Ֆուտբոլային դիվանագիտության քննադատությունը «մինի» ֆուտբոլի դահլիճում

Ֆուտբոլային դիվանագիտության քննադատությունը «մինի» ֆուտբոլի դահլիճում
Արցախի անկախության 17-ամյակին նվիրված Դաշնակցության երեկվա հանրահավաք-տոնակատարությունը կայացավ Հանրապետական մարզադաշտի հարեւանությամբ գտնվող "Դինամո" մարզադահլիում: Թեեւ տոնը համազգային է, Դաշնակցությունն այն նշում էր առանձին, փակ դահլիճում, հավանաբար այն պատճառով, որ "ազգային" խնդիրները եւ տոները չէին ուզում կիսած լինել մյուսների հետ:  Միջոցառմանը երեւանցի դաշնակցականներին միացել էին շրջաններից ժամանած դաշնակցականները: Հանրահավաք-տոնակատարությանը եկած դաշնակցականներն արտաքնապես չէին տարբերվում այլ կուսակցությունների անդամներից եւ կարող էին տալ մեր բազմաշերտ հասարակության պատկերը, թերեւս մի տարբերությամբ: Մեր դիտարկմամբ՝  դաշնակցականների մեջ հայ հայդուկների նմանությամբ բեղ-մորուք ունեցողների թիվն ավելի մեծ տոկոս էր կազմում: Կային եւ արեւախանձ դեմքերով գյուղացիներ, եւ ջիպերից իջնող՝ ոսկե շղթա գցած հաստավիզ տղաներ, եւ "քյարթու" եւ "ջակի-ջուկի" երիտասարդներ, մի խոսքով՝ մեր ժողովուրդն էր, մեր մարդիկ:



ՁԵՌՔՍԵՂՄՈՒՄՆԵՐ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ



Դաշնակցական առաջնորդներից մի քանիսը ճեպազրույցներ էին ունենում լրագրողների հետ: Մարդիկ խմբերով կանգնած զրուցում էին: Շարքային դաշնակցականները մոտենում էին դաշնակցական առաջնորդներին ու սեղմում նրանց ձեռքերը: Առաջնորդները մարդամոտ էին ու սիրալիր: Ներսում լուսանկարների ցուցահանդես էր: Լուսանկարների մեծ մասը Արցախյան պատերազմի ժամանակ արված լուսանկարներ էին, նաեւ ազատագրված տարածքները պատկերող լուսանկարներ: Ցուցատախտակների վրա, լուսանկարների վերեւում "Արյունով հող պահածները" եւ "Արյունով պահված հողերը" գրություններով թղթեր կային փակցված: Հատկապես ազդեցիկ էր "Արյունով պահված հողեր" խորագրի տակ փակցված մի նկար, որտեղ հայրենի ազատագրված հողերի լայնարձակ կանաչ դաշտում խաղաղ որոճում էր հայրենի կովերի նախիրը: Դա արդեն կոնցեպտուալ  արվեստի նմուշ էր:



ԵԼՈՒՅԹՆԵՐ



Հանրահավաք-համերգը վարում էր "Երկիր մեդիա" հեռուստաընկերության լրատվականի ղեկավար Գեղամ Մանուկյանը: Նա իր խոսքը սկսեց նրանով, որ մեկ տարի առաջ իրենք "ոչ" էին ասում հայ-թուրքական համաձայնագրին, եւ կոչ արեց մեկ անգամ եւս միասնաբար "ոչ" ասել: Շոգ, չօդափոխվող դահլիճում նստածների մի փոքր մասը միայն արձագանքեց նրա "ոչ"-ին: "Այն "ոչ"-ը, որ մի տարի առաջ հնչեց, "ոչ" է հանունի համար, "ոչ" է հանուն մեր ժողովրդի",-ասաց պարոն Մանուկյանը, ապա այդ թեման մի քիչ էլ զարգացնելով՝ բեմ հրավիրեց Լեւոն Մկրտչյանին: "Այսօր հաճախ մեզ սպառնում են պատերազմով, հաճախ մեզ սպառնում են միջազգային բարդ գործընթացներով, բայց ես ձեզ վստահեցնում եմ՝ երբ գա պահը, Ադրբեջանը նորից կճաշակի պարտության դառնությունը, որովհետեւ, սիրելի բարեկամներ, հայ ժողովուրդը պաշտպանում է իր հայրենիքը",-ասաց պարոն Մկրտչյանն իր խոսքում:



