Բաղդադը քանդելու համար 7 տարի պահանջվեց

Բաղդադը քանդելու համար 7 տարի պահանջվեց
ԱՄՆ զորքերը դուրս են գալիս Իրաքից: Այս որոշումը կայացրել է Բարաք Օբաման, հայտարարելով, որ այլեւս Իրաքի ժողովուրդը կարող է ինքը տնօրինել իր ապագան: Բաղդադը խաղաղ, ծաղկուն քաղաք էր, երբ Օբամայի իրավանախորդը՝ Ջորջ W Բուշը որոշեց, որ Սադամ Հուսեյնն այլեւս իր ռազմավարական գործընկերը չէ, ու, ինչպես Հայաստանի դատավորներն ու դատախազներն են սիրում ասել, "գտավ", որ Իրաքում համայն աշխարհին սպառնացող միջուկային զենք կա, ու այդ զենքը պետք է չեզոքացնել: ԱՄՆ-ն շոուի երկիր է ու այդ մշակույթի ոճով էլ իրականացնում է ցանկացած գործընթաց, նախագահի ընտրարշավից մինչեւ հասարակ քաղաքացիների անձնական կյանքը հանրային քննարկման ներկայացնելը՝ "Ռեալիթի շոու":



Իրաքը գետնին հավասարեցնելու եւ երկրի նավթային պաշարներն իր վերահսկողության տակ վերցնելու նպատակ հետապնդող գաղափարն իրականացնելու համար  անհրաժեշտ էին "ծանրակշիռ հիմքեր", ու այդ հիմքերն ապահովեց ԿՀՎ-ն: Այդ կառույցը ներկայացրեց տեղեկանք այն մասին, որ Իրաքում կա զանգվածային ոչնչացման համար նախատեսված զենք: Հետագայում նման զենքի ակնարկ անգամ չգտնվեց Իրաքում, բայց դա էական չպիտի լիներ Բաղդադը ռմբահարելու համար: Զենքի մասին ԿՀՎ-ի տեղեկությունը լրացուցիչ սարսափներով հարստացրեց ռուսական հետախուզությունը, որը նույնպես "գտավ", որ Իրաքի ռազմական ուժերը պատրաստում են տեռորիստական ակտեր ԱՄՆ-ի դեմ, ու սեպտեմբերի 11-ին Միջազգային առեւտրի կենտրոնի պայթեցման դեպքը կապեցին նրանց հետ:



Հիշեցնենք, որ Իրաքում մահացու զենքի առկայության մասին ԿՀՎ տեղեկությունը չտրամադրվեց ԱՄՆ Կոնգրեսին  եւ չհասարակայնացվեց:  2003-ի փետրվարի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ հրավիրված նիստում իրեն կոտորում էր, փորձելով ապացուցել, որ Իրաքում վտանգավոր զենք կա, ու անհրաժեշտ է միջամտել: Մեկ տարի անց Փաուելը խոստովանեց, որ սխալվել է, եւ ասաց, որ իր ներկայացրած "ապացույցներն" իրականում կեղծված են եղել: Բայց Իրաքն արդեն վառվում էր կրակների մեջ:



Հիշեցնենք նաեւ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այդպես էլ չտվեց իր համաձայնությունը Իրաքի դեմ ուժ կիրառելու համար, ու Բուշը գործեց ինքնակամ: Մինչ ԱՄՆ զինված ուժերը պատրաստվում էին ռմբակոծել Իրաքը, միջազգային հանրությունը հանդես եկավ հուժկու հանրահավաքներով՝ ընդդեմ Բուշի որոշման: Ֆրանսիայի արտգործնախարար Դոմինիկ դը Վիլպենը հայտարարեց, որ Իրաք զորք մտցնելն ամենաանհաջող որոշումն է: Միաժամանակ՝ 2003 թվականի հունվարի 3-ից մինչեւ ապրիլի 12-ը աշխարհի շատ երկրներում (Հայաստանը դրանց մեջ չի մտնում՝ Գ. Ա.) քաղաքակիրթ հասարակությունը ցույցեր էր անում Բուշի որոշման դեմ:



Այդ ցույցերին մասնակցել է ավելի քան 36 միլիոն մարդ: Տեղի են ունեցել ավելի քան 3 հազար հանրահավաքներ: Ամենախոշորը եղավ 2003-ի փետրվարի 15-ին՝ Լոնդոնում, որին մասնակցում էր մոտ երկու միլիոն մարդ: Բրիտանական մամուլը վարչապետ Բլերին մեղադրեց Իրաքի պատերազմին կողմ արտահայտվելու համար եւ նրան անվանեց Բուշի գրպանի շնիկը: Նրա վարկանիշն ընկավ, եւ բրիտանացիների 62 %-ը հայտարարեց, որ այլեւս չի ընտրի Բլերին: Թեպետ այդպես էլ եղավ, բայց Բլերն այդ օրերին սատարեց Բուշին, իսկ Բուշը սկսեց շոուն՝ մարտի 20-ին:



Աշխարհի բոլոր խոշոր հեռուստաընկերություններն այդ օրը հոգ տարան, որ միջազգային հանրությունը Իրաքի ռմբակոծությունը դիտի ուղիղ եթերում: Հայաստանի "հասարակությունը" նույնպես ուներ այդ հնարավորությունը: Մամուլը, հղումներ անելով արտասահմանցի իր գործընկերներին, արձանագրում էր միայն փաստեր, իսկ Քոչարյանի ձեռամբ ամայացած քաղաքական դաշտում մարդ չգտնվեց, որ որեւէ կարծիք հայտնի այդ զարհուրելի պատերազմի մասին: Հայաստանում ռեժիմ էր, ու մարդիկ ապրում էին "Որտեղ հաց, այնտեղ կաց" սկզբունքով, որն ամենակենսունակն է այսօր էլ: