Նռնակը՝ սաստելու միջոց

Նռնակը՝ սաստելու միջոց
Օրերս "Հրապարակն" անդրադարձել էր Արմավիրի մարզի Արմավիր գյուղում տեղի ունեցած միջադեպին, երբ համագյուղացիների միջեւ 150 հազար դրամի պատճառով ծագած ռազբորկան, որին միջամտել էր նաեւ Արմավիրի գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանը, տխուր վերջաբան էր ունեցել: Գյուղի բնակիչ 72-ամյա Էդիկ Սադոյանը կամ, ինչպես գյուղական միջավայրում են ասում՝ Սադոյենց Էդոն, նռնակ էր պայթեցրել ու զոհվել, վեճի մյուս մասնակիցներն էլ վիրավորվել էին: Երեկ խմբագրություն էր այցելել Արմավիր գյուղի բնակիչներից մեկը, որը նաեւ զոհվածի ազգականն է, եւ որոշ մանրամասներ պատմեց: Մենք նշել էինք, որ 150 հազար դրամ գումարը պարտք է վերցրել Էդիկ Սադոյանի որդին, բայց պարզվում է, որ պարտք վերցնողը եղել է ոչ թե նրա որդին, այլ հեռու բարեկամը:



Իսկ նրա որդին երկար տարիներ բացակայել է Հայաստանից եւ վերադարձել միայն միջադեպից հետո: Էդիկ Սադոյանի եւ պարտատերերի միջեւ վիճաբանությունը ծագել է այն բանից հետո, երբ պատկառելի տարիքի հասած Էդիկ Սադոյանը, տեսնելով պարտատիրոջ եւ պարտապանի միջեւ ծագած ծեծկռտուքը, փորձել է սաստել նրանց: Սակայն վիճողներն սկսել են հայհոյել Էդիկ Սադոյանին, պարտատերն անգամ ուժ է գործադրել: Հիշեցնենք, որ այս ամենը տեղի էր ունեցել գիշերը: Նռնակից օգտվելու կանոններին չտիրապետելը պատճառ է դարձել, որ զոհվի հենց ինքը՝ նռնակն օգտագործողը: