Ձվակերության ժամանակն է

Ձվակերության ժամանակն է
Երեւանում եւ մարզերում շարունակվում է ձվի արժեզրկումը: Երեկ մայրաքաղաքի սուրպերմարկետներում այն վաճառվում էր հատը տասը դրամով, իսկ մարզերում իջել էր մինչեւ 8 դրամ: Սա աննախադեպ էժանացում է, եթե հիշենք, որ դեռեւս հունիսին կճեպով մեկ ձուն Երեւանում գնում էինք միջինը 40-50 դրամով: Չնայած էժան ձվի վրա պիտանելիության ժամկետ կամ արտադրության ամսաթիվ հիմնականում չի նշվում, տնային տնտեսուհիներին կարծես սա քիչ է հուզում: Էժանացման էյֆորիայի մեջ նրանք վաղ առավոտից հրճվանքով մաքրում են հավկիթը վաճառասեղաններից եւ պահեստավորում են սառնարաններում, քանի որ սպասում են, որ նորից կթանկանա: Եթե այսպես շարունակվի, ձուն անապահով երեւանցիների սպառողական զամբյուղում կգրավի երկրորդ հորիզոնականը հացից հետո, այդ տեղը խլելով կարտոֆիլից: Ապա հարկ կառաջանա ձվերի վրա գրել՝ "ձու ուտելը վնասակար է առողջությանը": Բայց այն, ինչ ուրախացնում է անապահով երեւանցիներին,  անհանգստացնում է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին: Հուլիսի 2-ին հավի ձվի իրացման գների իջեցմամբ մտահոգ այդ մարմինը վարչական վարույթ է հարուցել 5 ընկերությունների նկատմամբ, դրանց գործողություններում օրենքի հնարավոր խախտումների նշաններ տեսնելով: Խոսքը  "Աշտարակ ձու" ՍՊԸ-ի, "Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի", "Արզնի ԹՏԽ" ԲԲԸ-ի, "Արաքս" թռչնաբուծական ֆաբրիկայի, "Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի", "Լուսակերտի Հարություն" թռչնաֆաբրիկայի մասին է: Իսկ ավելի վաղ՝ հունիսի 30-ի նիստում անբարեխիղճ մրցակցության հնարավոր գործունեության վերաբերյալ է առանձին վարույթ հարուցվել՝ "Արաքս", "Արզնի տոհմային թռչնաֆաբրիկայի", "Երեւանի թռչնաֆաբրիկայի", "Վանկապ" ընկերությունների դեմ, քանի որ հայտնաբերվել էր, որ դրանց արտադրանքի վրա նշված չեն տեսակավորման թիվը եւ պիտանելիության ժամկետը: Երկու վարույթներն էլ դեռ չեն ավարտվել: ՏՄՊՊ հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանը չբացառեց, որ դրանց արդյունքները հետագայում միավորվեն:  "Հանձնաժողովը դիմել է 5 խոշոր տնտեսվարող սուբյեկտների եւ պահանջել է 7 օրում նրանց անմիջական գործունեության հետ կապված տվյալներ ներկայացնել՝ իրացման, արտադրության ծավալների հետ կապված եւ այլն",- ասում է մամուլի քարտուղարը: Այդ ժամկետի ավարտին հանձնաժողովի էքսպերտները կանցնեն առեւտրի կետերով եւ դիտանցումներ կկատարեն: Առայժմ պաշտոնապես չի հայտարարվում, բայց ակնհայտ է, որ հանձնաժողովը դեմպինգի, այսինքն՝ արտադրանքն ինքնարժեքով վաճառքի կասկածներ ունի, ինչն անբարեխիղճ մրցակցություն է: "Գինը ցածր է, որովհետեւ գերարտադրություն է տեղի ունեցել",- ասում է "Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի" սեփականատեր, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, ըստ էության արտահայտելով բոլորի կարծիքը: Միաժամանակ տպավորություն կա, որ արտադրողները խոսքը մեկ են արել, իսկ ՏՄՊՊՀ-ն այս համերաշխությունից դեմպինգի հոտ է առնում: Խոշոր արդյունաբերողների միջեւ իրոք լարված մրցակցություն է նկատվում: Մանավանդ այն բանից հետո, երբ վերջերս խոշորներից մեկը՝ "Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկան" շահեց պաշտպանության նախարարության հայտարարած մրցույթը եւ դարձավ  բանակի մատակարարը: Հավաստի վարկած կա, որ հենց այդ իրադարձությունն էլ սկիզբ է դրել դեմպինգային պատերազմի ձու արտադրողների միջեւ, որի նպատակը միմյանց վնաս եւ ֆինանսական կորուստներ հասցնելն է, ինչը նրանք ժխտում են: "Նման բան չկա, դա հորինված վարկած է",- վստահեցնում է Լուսակերտի թռչնաֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանը, իսկ Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը դեմպինգը, այսինքն պայմանավորված վաճառքը ինքնարժեքով, բացառում է. "Իմ կարծիքով, հավի ձուն ոչ թե ինքնարժեքով, այլ ինքնարժեքից էլ ցածր գնով է վաճառվում, ինչը ոչ թե դեմպինգ է, այլ ճգնաժամ: Իրականում գերարտադրություն է տեղի ունեցել, որը կանխատեսված էր, քանի որ շատ ընկերություններ, առանց մեր հետ խորհրդակցելու, առանց պահանջարկը հաշվարկելու ներդրումներ կատարեցին,, որի հետեւանքով էլ գերարտադրություն եւ գների կտրուկ անկում կատարվեց",- ասում է նա: Երեւանի թռչնաֆաբրիկայի դեմ մյուս արտադրողների միավորման մասին լուրը նա եւս հերքեց, ընդունելով, սակայն, որ իրոք, այդ ընկերությունը, դառնալով ՊՆ մատակարար, գրեթե կրկնապատկել է իր արտադրությունը: Եթե այդպես է, ապա հասկանալի է, որ վերջինս գերշահույթներ կարող էր ստանալ, ինչը ձվի հատը մեկ դրամով վաճառքի ներկայիս պայմաններում բացառվում է: Այժմ թռչնաբույծները կառավարության փորձագետների հետ խորհրդակցելով՝ ելքեր են փնտրում: Սերգեյ Ստեփանյանը հայտնեց, որ ընկերություններին հավանաբար կառաջարկվի քվոտավորել ձվի արտադրությունը, եւ նրանցից մի քանիսը դեմ չեն այս միջոցին, որը սովորաբար կիրառվում է գերարտադրության պարագայում: Սերգեյ Ստեփանյանը նշեց նաեւ, որ ձվի արտադրության քվոտավորումը ժամանակավոր միջոց է լինելու: