Բուդդայապաշտ նժդեհիստը

Բուդդայապաշտ նժդեհիստը
Մեկ ամիս առաջ թերթերը գրեցին Ռուբեն Հախվերդյանի՝ թուրքական "Հուրիեթին" տված հարցազրույցի մասին, որտեղ երգիչն ասել էր, թե հայերը թուրքերից երաժշտություն են գողանում։ Հեռախոսազանգերի տարափ սկսվեց, բոլորը փորձում էին իմանալ երգչից՝ նման բան ասե՞լ է եւ ո՞ր երգն է նկատի ունեցել այդ ասելիս։ Հարցազրույցից արված մեջբերումից, սակայն, պարզ էր, որ երգիչը նկատի չունի կոնկրետ երգ եւ պարզապես բազմիցս հրապարակավ արտահայտած իր մտորումները կիսել է այս անգամ թուրքական լրատվամիջոցի հետ։ Այդ կապակցությամբ երեկ "Հայելի" ակումբում հրավիրված ասուլիսին Ռուբեն Հախվերդյանն ասաց. "Երեկոյան գնացեք Զանգվի ձոր, նույնիսկ կենդանիներն են փախչում ոռնոցից, որովհետեւ ռեստորաններից թուրքաբարո ասեմ, թե թրքաձեւ, համենայնդեպս՝ քարվանսարայի երաժշտություն է լսվում"։



"Հուրիեթը" գրել էր նաեւ, որ Ռուբեն Հախվերդյանը պայմանագիր է կնքել թուրքական պրոդյուսերական կենտրոնի հետ եւ համաձայնություն տվել, որ իր երգերը թարգմանվեն ու երգվեն թուրքերեն։ Այդ տեղեկությունը Ռուբեն Հախվերդյանը հերքեց. "Բացահայտ սուտ է, որեւէ պաշտոնական հարցում չի եղել, բայց եթե խնդրեին, ես չէի արգելի, ի՞նչ կա դրա մեջ։ Եթե իմ երգերը երգում են սերբերեն, ֆրանսերեն, չեխերեն, ռուսներն էլ են երգում, ինչո՞ւ պիտի թուրքերը չերգեն, արդյոք դա կապ ունի՞ գենոցիդի հարցի հետ։ Հարսանիքի տեղը պիտի հարսանիք անենք, պատերազմի տեղը՝ պատերազմ, քելեխի տեղը քելեխավարի պահենք մեզ"։



Երգիչը դժգոհեց այն շիլաշփոթից, որ ստեղծվել է հայրենասիրության մասին պատկերացումներում, եւ այդ հարցում մեղադրեց "պաշտոնական հայրենասերներին". "Առաջ կային, չէ՞, պաշտոնական հայրենասերներ։ Ինձ մեկն ասաց՝ Դուք շատ հայասեր մարդ եք, ասացի՝ չէ, ես հայ եմ։ Պատկերացնո՞ւմ եք՝ Գոգոլին ասեին՝ դու ռուսասեր մարդ ես, անընդհատ հայհոյել է ռուսներին։ Կամ Երվանդ Օտյանին ասեին՝ դու հայասեր ես, անընդհատ հայհոյել է հայ ժողովրդի տգիտությունը։ Ի՞նչ է նշանակում հայասեր կամ հայրենասեր, ես այդ բառը մինչեւ հիմա չեմ հասկանում, որովհետեւ դա մի քիչ պաս է տալիս ֆաշիզմին, որ պետք չէ..."։



Ֆաշիզմի անունը տալուն պես Ռուբեն Հախվերդյանը մտաբերեց Նժդեհին ու Հանրապետական կուսակցությունը, որն այսօր իշխանության է, եւ անմիջապես հավելեց. "Ի դեպ, ասեմ, ես նժդեհիստ եմ, որը ոչ մի կապ չունի ֆաշիզմի հետ, նա մեր գենետիկ կոդի մասին է խոսում՝ նայած թե որ թեքությամբ նայես"։ Ռուբեն Հախվերդյանը չմանրամասնեց, թե ինչ է նշանակում գենետիկ կոդ, եւ թե որ թեքությամբ է ինքը նայել Նժդեհին։ Նա նաեւ չասաց, թե ում նկատի ունի "պաշտոնական հայրենասեր" անվանելով՝ հավանաբար ենթադրելով, որ մենք գլխի կընկնենք։



