Մեկ դրամ` մեկ կյանք

Մեկ դրամ` մեկ կյանք
"Անտարբերությունը կսպանի կյանքը" խորագրով ասուլիս էր հրավիրել "Հանուն կյանքի" նախաձեռնող խումբը: Հիշեցնենք, որ հենց այս խմբի շնորհիվ է կազմակերպվել ու շարունակվում դրամահավաքը 4-ամյա Էրիկի բուժման համար, որը հիվանդ է ավշային հանգույցների քաղցկեղով: Արդեն հավաքվել է 3 մլն. դրամ: Էրիկն այսօր գտնվում է Մոսկվայի մի հիվանդանոցում, որտեղ ընդունում են քաղցկեղով հիվանդ այն երեխաներին, որոնց բուժման հավանականությունը մեծ է: Նախօրոք շրջանառվում էր, որ Էրիկի բուժման համար անհրաժեշտ է 6 միլիոն դրամ, սակայն այսօր նախաձեռնությունը լրատվամիջոցներին կոչ արեց գումարի որեւէ չափ չֆիքսել, քանի որ "բժիշկները չեն ասել որեւէ գումարի չափ, որի սահմաններում Էրիկը կարող է բուժվել: Բուժման ընթացքից  ու արդյունքից են կախված հետագա ծախսերը",- ասաց Անի Հովհաննիսյանը: Վերջերս շատ է խոսվում, թե ինչու հենց Էրիկը, ինչո՞ւ հանկարծ սկսվեց այս դրամահավաքը: Ամեն ինչ սկսվել էր, երբ նախաձեռնության երիտասարդները որոշել էին այցելել ուռուցքաբանության ազգային կենտրոն ու մի գեղեցիկ օր պարգեւել քաղցկեղով հիվանդ երեխաներին: Այնուհետեւ սկսվել էր համագործակցությունը: Երբ մի անգամ էլ երիտասարդներից մեկը հերթական անգամ զանգահարել էր հիվանդանոց, իմացել էր, որ Էրիկն ու մի երեխա եւս ծանր վիճակում են: Երկրորդ երեխային` Անահիտին, փրկել հնարավոր չէր, այդ պատճառով էլ երիտասարդներն ամբողջ ուժերը կենտրոնացրել են Էրիկի վրա: Երեկվա ասուլիսի նպատակը հաշվետվություն ներկայացնելն էր: Երիտասարդներն իրենց հետ բերել էին բանկային կտրոններ, անդորրագրեր, որտեղ պարզ ներկայացված էր հաշվեհամարին փոխանցված եւ ծախսված գումարը: "Մենք այսօր վստահության խնդիր ունենք: Երբեմն մեզ շշուկներ են հասնում մեր ընկերների միջոցով: Մարդկանց թվում է, թե սա հերթական խաբեություն է: Բայց ոչ, մենք այսօր հասել ենք մեր նպատակին. մարդիկ արդեն մեզ ճանաչում են ու վստահում",-ասաց երիտասարդներից մեկը:  Դրամահավաքի ակցիային մասնակցել են շատերը եւ Հայաստանից, եւ սփյուռքից: Իսկ հարցին, թե մեր խոշոր գործարարներն արդյոք ունե՞ն իրենց ներդրումը կազմակերպվող դրամահավաքին, պատասխանեցին. "Մենք չենք ուզում դիմել գործարարների ու գումար խնդրել: Այս ակցիան քաղաքացիական է, ու եթե իրենք իրենց քաղաքացի են զգում, ապա պիտի օգնեն, բայց մինչ այսօր արձագանք չկա": Այսուհետ մեկնարկելու է նաեւ "Հանուն կյանքի" երիտասարդ նախաձեռնող խմբի հերթական՝ "Մեկ դրամ` մեկ կյանք" ակցիան. "Եթե Հայաստանի ամեն քաղաքացի ամեն ամիս տա մեկ դրամ, հնարավոր կլինի փրկել մեկ երեխայի կյանք: Իրականում մեկ դրամը որեւէ մեկի համար էական նշանակություն չունի, բայց դրանով հնարավոր կլինի փրկել մեկի կյանքը: Մեկ դրամ` մեկ կյանք":