Հայ ժողովուրդը Հիդրա է, կտրված գլխի տեղ աճում է նորը

Հայ ժողովուրդը Հիդրա է, կտրված գլխի տեղ աճում է նորը

2020 թվականին, երբ հանրակրթական դպրոցում «Գրականություն» առարկայի նոր չափորոշիչների նախագծից «Հայ Գրականություն» առարկայի «հայ» բառը հանվեց, դուք չէի՞ք պատկերացնում, թե ուր է տանում մեզ այս իշխանությունը։

Մերուժան Տեր -Գուլանյանը գրեց․ «Ինձ ապշեցրեց հայ գրականություն առարկայի հայ բառը հանելու որոշումը: Հավանաբար հաջորդ քայլն ուղղված է լինելու հայոց պատմության հայոց բառի դեմ, իսկ հետո հայոց լեզվի հայոց բառի և ընդհանրապես: Հայ բառը գործող իշխանությանը շատ է խանգարում: Խանգարում է ապշելու ձևով: Այս ամենն ինձ համար իսկապես շատ անհասկանալի է»: Եվ ճիշտ եզրահանգում արեց․ «Եթե այսպես շարունակվի Հայաստանի անունը ևս կփոխվի, քանի որ Հայաստան բառը կարծես շատերին է խանգարում: Կարելի է օրինակ Հայաստանի փոխարեն ասել պարզապես Նոր Հանրապետություն, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետություն: Այս ամենն ուղղակի սահմռկեցուցիչ է, և ես մարդկայինորեն վիրավորված եմ, շատ վիրավորված եմ: Իշխանություններն ամեն կերպ փորձում են հայ բառը ջնջել, սակայն աշխարհում չկա մի ռետին, որ կարողանա ջնջել հայ բառը: Երբևիցե այդ ռետինը չի լինելու, չի լինելու և վերջ..»։

44- օրյա պատերազմի խայտառակ պարտությունից և այս իշխանության դիմակազերծումից հետո կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ գրականության չափորոշիչում նախատեսում են ավելացնել «հայ» բառը, որից հետո վերջ կտրվեն ավելորդ խոսակցություններին: Հայ բառը հանելը համարում էր ավելորդ խոսակցություն։ Պարտված իշխանությունը որոշեց ավելի խորամանկ մեթոդներով գործել հայ բառի դեմ, որի ականատեսն ենք լինում վերջին շրջանում՝ հայ ժողովրդի պատմության դասագրքային խեղաթյուրումներով, հայ գրականության դասագրքից հայ նահապետներին հանելու գործնական քայլերով։

 Այսօր 10-րդ դասարանի դասագրքում Րաֆֆի չկա, հանել, դեն են նետել։ Եթե Րաֆֆու հազարավոր ասույթներից ընդամենը երկու ասույթ մեջբերենք, որոնք մեր պատմությանն են վերաբերվում, պարզ կլինի, թե ինչու՞ նա հայ գրականության Նիկոլի չափանիշներին չի համապատասխանում։ Րաֆֆին ասում է ՝ «Հայրենասիրությունը բացարձակ է, որին պետք է զոհաբերել ամեն ինչ», «Բնությունը բոլոր էակների տվել է իրենց նմանների հետ կռվելու ընդունակություն: Միայն մեռած մարմինները մնում են անշարժ և իրենց անձը պաշտպանել չգիտեն, որովհետև նրանք կյանք չունեն: Բայց ուր կյանք կա, այնտեղ կա և բնական կռիվ»:

Րաֆֆին գրում է, որ զենքի դիմաց պետք է զենքով պայքարել և ոչ թե այլ առարկաներով: Գլխավոր զենքն է գիտելիքը: Քո պատմության իմացությունը, այն բանի գիտակցումը, թե իրականում ո՞վ ես դու և որտեղի՞ց ես գալիս… Հայրենասերները, որոնց համար հայրենիքը բացարձակ արժեք է, Նիկոլի օրոք կամ ձերբակալվում, կամ քրեական հետապնդումների են ենթարկվում։ Հայրենիքը ոչի՜նչ է, որի համար կյանք են տվել, զոհվել․․․ Նա քարոզում է անշարժ մնալ, չկռվել հայրենիքի համար։ Քարոզում է մեռած մարմինների նման անշարժ լինել ու իրենց անձը չպաշտպանեն։ Ավելի լավ է խմբով գերի հանձնվել, քան սեփական կյանքի համար կռվել։ Էլ չեմ խոսում հայրենիքի, հող ու ջրի համար համար կռվելու մասին։ Նիկոլ Փաշինյանն ուզում է աշխարհին համոզել, որ հայ ժողովուրդը պատմություն չունի, չի կռվել, իր ինքնությունը չի պահպանել, այնինչ կան պատմիչներ, գրողներ, որոնք հակառակն են ապացուցում։ Ինքը դրա՛ն է դեմ՝ հանձին Րաֆֆիի․

«Հայոց ժողովուրդը մի զարմանալի ժողովուրդ է: Նրան սպանելը, եթե չասեմ անհնարին, կարող եմ ասել, որ շատ դժվարին է: Նա այն բազմագլխյան առասպելական վիշապն է, որ կոչվում է Հիդրա, որի յուրաքանչյուր ջախջախված և կտրված գլխի տեղ աճում է նորը և ավելի զորավորը: Դարերի ընթացքում համաշխարհային դարբնոցի սալի վրա, հայը այն աստիճան ծեծվեցավ, տաշվեցավ և կոփվեցավ, որ ստացավ երկաթի ամրություն: Նրան ջախջախելը շատ հեշտ չէ, նա չափազանց տոկուն է»:

Արցախի հանձնումից հետո հայ ժողովուրդը պիտի ապացուցի, որ ինքը այդ առասպելական Հիդրան է, որի յուրաքանչյուր ջախջախված և կտրված գլխի տեղ աճում է նորը և ավելի զորավորը։ Կտրել են Հայաստանի գլուխը, նո՛րը, զորավո՛րը պիտի աճի։ 

Հենց դա՛ չի ուզում կտրողը։