Դատելով նրանից, որ երգիչը նրանց մասին անցյալ ժամանակով էր խոսում, կարելի է մտածել, որ դրանք նրա "հին ընկերներն" էին։ Օտյանի հիշատակումն էլ պատահական չէր։ Ասուլիսին առհասարակ անմիջապես երեւում էր, որ Դաշնակցությունն այլեւս իշխանության մաս չի կազմում, որ իշխանությունն այսօր պատկանում է հանրապետականներին, եւ որ պաշտոնական մակարդակով է իրականացվում հանրության մեջ թրքատյացությունը հաղթահարելու ծրագիրը։ Այդ ծրագրի շրջանակներում Հախվերդյանը հիշեց Օրհան Փամուկին եւ Հրանտ Դինքին ու թե քանի հազար թուրք էր վերջինիս մահից հետո հայտարարել, որ ինքը հայ է։ Նա ասաց, որ 1000 տգետ հայի չի փոխի մի կիրթ թուրքի հետ, եւ կարեւորը ազգությունը չէ, այլ մակարդակը։



Դաշնակցության հին ընկերը փորձում էր տպավորություն ստեղծել, որ զերծ է նեղ-ազգայնական մտայնություններից, բայց իր չհավանած երեւույթներին տալիս էր "թրքաբարո", "թրքաձեւ" որակումները, որ հավանաբար մնացել էին նրա բառապաշարում հին ընկերակցությունից։ "Կառավարական շրջանակներում էլ կան մարդիկ, որոնք այդ նույն թրքաբարո ձեւով են ապրում, ենթադրում եմ, որ այդ ձեւով են ապրում, որովհետեւ այդ տեսակի երգեր լսում են եւ ինչ"որ ձեւով դրա դեմը չեն առնում"," ասաց Ռուբեն Հախվերդյանը՝ ձեռի հետ փորձելով պահպանել անվախ քննադատողի կեցվածքը, որ չի վախենում մի երկու խոսք էլ կառավարության հասցեին շպրտել։



Երգիչը շատ էր օգտագործում "ֆաշիզմ" բառը՝ բացասական իմաստով, երբեմն շփոթելով այն ազգայնականության հետ, սակայն նրա արտահայտած մտքերը հաճախ բխում էին հենց ֆաշիստական պատկերացումներից. նա բարձր եւ ցածր կարգերի է բաժանում կիրթ ու անկիրթ մարդկանց, քաղաքացիներին ու գյուղացիներին, ""Բիթլզի" վրա մեծացածներին" ու "քիթ"կոկորդ"ականջ-եղունգավորներին"։ Դաշնակցության հին ընկերոջ նոր պատկերացումներում ակնհայտ էր որոշակի շիլաշփոթ, որ իշխանության մեջ տեղի ունեցած փոփոխությունների ու մեր "խառը" ժամանակների  հետեւանքն է: "Հազար հատ՝ էլ Եհովայի վկաներ, էլ Աստծո խոսքը, ինչ ասես չբերեցին մեր գլխին։ Նույնը մահմեդականությունը։ Իմ կարծիքով՝ միայն մեծ Բուդդան է, որ կարծեմ թե բուդդայական տարբեր ուղղությունների մեջ տարաձայնություններ չկան, որովհետեւ ես, ճիշտն ասած, բուդդայապաշտ եմ"," ասաց Ռուբեն Հախվերդյանը՝ երեւի հույս ունենալով զարմացնել։ Բայց նրա խոստովանությունը ամենեւին զարմանք չի հարուցում, արեւմտյան աշխարհում կողմնորոշիչները կորցրած, պատասխանատվության զգացում ու սկզբունքներ չունեցող շատ մարդկանց համար է Բուդդան դառնում ապաստան։



Երգիչը բողոքեց Հայկոյից ու մյուս երգիչներից, որ աղավաղում են իր երգերը եւ փոխում բառերը, այն դեպքում, երբ բառերը նրա երգերում ամենակարեւորն են։ Խոսք գնաց նաեւ Ձախ Հարութից, որի հետ երգիչը համագործակցել է եւ չի կարող վատ արտահայտվել, քանի որ իր ընկերն է համարում։ Ռուբեն Հախվերդյանը չմոռացավ նաեւ սփյուռքի իր լսարանի մասին եւ ասաց. "Մենք իրոք ունեցել ենք կուլտուրա, բայց այդ կուլտուրան եղել է արեւմտահայերեն։ Արեւելահայաստանում ապրել է խալխ, եւ, իմ կարծիքով մեծագույն գրողներ Վահե Օշականը, Հակոբ Մնձուրին, Օտյանը, Պարոնյանը... Հանճարներ տվել ենք այնտեղ՝ Պոլսում, Վանում, Մուշում, նրանք բոլորը արեւմտահայեր են"։