Դիլիջանցիները սիրում են ռուսաց լեզուն

Դիլիջանցիները սիրում են ռուսաց լեզուն
Սեպտեմբերի 2-ին Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում տեղի ունեցավ դպրոցի հանդիսավոր բացման արարողություն: Ներկա էր նաեւ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Արարողության ավարտից հետո, երբ հյուրերը պատրաստվում էին հեռանալ, մի խումբ բնակիչներ մոտեցան փոխնախարարին եւ սկսեցին վիճաբանել: Պարզվեց՝ Դիլիջան քաղաքի մի խումբ բնակիչներ, իմանալով փոխնախարարի Լոռու մարզ այցի մասին, որոշել էին գալ եւ տեղում ստանալ իրենց հարցերի պատասխանը, որ "փախնելու տեղ չունենա": Բնակիչների դժգոհությունը կապված էր Դիլիջանի թիվ 2 ռուսական դպրոցից երեխաներին այլ՝ ավագ դպրոց տեղափոխելու հետ:



Դիլիջանի բնակիչ Գոհար Սարգսյանն ասում էր. "Մեր երեխաները սովորում են 9-րդ դասարանում, հիմա փոխադրվել են 10-րդ դասարան, մեզ պարտադրում են, որ երեխաներին տանենք ավագ դպրոց, որտեղ ուսուցումը տարվելու է հայերեն լեզվով, բայց քանի որ երեխաները 8-9 տարի սովորել են ռուսերեն լեզվով, բնականաբար, դժվար է նրանց համար, պրակտիչեսկի դա անհնար է: Դիմել ենք մի տարի առաջ թե մինիստրություն, թե պասոլստվա, մեզ խոստացվել էր, որ այդ հարցը կքննարկվի: Մի շաբաթ առաջ իմացել ենք, որ երեխաներին տեղափոխում են առաջին դպրոց, որտեղ բոլոր մանկավարժները հայկական կրթության են: Մեր դպրոցը 115 տարեկան է, հիմնվել է ռուսական համայնքի կողմից, ինչի՞ են փակում":



Դիլիջանցիների հետ Ֆիոլետովո  էր եկել նաեւ ռուսական համայնքի մի բնակիչ՝ Ալեքսանդր Միխայլովը, որը նույնպես իր դժգոհությունն էր հայտնում "կեղծ հայ-ռուսական բարեկամության" մասին. "Ռուսներին տանում են հայկական դպրոց, նրանք ո՞նց կարան սովորեն, երբ ռուսականում են սովորել, դա էլ այն դեպքում, որ տելեվիզրով ամեն օր խոսում են ռուս-հայկական բարեկամության մասին: Միթե մենք այդքան վատն ենք, որ մեր լեզուն չի կարելի սովորեցնել: Թուրքերեն ու ֆրանսերեն կարան սովորեցնեն, բայց ռուսերեն չէ՞": Փոխնախարարը դիլիջանցիներին պատասխանում էր. "Ես ոչինչ չեմ կարող անել, ես պետք է գնամ-ասեմ` այսպիսի պատմություն կա":



"Ես 2 տարի է, ինչ փոխնախարար եմ, էդ օրենքն ընդունել են 15 տարի առաջ, էն ժամանակ կանգնեիք-ասեիք՝ գդե դեմոկրատիա": Մեզ հետ զրույցում ԿԳ փոխնախարարն ասաց. "Նման դեպքերում ամեն մի ծնող կարծում է անձամբ ինքը տուժեց, բայց ամբողջ Հայաստանով ա էդ պատմությունը, քանի որ, հանրակրթության նոր օրենքի համաձայն, դպրոցները պետք է լինեն կամ հիմնական՝ մինչեւ 9-րդ դասարան, կամ ավագ` 10, 11, 12: Լավ ու շատ լուրջ ծրագիր է, եւ մեծ սպասելիքներ ունենք դրանից, բայց էդ անցման ժամանակ որ 9-ից անցնում են ավագ դպրոց, մարդիկ ուզում են ավարտեն էն դպրոցը, որտեղ էն գլխից ընդունվել են, մի խոսքով՝ պրոբլեմներ են ծագում":



Ինչ վերաբերում է Դիլիջանից ժամանածների բողոքին, ապա՝ "Այս դեպքն առանձնահատուկ է, մենք թույլ ենք տվել ավագ դպրոցում ունենալ ռուսերեն դասարան, բայց իրենք անհանգստացած են, որ ռուսական դասարան կլինի, բայց իրենց դասատուները չեն դասավանդելու: Ինձ թվում ա, որ իրենք  մտածում են, որ էդ պրոբլեմը չի լուծվի: Ես գտնվել եմ Տավուշում՝ 27-ին, հարցը լուծված ա. թույլ ենք տալիս ավագ դպրոցում առանձին ռուսերեն դասարան լինի: Իրենք շատ բան են ուզում, պայմաններ կա, իրենց չի բավարարում":



Էդվարդ ԱՐԶՈւՄԱՆՅԱՆ