Աբգարը պատասխան է տալու

Աբգարը պատասխան է տալու
Ձեր օրաթերթի հուլիսի 3-ի համարում "ՀԳՄ-օֆիս" հրապարակման մեջ (հեղինակ՝ Աշխեն Քեշիշյան) հարցազրույցի հրավիրված Աբգար Ափինյանը նախ, բազմափորձ սովորույթի համաձայն, նենգափոխում է եղելություններն ու փաստերը, այնուհետեւ բացահայտորեն զրպարտում ինձ եւ Լ. Անանյանին: Այսպես. նա պնդում է, թե՝ "երբ ես ՀԳՄ քարտուղար էի, ունեի մեքենա, որը վաճառել է հենց Լեւոն Անանյանը":



Իմ հրապարակումներում ես նշել եմ, որ, հանդիսանալով ՀԳՄ "Նոր Դար Ազդարար" գրական-մշակութային ընկերության նախագահը, Ա. Ափինյանը չարաշահել է պաշտոնական դիրքը եւ գրական ընկերությանը նվիրված "ԳԱԶ-31" ավտոմեքենան ծառայեցրել նախ իր անձնական, ապաեւ ծառայողական կարիքներին: Սա քաջ հայտնի էր (եւ է) ինչպես "Նոր Դար Ազդարարի" երկու տասնյակ աշխատակից-գրողներին, այնպես էլ ՀԳՄ վարչությանը, նախագահությանը եւ գրողներին առհասարակ: Սակայն Ա. Ափինյանը բացահայտորեն զրպարտում է ՀԳՄ նախագահ Լ. Անանյանին եւ ինձ, ասելով. "Հետո էլ մենք կպարզենք, թե Լեւոն Անանյանն ինչ գնով էր պատվիրել այդ հոդվածը": Վերոնշյալի եւ հետեւյալի համար ("Պարզելու ենք, թե Լեւոն Անանյանն ինչ գնով է վաճառել ՀԳՄ մերձակա տարածքը") Ափինյանը ժամանակին, անկասկած, պատասխան կտա: Եւ անշուշտ, Ձեր իրավունքն է Ա. Ափինյանի նկարագրի մեկի բանսարկությունը հրապարակելը, ճաշակի խնդիր է: Սակայն առաջարկում եմ տպագրել իմ պատասխանը:



Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

25.07.2010թ.