Այդ պահին ակամա նրան պատկերացրինք "Կալաշնիկովը" ձեռքին թշնամու վրա գրոհելիս, եւ, անկեղծ ասած՝ դա մեզ մոտ ժպիտ առաջացրեց: "Պատմությունը, երբ հարյուրամյակներ հետո թերթում է իր էջերը, մոռացվում են սոցիալական դժվարությունները, մի չափանիշ կա` հողը պահպանվա՞ծ է, պետականությունը պահպանվա՞ծ է, թե՞ չէ",-եզրակացրեց պարոն Մկրտչյանը, ինչից կարելի է եզրակացնել, որ նա սոցիալական խնդիրներ չունի: Պարոն Մկրտչյանը մոռացավ, որ էս կյանքը մարդուն մի անգամ է տրվում, նաեւ մոռացավ, որ դարասկզբին Դաշնակցությունը ոչ հող պահպանեց, ոչ պետականություն, ոչ ժողովուրդ: "Մեր ժողովուրդը երկու կարեւոր ենթահարց ունի, որտեղ միասնական ենք՝ անկախ կուսակցական, սոցիալական եւ այլ տարբերություններից: Մեկը դա մեր ազգային գաղափարախոսությունն է՝ ցեղասպանության խնդիրը, երկրորդը դա Արցախի անկախության միջազգային ճանաչումն է",-նշեց նախկին ԿԳ նախարարը:



Լեւոն Մկրտչյանից հետո ելույթ ունեցավ Արմեն Ռուստամյանը, որի ելույթն ավելի կրակոտ ու բոցաշունչ էր: Առանց "Հանրապետական" եւ "Սերժ Սարգսյան" անունները տալու, պարոն Ռուստամյանն իր ելույթում նշեց, որ այն, ինչ իրենք մեկ տարի առաջ էին ասում, այսօր նույնը ասում են իրենց ընդդիմախոսները: Որ մեր իշխանությանը մեկ տարի պետք եղավ, որպեսզի հասկանան՝ թուրքը մնում է թուրք: "Մենք պարզ հարց ենք տալիս մեր  իշխանություններին,-ասաց պարոն Ռուստամյանը ու հարցրեց:-Եթե ղարաբաղյան հարցի հետ պիտի կապվեր սահմանի բացումը, էլ էդ արձանագրությունների ստորագրման իմաստը ո՞րն էր: Միեւնույն է, եթե Ղարաբաղի հարցը լուծվեր, էդ սահմանները բացվելու էին, հո փակ չէի՞ն մնալու":



Պարոն Ռուստամյանը նաեւ նշեց, որ չի կարելի մտածել, թե ազգային շահերն ու նպատակները զիջելով կարելի է զարգանալ: Նաեւ չմոռացավ մի քիչ ցեխ նետել ՀՀՇ-ի վրա: Ելույթի վերջում քրտինքը հոսում էր պարոն Ռուստամյանի դեմքով, եւ նա չէր հասցնում թաշկինակով մաքրել այն: Այ այդքան եռանդ ու էներգիա էր դրել նա իր ելույթի մեջ, թերեւս քրտնարտադրությանը մեծ չափով նպաստում էր նաեւ շոգ, չօդափոխվող դահլիճը: Ակամա մտածում ես՝ մի ազատ հրապարակ չէ՞ր ճարվել, որ "Հոյիդան" էդ տոթ դահլիճում էր իր հանրահավաք-համերգը անցկացնում, թե՞ պարտադիր պետք է առանձնանային ու հանրապետական նախագահի ֆուտբոլային դիվանագիտությունը "մինի" ֆուտբոլի փակ մարզադահլիճում քննադատեին: Գուցե մտածել են, որ Արցախի անկախության օրը չարժե հրապարակավ քննադատել, իսկ մարզադահլիճի պատերը կխլացնեն իշխանության հասցեին հնչող քննադատության ձայնը: Ելույթներից հետո սկսվեց միջոցառման համերգային մասը: