկիզբ է դրվել, ուրեմն մեր թատրոնն անպայման մեծ վերելք պետք է ունենա։ Ես հավատում եմ, որ Կոնստանտին Օրբելյանը դա կանի մեզ համար, այս վարպետության դասերը դրա վառ օրինակն էին։ Վերջապես՝ նա անուն ունի, հարգանք, մեծ շրջապատ եւ դրա շնորհիվ այդ մարդկանց գրավում-բերում է մեր թատրոն, այդ շփումներն էլ իրենց հերթին թատրոնի ստատուսը բարձրացնում են, թե չէ այսպես կողքի վրա քաշված ինչքա՞ն կարելի է ապրել»։



Թատրոնում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, մասնավորապես «Գայանե» բալետի տապալումը, օպերային երգչուհին համարում է խուլիգանություն. «Նման բան չի կարելի անել, տարիներ առաջ նույնձեւ «Անուշ» օպերան տապալեցին, հիմա՝ «Գայանեն»։ Մի անգամ պետք է պատժվեն մարդիկ, որ էլ նման բան չանեն։ Այսպիսի բաները պետք է վերանան օպերային թատրոնից, մենք պետք է ստեղծագործենք, իսկ սա շատ է խանգարում ու ազդում մեր հոգեվիճակի վրա, ամիսներով խելքի չես գալիս, էլ չասեմ, թե ինչքան ամոթ է, երբ որպես արտիստ գնում ես մի տեղ, ու քեզ ասում են՝ էդ ի՞նչ արեցին...։ Այս հանգամանքը, անշուշտ, Օրբելյանի վրա էլ ազդած կլինի, բայց ինքն ուժեղ մարդ է»։
Արտիստները որքանո՞վ են համախմբված Օրբելյանի շուրջ, մեներգչուհին նշեց, որ բոլորն էլ նրան սիրում են. «Վստահորեն կարող եմ ասել՝ այո, քանի որ բոլորն էլ տեսնում են այս ամենը, եւ մենք միայն շնորհակալ ենք նրան նման վերաբերմունքի համար»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