Խայտառակ աշխատանքի խայտառակ ամփոփում

Խայտառակ աշխատանքի խայտառակ ամփոփում
Երեկ, նախապես հայտարարվածի համաձայն, ասուլիս էր հրավիրելու ԿԳ փոխնախարար, պետական ավարտական եւ միասնական քննությունների բողաքարկման հանձնաժողովի նախագահ Մանուկ Մկրտչյանը: Սակայն, ի զարմանս բոլորի, ասուլիսի ներկայացավ ոչ թե Մանուկ Մկրտչյանը, այլ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի նախագահ Գուրգեն Խաչատրյանը՝ իր "փրկիչ", ԳԹԿ մամլո խոսնակ Գայանե Մանուկյանի հետ: "Մանուկ Մկրտչյանը քաղաքում չէ",- պատճառաբանեցին: Ասուլիսի նպատակը այս տարվա պետական ավարտական եւ միասնական քննությունների ամփոփումն էր:



Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին ամբողջությամբ ավարտվեցին քննությունները, եւ, Գուրգեն Խաչատրյանի խոսքով, ընդունելության կարգի համաձայն, ընդունելության ցուցակները կկախվեն մինչեւ օգոստոսի 5-ը: Ասուլիսի սկզբում ԳԹԿ մամլո խոսնակը հանդես եկավ հայտարարությամբ եւ հորդորեց դիմորդներին ներկայացնել ատեստատները. "Շուրջ 600 դիմորդներ ընդունող հանձնաժողովներին դեռեւս չեն ներկայացրել իրենց  ատեստատները, եւ այդ պարագայում նրանք պարզապես դուրս կմնան մրցույթից: Նրանք չեն կարող ուսանող դառնալ՝ նույնիսկ բարձր միավորներ ստանալու դեպքում": Ատեստատները ներկայացնելու վերջնաժամկետը հուլիսի 30-ն է, ժամը 16:00-ն:



Լրագրողները կազմ ու պատրաստ սպասում էին այդքան մեծ աղմուկ հանած քննությունների ամփոփմանը, սակայն ասուլիսի ժամանակ առանձնապես ամփոփում էլ չեղավ, քանի որ Գուրգեն Խաչատրյանը բնավ տեղյակ չէ իր ղեկավարած ոլորտից: Ասուլիսն այնքան տաղտկալի էր, որ գրեթե հարցեր չհնչեցին, իսկ առաջադրված մեկ-երկու հարցին նա պատասխանում էր մամլո խոսնակի օգնությամբ: Քննությունների արդյունքներ էին ամփոփում, առանց որեւէ կոնկրետ թվերի ու արդյունքների. "Չեմ կարող ասել, հաստատ չգիտեմ", "մոտավորապես այդքան", "ձեռքիս տակ կոնկրետ թվեր չունեմ",- ասում էր Գուրգեն Խաչատրյանն ի պատասխան հնչեցվող հարցերի:



Նա այս տարվա քննությունների ընթացքը դրական գնահատեց. "Ընդհանուր առմամբ քննություններն ընթացան նորմալ, հաջողված, միայն առաջին էտապը մի փոքր  ծանր ընթացավ, հաշվի առնելով հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի հետ կապված իրադարձությունները, իսկ երկրորդ փուլը ընթացավ գրեթե առանց ցնցումների: Բանավոր քննությունները կարող եմ հաջողված համարել": Չնայած որ մամուլում բազմիցս գրվել է ԳԹԿ-ում տեղի ունեցող մախինացիաների, թեստերի արտահոսքի, պտտվող գումարների մասին, սակայն Գուրգեն Խաչատրյանը բացառեց դրանք՝ ասելով, որ թեստերի արտահոսք ընդհանրապես չի եղել. "Խոսքը 9-րդ դասարանի ավարտական թեստերի մասին էր: Դա իրոք փաստ է, երբ 114 դպրոցի մեր կոլեգան բերեց թեստերը, որոնք վերցրել էր աշակերտի ձեռքից:



Վատն այն է, որ նախորդ տարիներին էլ է նման դեպք գրանցվել": Թեստի արտահոսքի հեղինակները դեռ չեն հայտնաբերվել, ու ոչ ոք դեռ չի պատժվել, ինչը խոսում է այն մասին, որ եկող տարի էլ նման դեպքեր սպասելի են:



Ինչպես հայտնի է, այս տարի ավելացվել է պետական բուհերին հատկացված տեղերի քանակը, դրանք նույնիսկ գերազանցում են դիմորդների թվին, հետեւաբար որոշ ֆակուլտետներում թափուր տեղեր կառաջանան: Իսկ կկազմակերպվի՞ արդյոք լրացուցիչ մրցույթ թափուր տեղերի համար, ԳԹԿ տնօրենն ասաց. "Թափուր տեղերի մասին խոսելը դեռ վաղ է: Առջեւում դեռեւս հեռակա ընդունելություն կա, բայց մենք պարոն Աշոտյանի հետ աշխատում ենք, որ համեմատաբար քիչ դուրս մնացող դիմորդներ լինեն: Աշոտյանն ուզում է, որ հնարավորինս շատ մարդ ընդունվի": Այսինքն թափուր տեղերի մրցույթ, ամեն դեպքում, չի բացառվում: Ասուլիսի միակ դրականն այն էր, որ Գուրգեն Խաչատրյանը վերջապես հասկացել է, որ Հայաստանում կրթության մակարդակը ցածր է: Նրա կարծիքով՝ ավագ դպրոցների ներդրումը կկոտրի "կրկնուսույցների ինստիտուտը" եւ կնպաստի կրթության որակի բարձրացմանը: