Մինչև չհիմնավորեն, որ սուտ մատնություն է, չպիտի գործ հարուցեն

Մինչև չհիմնավորեն, որ սուտ մատնություն է, չպիտի գործ հարուցեն

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ։ Նպատակը հանցագործության մասին հաղորդում տվող անձանց հնարավոր բարդություններից պաշտպանելն է։ Մասնավորապես, նախագծի հեղինակը նկատել է, որ բազմաթիվ են այն դեպքերը, երբ հանցագործության վերաբերյալ հաղորդման մեջ նշված հանգամանքներն առանց հերքելու կամ հաստատելու հաղորդում տված անձի նկատմամբ հարուցվում է սուտ մատնության վերաբերյալ քրեական գործ:



Արփինե Հովհաննիսյանը նախագծի գաղափարն այսպես ներկայացրեց, որ երբ որեւէ մեկն իքս անձի կողմից կատարված հանցագործության, ենթադրենք՝ խարդախության մասին հաղորդում է տալիս, իրավապահ մարմինները գործ են հարուցում ե՛ւ այդ իքս անձի դեմ՝ խարդախության հոդվածով, ե՛ւ այդ մասին հաղորդած անձի՝ սուտ մատնության հոդվածով։



«Նախագծով իմ առաջարկն այն է, որ մինչեւ այդ գործը չքննեն, որոշում չկայացնեն, որ նման բան չի եղել, որ այդ մարդը տվյալ արարքը չի կատարել, դիցուք՝ խարդախություն չի արել, եւ երբ կփակեն այդ խարդախության գործը, այդ ժամանակ նոր պիտի իրավունք ունենան սուտ մատնության հոդվածով գործ հարուցել այն անձի վրա, որն այդ սուտ ցուցմունքը տվել էր»,- բացատրեց նախագծի հեղինակը։



- Իսկ գործող օրենքով ինչպե՞ս է կարգավորվում այս հարցը, արդյոք տրամաբանորեն այդպես չպիտի՞ լիներ, որ ճշտեն, եթե պարզվի սուտ է, նոր գործ հարուցեն։



- Գործող օրենքն այնպես է կարգավորված, որ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս։



- Այսինքն, եթե որեւէ մեկը հանցագործության մասին հաղորդում է տալիս, ավտոմատ ի՞ր վրա էլ են գործ հարուցում։



- Որպես կանոն՝ այդպես է, այո։



- Ստացվում է՝ ըստ հայեցողությա՞ն են առաջնորդվում քննչական մարմինները։



- Հայեցողություն չեմ անվանի, չի կարգավորվում, մարդիկ իրավունք ունեն, հարուցում են՝ անկախ նրանից՝ իրենք էն մյուս գործով պարզե՞լ են՝ հիմնավո՞ր է, թե՞ չէ։



ՀԳ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունները եւ վերլուծությունները ցույց են տալիս, որ սուտ մատնության վերաբերյալ քրեական գործերի կտրուկ աճ է նկատվել վերջին տարիների ընթացքում։ Ըստ էության՝ իրավապահ մարմինները «նավսյակի» քրեական գործ են հարուցել թե՛ հաղորդում տվողի, թե՛ այն անձի դեմ, որը հանցագործություն է կատարել՝ ըստ հաղորդում տվողի ցուցմունքների։ Դա արել են մի նպատակով, որ ընթացքում կողմնորոշվեն՝ որ գործը փակեն, որ գործն առաջ տանեն։ Եվ սա իր մեջ ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ստացվում է ըստ հայեցողության՝ որ կողմն իրենց «լավ նայի», նրա գործը կփակեն, մյուսին կնստեցնեն՝ անկախ իրական հանցագործությունից։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