Մեր երեխաների հետ թշնամու պես վարվեցին

Մեր երեխաների հետ թշնամու պես վարվեցին
Հուլիսի 3-ից մեկնարկեցին պետական միասնական լրացուցիչ փուլի քննությունները: Այս քննությունները համեմատած նախորդ՝ հիմնական փուլի քննություններին, անցնում են շատ ավելի խաղաղ ու հանգիստ մթնոլորտում: Արդեն տեղի են ունեցել ֆիզիկա, հայոց լեզու, հայ գրականություն, մաթեմատիկա եւ հուլիսի 8-ին կենսաբանություն, ընդհանուր պատմություն եւ աշխարհագրություն առարկաների լրացուցիչ քննությունները:



Միասնական լրացուցիչ քննությունների մասնակիցների մեջ մեծ տոկոս են կազմում ՀՀ ոստիկանական ակադեմիա դիմած շրջանավարտները: Բանն այն է, որ "Ոստիկանությունում ծառայության մասին" օրենքում ապրիլին կատարված փոփոխությամբ ՀՀ ոստիկանական ակադեմիայի 2010-2011 թթ. ուսումնական տարվա ընդունելության համար չեն կարող դիմել պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները: Ապրիլի 26-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած այս օրինագիծը, եւ ըստ այդմ վերացվեց պարտադիր զինվորական ծառայություն չանցած տղաների՝ ՀՀ ոստիկանության ակադեմիա ընդունվելու իրավունքը: Այս տարվանից Ոստիկանական ակադեմիայի դիմորդների գործերին պարտադիր պետք է կցվեր զինգրքույկ: Այսինքն` դպրոցն ավարտած ու նախօրոք ակադեմիա ընդունվելու համար մի քանի տարի լրացուցիչ պարապած մոտ 800 դիմորդ կանգնեցին փաստի առաջ: "Իմ երեխան 2 տարի հայոց լեզու ու հայոց պատմություն ա պարապել, իսկ հիմա էկել ա ֆիզիկայի քննություն ա տալիս: 2 հազար դոլար փող եմ ծախսել երեխուս պարապելու համար, մեզ զրկել եմ ամեն ինչից, որ երեխես սովորի իր ուզած տեղում, բայց մեզ փաստի առաջ կանգնեցրին: Ասեցին՝ պիտի գնա բանակ գա ու նոր ընդունվի միլիցիայի ակադեմիա, բայց տենց երեխեն մի քանի տարի կորցնում ա: Հիմա էլ, քանի որ շատ էր ուզում պարտադիր կրթություն ստանար, ստիպված դիմել ա ուրիշ տեղ: Ախր թող նախօրոք ասեին, որ երեխեքը կողմնորոշվեին, չպարապեին կամ ուրիշ տեղի համար պարապեին: Քննությունից 1-2 ամիս առաջ օրենք ե՞ն փոխում",- վրդովված բողոքում էր Ոստիկանական ակադեմիա դիմած Հովհաննեսի մայրը՝ Աննա Թադեւոսյանը: "Ասում են՝ Ոստիկանական ակադեմիա դիմում են բանակից խուսափելու համար, բայց մենք դեմ չենք զինվորական ծառայությանը: Կարելի էր կոմպրոմիսի գնալ: Թող ընդունվեին, հետո 18-ը լրանար, գնային բանակ, գային ու շարունակեին, բայց մեր երեխաների հետ թշնամու պես վարվեցին",-ասում էր մեկ ուրիշ ծնող:



Մի խումբ ծնողներ մայիսին անգամ բողոքի ակցիա էին կազմակերպել Ազգային ժողովի դիմաց, բայց անարդյունք: "Մենք մայիսի 26-ին գնացինք Ազգային ժողով: Անձամբ Գալուստ Սահակյանը 5 հոգու ընդունեց, ասեց, որ չմտածենք: Իրենք կընդառաջեն մեզ: Ամեն ինչ լավ կլինի: Դիմորդները քննություն կտան, կգնան բանակ կգան ու կշարունակեն սովորել, բայց խաբեցին մեզ": Փորձեցինք այս կապակցությամբ պարզաբանումներ ստանալ հենց Գալուստ Սահակյանից, սակայն նա 2 օր շարունակ չպատասխանեց մեր զանգերին:



Քանի որ Ոստիկանական ակադեմիայի ընդունելության քննությունները կազմակերպում է  ՀՀ ոստիկանությունը, ապա մենք փորձեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանից պարզել, թե որն էր արդեն իսկ գործող օրենքում փոփոխություններ կատարելու նպատակը, ինչու փոխվեց ակադեմիա ընդունվելու կարգը, եւ ինչու մոտ 800 դիմորդի հնարավորություն չտվեցին այս տարի իրենց ուժերը փորձել ակադեմիա ընդունվելու համար: Սակայն նա վրդովված պատասխանեց, որ դա կառավարության որոշումն էր, ու այդ թեման արդեն վաղուց փակված է: Իսկ մեր այն դիտարկմանը, թե այդ դիմորդները բավական երկար պարապել են ակադեմիա ընդունվելու համար, իսկ հիմա քննություն են տալիս գոնե այլ ուսումնական հաստատություններ ընդունվելու համար, Շիրինյանը պատասխանեց. "Մարդիկ իրանց համար գնացել են քննություն են տալիս, ի՞նչ եք ուզում":



"2 ամսում ինչ հասցրել եմ, պարապել եմ, հիմա չգիտեմ ոնց կգրեմ",-ասաց արդեն մանկավարժական համալսարան դիմած մի տղա: Մենք այդպես էլ չհասկացանք, թե որն էր ՀՀ ոստիկանական ակադեմիայի ընդունելության կարգը փոխելու իմաստը, ինչո՞ւ ակադեմիայի դիմորդը պետք է պարտադիր ժամկետային զինծառայություն անցած լինի: Եթե պատճառը բանակից խուսափելն էր, ապա թող մյուս պետական բուհերի պես դիմորդներն ընդունվեին Ոստիկանական ակադեմիա, հետո ծառայեին բանակում ու կրկին շարունակեին ուսումը: Իսկ գուցե պատճառը բոլորովին ա՞յլ է: