Արկադի Տեր-Թադեւոսյան. Պատասխանը պետք է համարժեք լինի

Արկադի Տեր-Թադեւոսյան. Պատասխանը պետք է համարժեք լինի
Հայ-ռուսական պայմանագիրը, որ ստորագրեցին Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Անատոլի Սերդյուկովը, տարածվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքի վրա, որը համաշխարհային հանրության, այդ թվում Ռուսաստանի, ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի կողմից ճանաչված է: Իսկ Ղարաբաղը Հայաստանի սահմաններից դուրս է, այսինքն, այս պայմանագիրը որեւէ կերպ չի առնչվում Ղարաբաղին, դրա համար էլ Ադրբեջանն այժմ իրեն նման կերպ է պահում եւ ագրեսիվ գործողություններ է իրականացնում ցամաքում: Երբ Ադրբեջանը Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ գործողություններ է պլանավորում, ինչ-որ տեղ միգուցե մտածում է, որ կարող է նաեւ Հայաստանի սահմանների վրա հարձակվել, օրինակ Մեղրիի, Կրասնոսելսկի, Նոյեմբերյանի շրջանների վրա: Այժմ, անշուշտ, ադրբեջանցիների համար դա անիրական է, որովհետեւ Ռուսաստանը հայտարարեց, որ կպաշտպանի Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությունը:



Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղին, այնպես է ստացվում, որ Ղարաբաղը պետք է ինքնուրույն պաշտպանվի, բնականաբար, Հայաստանը պետք է աջակցի նրան: Ես ուզում եմ ասել, որ Ադրբեջանի կողմից վերջին պրովոկացիայի նման պրովոկացիաներ միշտ էլ եղել են, եւ մեր կողմից դրանք համարժեք վերաբերմունքի չեն արժանացել:



Շատ լավ է, որ այսօր ԶԼՄ-ները լայնորեն անդրադառնում են դրան, բայց գոյություն ունի նաեւ արտաքին գործերի նախարարություն: Ցավոք, չգիտեմ, թե ով կարող է տալ այն գնահատականը, թե ինչպես է այն աշխատում, բայց մենք՝ Հայաստանի հասարակ քաղաքացիներս, արդյունք չենք տեսնում: Համաշխարհային հանրությունը պետք է իմանա, որ Ադրբեջանը կրկին ավանտյուրայի է գնում: Որեւէ լուրջ բան դրա մեջ իհարկե չկա, դա ընդամենը ավանտյուրա է, բայց արտգործնախարարությունը պետք է համաշխարհային հանրությանը ցույց տա այդ ագրեսիան: Ամբողջ հարցն այն  է, որ Ադրբեջանն ուզում է ցույց տալ, թե ինքն ուժեղ պետություն է եւ ի վիճակի է "ազատագրել" Ղարաբաղը: Իրականում, սակայն, դա այդպես չէ:



Իրականում Ադրբեջանը տնտեսապես հզոր, բայց միեւնույն ժամանակ ներքին խնդիրներ ունեցող բազմազգ երկիր է, որի էթնիկական, կրոնական ու լեզվական տարբերությունները գնալով ավելի ակնհայտ են դառնում եւ ազգային փոքրամասնություններն ուզում են իրենց պատմությունն ու մշակույթն իմանալ: Այս երկրի գնահատականը ԱՄՆ-ի ԿՀՎ-ն էր տվել՝ նշելով, որ 10 տարի հետո այնտեղ էթնիկ հողի վրա խնդիրներ կառաջանան:  Այս պայմաններում Ալիեւին ոչինչ չի մնում, քան նման գործելաոճով ցույց տալ, որ Ադրբեջանը հզոր պետություն է: Հայաստանի կողմից այս ամենին, իհարկե, համարժեք պատասխան պետք է տրվի:



Մենք մի շարք բացթողումներ ենք թույլ տվել, եւ այդ բացթողումները պաշտպանության  նախարարը հաշվի է առնում: Մենք պետք է ոչ միայն համարժեք արձագանքենք, այլ ընդհակառակը՝ այնպես արձագանքենք, որ նման գործողությունների կրկնության ցանկություն Ադրբեջանը չունենա: Չի կարելի պասիվ լինել, պետք է համարժեք պատասխանել: Կարծում եմ, որ վերջին ավանտյուրան ցույց տվեց մեր զինված ուժերի պատրաստվածությունը:



Արկադի ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Արցախյան ազատամարտի հերոս,

գեներալ-մայոր